Փարիզի դատարանը 5 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին՝ նրան մեղավոր ճանաչելով Լիբիայից ստացված միջոցներով 2007 թ․ իր նախընտրական քարոզարշավը ֆինանսավորելու սխեմայի շրջանակում հանցավոր համաձայնության մեջ։ Այս մասին հայտնում է «Associated Press»-ը:
Այս վճիռը, որը դեռևս ազդեցիկ պահպանողական առաջնորդը «խայտառակություն» անվանեց, դարձավ պատմական՝ Սարկոզին դարձնելով ժամանակակից Ֆրանսիայի առաջին նախկին նախագահը, որին իրական ազատազրկում է նշանակվել։
Դատարանը անակնկալ որոշեց, որ 70-ամյա Սարկոզին կձերբակալվի՝ չնայած բողոքարկելու նրա մտադրությանը․ բանտարկման օրը դեռ չի որոշվել, ինչը Ֆրանսիայի նախագահին փրկեց լեփլեցուն դահլիճից ձեռնաշղթայված դուրս բերվելու նվաստացումից։
«AP»-ն նշում է, որ դատարանը Սարկոզիին մեղավոր է ճանաչել 2005-2007 թթ․՝ ներքին գործերի նախարար եղած ժամանակ Լիբիայի միջոցներով նախագահական իր հաղթական նախընտրական քարոզարշավը ֆինանսավորելու և դրա դիմաց դիվանագիտական արտոնություններ տրամադրելու հանցավոր համաձայնության մեջ։ Նա արդարացվեց երեք այլ մեղադրանքներով՝ պասիվ կոռուպցիա, քարոզարշավի անօրինական ֆինանսավորում, պետական միջոցների յուրացման թաքցնում։
Կարդացեք նաև
Սարկոզին վճիռը երկրի համար նվաստացում որակեց
«Եթե նրանք ամեն կերպ ուզում են, որ ես բանտում քնեմ, ես կքնեմ բանտում։ Բայց գլուխս բարձր։ Ես անմեղ եմ։ Այս անարդարությունը խայտառակություն է»,– ասաց նա:
«Ֆրանսիացիներին խնդրում եմ՝ անկախ նրանից՝ իմ օգտին քվեարկե՞լ են, թե՝ ոչ, ինձ աջակցո՞ւմ են, թե՝ ոչ, հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել։ Ատելությունն իսկապես սահմաններ չունի», – հավելեց Սարկոզին։
«Ես ձեռնաշղթաներո՞վ պետք է Վերաքննիչ դատարան ներկայանամ։ Նրանք, ովքեր ինձ այսքան ատում են, կարծում են, թե դա ի՛նձ համար է նվաստացուցիչ։ Այսօր նրանք Ֆրանսիային նվաստացրին»,– հայտարարեց նախկին նախագահը:
Դատարանի նախագահող դատավոր Նատալի Գավարինոն Սարկոզիին դատապարտելիս ասաց․ «Հանցավոր համաձայնության նպատակը ընտրական քարոզարշավում Ձեզ առավելություն տալն էր և Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում կոռուպցիոն գործողություն նախապատրաստելը»։
«Փաստերը բացառիկորեն ծանր էին և կարող են խաթարել քաղաքացիների վստահությունը պետական հաստատությունների նկատմամբ», – հավելեց դատավորն՝ ընդգծելով, որ Սարկոզին ներքին գործերի նախարարի իր դիրքն օգտագործել է «ամենաբարձր մակարդակով կոռուպցիոն ակտ նախապատրաստելու համար»։
«Ինձ դատապարտում են այն բանի համար, որ իմ երկու աշխատակիցներին իբր թույլ եմ տվել առաջ տանել իմ քարոզարշավի ապօրինի ֆինանսավորման գաղափարը», – ասաց Ֆրանսիայի նախկին նախագահը։
Դատարանը Սարկոզիի ամենամոտ երկու գործընկերներին՝ նախկին նախարարներ Կլոդ Գեանին ու Բրիս Օրտեֆյոյին նույնպես մեղավոր ճանաչեց հանցավոր համաձայնության մեջ, սակայն արդարացրեց նրանց մի շարք այլ մեղադրանքներով։
