Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը հլու-հնազանդ կատարում է Ադրբեջանի պահանջը եւ կրճատում Հայաստանի ռազմական բյուջեն»․ Արթուր Խաչատրյան

Սեպտեմբեր 25,2025 17:51

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց 2026 թվականի բյուջեի նախագիծը։ 2026 թվականի համար կառավարությունը պաշտպանության ոլորտի ծախսերը նախատեսում է կրճատել մոտ 100 մլրդ դրամով․ եթե այս տարի պաշտպանության ոլորտի ծախսերի համար բյուջեով հատկացված է 664.6 մլրդ դրամ, ապա 2026–ին այդ հատկացումը  կկազմի 563․1 մլրդ դրամ։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հաջորդ տարվա համար պաշտպանական ծախսերի ավելացում նախատեսված չէ։

«Նիկոլ Փաշինյանը հանրությանը մոտ մեկ ամիս առաջ արդեն սկսել էր նախապատրաստել, որ ռազմական բյուջեն աճ չի ունենալու։ Սակայն, մենք ոչ միայն աճ չունենք, այլ նաեւ տեսնում ենք ռազմական բյուջեի կրճատում։ Իհարկե, Նիկոլ Փաշինյանը դա ներկայացնում է այնպես, որ անցյալ տարի ավելի շատ ձեռքբերումներ ենք ունեցել, դրա համար այլեւս լրացուցիչ ծախսերի կարիք չունենք, բայց իրականությունն այն է, որ Ադրբեջանը դեռեւս մի քանի տարի առաջ պահանջել է Հայաստանի իշխանություններից ռազմական պոտենցիալը չավելացնել ու չվերականգնել։ Հիմա Փաշինյանը հլու-հնազանդ կատարում է Ադրբեջանի պահանջը, բայց փաթեթավորում է, թե դա Հայաստանի շահերից է բխում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նա նկատում է, որ այս տարածաշրջանում բոլոր երկրները մեծացնում են իրենց ռազմական ներուժը, իսկ Հայաստանի թշնամին՝ Ադրբեջանը, սպառնում է Հայաստանին, պայմաններ է դնում Հայաստանի առաջ, չի թաքցնում, որ պատրաստ է գնալ ռազմական լուծումների, եթե Հայաստանը չգնա զիջումների։ Եվ, ահա, այս պայմաններում ՀՀ կառավարությունը նվազեցնում է ռազմական ծախսերը։ «Ես չեմ ասում՝ ռազմական ծախսերդ մեծացրու, կռիվ սկսիր, ես ասում եմ՝ եթե երկիրը չունի մարտունակ բանակ՝ հակազդելու հավանական հակառակորդի հարձակմանը եւ չունի գործընկերներ ու դաշնակիցներ՝ ավելի հզոր հակառակորդից պաշտպանվելու համար, ուրեմն պաշտպանունակ եւ կենսունակ պետություն չէ»,- ասաց Արթուր Խաչատրյանը։

Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանի ռազմական պոտենցիալը շատ ավելի մեծ է, իրենք շարունակում են զինվել ու չեն թաքցնում իրենց թշնամական նկրտումները ՀՀ նկատմամբ։ Այս պայմաններում Հայաստանը պետք է ունենա մարտունակ բանակ եւ ճկուն դիվանագիտություն։ «Դիվանագիտության ասպարեզում մենք որեւէ հաջողություն չենք տեսնում, իսկ մեր պաշտպանության բյուջեն նվազում է։ Ավելին ասեմ՝ դուք կհիշե՞ք, թե վերջին անգամ Հայաստանի զինված ուժերը երբ են մասնակցել զորավարժությունների։ Չկա այդ ամենը։ Այսինքն՝ եթե զորավարժությունների չես մասնակցում, եթե քո տեխնիկական պարկը չես նորացնում, ինչպե՞ս ես պատրաստվում պաշտպանել քո երկիրը»,- հավելեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930