Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախաձեռնությամբ սեպտեմբերի 23–24-ը կայացավ ամենամյա բանկային միջազգային ֆորումը, որն այս տարի անցկացվեց «Բանկային համակարգի ապագան. նորարարություններ և զարգացման հեռանկարներ» խորագրի ներքո։
Բանկային Ֆորում 2025-ը բացառիկ էր ոչ միայն մասնակիցների թվով, այլև քննարկվող թեմաների լայն շրջանակով։
Իրենց ներկայությամբ ֆորումն այս տարի պատվեցին ՀԲՄ միջազգային գործընկերները, մասնավորապես՝ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ավստրիայից, Գերմանիայից, Լյուքսեմբուրգից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Լեհաստանից, Հունաստանից և Վրաստանից։
Ֆորումը համախմբեց 15 երկրների շուրջ 500 մասնակիցների՝ Հայաստանի և միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչներին, քննարկելու թվայնացման, կիբերանվտանգության, ռիսկերի կառավարման, ֆինանսական ծառայությունների ժամանակակից ստանդարտների ներդրման հետ կապված հարցերը, ինչպես նաև բանկային համակարգի ապագայի տեսլականը։
Կարդացեք նաև
ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանն իր ելույթում համոզմունք հայտնեց, որ երկօրյա համաժողովը հնարավորություն կտա ուսումնասիրելու ոլորտի առջև կանգնած մարտահրավերները, գտնելու նորարարական լուծումներ, որոնք կնպաստեն համակարգի կայուն զարգացմանը:
«Մեր համատեղ աշխատանքի, քննարկումների և համագործակցության առանցքում կանգնած է մեկ կարևոր նպատակ՝ հանրությանը մատուցվող ֆինանսական ծառայությունները դարձնել ավելի որակյալ և հասանելի։ Մեր համոզմամբ դա հնարավոր է իրականացնել միայն երկխոսությամբ ու միջազգային լավագույն ստանդարտների ներդրմամբ։ Միայն այդ ճանապարհով կարող ենք ապահովել հանրային վստահության աճը ֆինանսական համակարգի նկատմամբ»,-նշել է ՀԲՄ նախագահը։
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն իր խոսքում շեշտադրեց համաշխարհային ու տարածաշրջանային ֆինանսական համագործակցության խորացման և կայուն զարգացման կարևորությունը։
«Այսօր, բանկային համակարգի զարգացման օրակարգն առավել քան երբևէ ձևավորվում է արագ փոփոխվող միջավայրի նոր պահանջներով։ Օրեցօր աճող տնտեսաքաղաքական անորոշությունները, թվային փոխակերպումը, և դրանից բխող ռիսկերի կառավարման աճող կարևորությունը մեզ պարտադրում են լինել ավելի զգոն, բայց միևնույն ժամանակ ճկուն և նորարար։ Այս համատեքստում ֆորումը դառնում է այն հարթակը, որտեղ մենք կարող ենք միասին գտնել լուծումներ և ձևավորել զարգացման օրակարգ»,-ընդգծել է ԿԲ նախագահը։
Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բանկային ասոցիացիայի (BACEE) գլխավոր քարտուղար Իստվան Լենգյելի փոխանցմամբ Հայաստանի բանկային համակարգը պատշաճ կերպով է ներկայացված միջազգային շուկայում։
«Բանկերը կարևորագույն դեր են ունենում յուրաքանչյուր երկրի տնտեսական առաջընթացում և կայունության ապահովման գործում։ Նման ձևաչափով կազմակերպվող համաժողովները հնարավորություն են տալիս միասին քննարկելու և գտնելու արդյունավետ լուծումներ»,-նշել է BACEE-ի գլխավոր քարտուղարը։
Հավելենք, որ ՀԲՄ 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում անցկացվող Բանկային ֆորումն իրականացվեց Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի Բանկերի Ասոցիացիայի և ՀՀ կենտրոնական բանկի հետ համատեղ։
Բանկային ֆորում 2025-ի շրջանակում կայացավ նաև «Հայաստանի նոր իրականությունը որպես տնտեսական շոկ» թեմայով պանելային քննարկումը։
Քննարկումը վարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, բանախոսների կազմում էին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՀՀ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը, Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն և համահիմնադիր Հայկ Եսայանը, ինչպես նաև Հայաստանի Ամերիկյան համալսարանի Մանուկեան Սիմոն գործարարության և տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Վաչե Գաբրիելյանը։
Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանի տնտեսության ներկայիս վիճակին՝ դիտարկելով գլոբալ ու տարածաշրջանային փոփոխությունների ազդեցությունը։ Բանախոսները ներկայացրեցին իրենց տեսլականը տնտեսության առջև կանգնած նոր մարտահրավերների, դրանցից բխող ռիսկերի, ինչպես նաև հնարավորությունների վերաբերյալ։
Մամուլի հաղորդագրություն