Բրիս Օրտեֆյոն դատապարտվեց 2 տարվա ազատազրկման: Նա պատիժը կարող է կրել բանտից դուրս՝ էլեկտրոնային վերահսկման սարքով։
Կլոդ Գեանը 6 տարի ազատազրկման դատապարտվեց, սակայն առողջական խնդիրների պատճառով անմիջապես չկալանավորվեց։
Դատարանը հայտնեց, որ Գեանն ու Օրտեֆյոն 2005 թ․-ին գաղտնի հանդիպումներ են ունեցել Աբդուլլա ալ-Սենուսիի՝ լիբիացի նախկին ղեկավար Մուամար Քադաֆիի փեսայի հետ, որը նաև Լիբիայի հետախուզության ղեկավարն էր։
Հիշեցնենք՝ Քադաֆիին «գահընկեց արվեց» և սպանվեց 2011 թ․ ապստամբության ժամանակ՝ ավարտելով իր 4 տասնամյակ տևած իշխանությունը։
Ալ-Սենուսին համարվում է 1988թ.-ին Շոտլանդիայի Լոքերբի քաղաքի երկնքում Pan Am ինքնաթիռի, ինչպես նաև հաջորդ տարի Նիգերում ֆրանսիական օդանավի հարյուրավոր զոհերով պայթեցումների հիմնական կազմակերպիչը։ 2003թ.-ին Լիբիան ստանձնեց երկու պայթեցումների համար պատասխանատվությունը:
Փարիզի դատարանը այս կապերը բնորոշեց որպես «կոռուպցիայի պակտ»․ Սարկոզին և նրա թիմակիցների կողմից Լիբիային առաջարկած արտոնությունները ներառում էին Ալ-Սենուսիի դատական ճակատագրի շուրջ բանակցությունները, ինչպես նաև Լիբիայում միջուկային էներգետիկայի ֆինանսավորումը և Ֆրանսիայի շարունակական ջանքերը՝ Քադաֆիի օրոք Լիբիային մեկուսացված պետության կարգավիճակից ազատելու ուղղությամբ։
Երեք դատավորից բաղկացած կոլեգիայի որոշման մեջ ասվում է, որ Սարկոզին իր գործընկերներին թույլ է տվել կապ հաստատել լիբիական իշխանությունների հետ «ֆինանսական աջակցություն ստանալու կամ ստանալ փորձելու» նպատակով։
Սակայն դատարանը նաև նշեց, որ չի կարող հաստատել, որ լիբիական գումարն, ի վերջո, «հասել է» Սարկոզիի քարոզարշավին։
Ինչպես նշում է «Associated Press»-ը՝ դատարանը շեշտել է, որ Ֆրանսիայի օրենսդրության համաձայն՝ կոռուպցիոն սխեման համարվում է հանցագործություն, նույնիսկ եթե գումարը չի վճարվել կամ դա չի կարող ապացուցվել։
Չնայած իր նախագահական ժառանգությունը պղտորած բազմաթիվ դատական սկանդալներին՝ Սարկոզին շարունակում է ազդեցիկ գործիչ մնալ Ֆրանսիայի աջակողմյան քաղաքականության մեջ, ինչպես նաև ժամանցային ոլորտում՝ շնորհիվ Կարլա Բրունիի հետ իր ամուսնության։
Լիբիայի կողմից ֆինանսավորում
Մեղադրանքները սկիզբ են առնում 2011 թվականից, երբ լիբիական լրատվական գործակալությունը և Քադաֆին հայտարարեցին, թե Լիբիա գաղտնի միլիոնավոր եվրոներ է ուղղել Սարկոզիի 2007 թվականի քարոզարշավին։
2012 թվականին ֆրանսիական Mediapart հետաքննչական կայքն, ինչպես իրենք են նշում՝ «լիբիական հետախուզության հուշագիր» հրապարակեց, որում հղում էր արվում 50 միլիոն եվրոյի ֆինանսավորման պայմանագրի։
Սարկոզին այդ փաստաթուղթը կեղծիք որակեց և դատի տվեց զրպարտության համար։ Դատարանը երեկ՝ սեպտեմբերի 25-ին, հայտարարեց, որ «այժմ ամենահավանական այն է, որ այդ փաստաթուղթը կեղծ է»։
Քննիչները նաև հետաքննել են ներքին գործերի նախարարի պաշտոնակատար եղած ժամանակ Սարկոզիի մտերիմ մարդկանց մի շարք ուղևորություններ Լիբիա:
2016 թվականին ֆրանս-լիբանանյան գործարար Զիադ Թաքիեդդինը Mediapart-ին ասել էր, թե Սարկոզիի օրոք ինքը Տրիպոլիից կանխիկով լի ճամպրուկներ է հասցրել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարություն։ Ավելի ուշ գործարարը ցուցմունքը «հետ է վերցրել»:
Իրավիճակի նման շրջադարձն այժմ քննության կիզակետում է՝ վկայի վրա ենթադրյալ ազդեցության փորձի առնչությամբ: Սարկոզիին և նրա կնոջը նախնական մեղադրանք է առաջադրվել Թաքիեդդինի վրա ճնշման ենթադրյալ փորձերին մասնակցելու համար։ Այդ գործը դեռևս դատարան չի ուղարկվել։
Գործարար Զիադ Թաքիեդդինը, որը համամեղադրյալներից էր, երեքշաբթի օրը մահացել է Բեյրութում։ Նա 75 տարեկան էր։ Գործարարը 2020 թվականին Լիբանան էր փախել և չէր մասնակցել դատավարությանը։
Ըստ Սարկոզի՝ կատարվածը «դավադրություն» է
Դատավարությունը լույս սփռեց Ֆրանսիայի և Լիբիայի միջև 2000-ականներին տեղի ունեցած գաղտնի բանակցությունների վրա, երբ Քադաֆին ձգտում էր վերականգնել դիվանագիտական կապերը Արևմուտքի հետ։
Դատավարության ընթացքում Սարկոզին մեղադրանքները որակեց որպես «դավադրություն», որը պատրաստել են «ստախոսներն ու խաբեբաները», այդ թվում՝ «Քադաֆիի կլանը»։
Նրա խոսքով, դրանք պատասխան էին Ֆրանսիայի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Քադաֆիի հեռացման իր կոչին: Սարկոզին արևմտյան առաջին առաջնորդներից էր, որը 2011 թվականին, երբ արաբական աշխարհը ողողվեց ժողովրդավարության դեմ բողոքի ցույցերով, պնդել էր Լիբիայում ռազմական միջամտության մասին։
«Որքա՞ն վստահելի կարելի է համարել վրեժխնդրության կնիքով նշանավորված նման հայտարարությունները», – դատական նիստի ժամանակ հայտարարեց Սարկոզին։
Պատվո Լեգեոնի շքանշանից զրկվելը
Հունիսին Սարկոզին զրկվեց Պատվո լեգեոնի շքանշանից՝ Ֆրանսիայի բարձրագույն պարգևից՝ մեկ այլ գործով դատապարտվելուց հետո։
Ավելի վաղ նա մեղավոր էր ճանաչվել կոռուպցիայի և ազդեցության չարաշահման մեջ՝ 2014 թվականին իր դատական գործի վերաբերյալ տեղեկատվության դիմաց դատավորին կաշառելու փորձի համար։
Սարկոզին դատապարտված էր մեկ տարի ժամկետով էլեկտրոնային հսկողության թևնոց կրելու։ Նրան պայմանական ազատ էին արձակել մայիսին՝ տարիքի պատճառով, ինչը թույլ էր տվել երեք ամսից մի փոքր ավելի կրելուց հետո հանել էլեկտրոնային հսկողության թևնոցը։
Մեկ այլ գործով՝ Սարկոզին անցյալ տարի դատապարտվել էր իր 2012 թվականի վերընտրության ձախողված քարոզարշավի անօրինական ֆինանսավորման համար։ Նրան մեղադրել էին օրենքով սահմանված առավելագույն գումարի գրեթե կրկնակին ծախսելու մեջ և դատապարտել մեկ տարվա ազատազրկման, որից վեց ամիսը՝ պայմանական։ Սարկոզին բողոքարկել է այդ դատավճիռը Գերագույն վճռաբեկ դատարանում, և այդ բողոքարկումը դեռ ընթացքի մեջ է։