Լրահոս
Օրվա լրահոսը

Շնորհավոր ծնունդդ՝ ամենայն հայոց երգի վեհափառ: Օրհնվի ծնունդդ՝ Կոմիտաս

Սեպտեմբեր 26,2025 12:08

Aravot.am-ի զրուցակիցն է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը:

– Տիկին Ասատրյան, այսօր հայ երաժիշտների ու երաժշտասերների համար օրը կոմիտասյան է՝ սեպտեմբերի 26-ը Կոմիտասի ծննդյան օրն է:

Եվ ավանդույթին հավատարիմ՝ այսօր մեկնարկում է «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը, որի ընթացքում տեղի կունենան համերգներ՝ հայաստանյան և արտասահմանից ժամանած մենակատարների և կատարողական կոլեկտիվների մասնակցությամբ: Իսկ կեզրափակվի փառատոնը «Կոմիտասը և կոմպոզիտորական արվեստը» միջազգային գիտաժողովը:

– Այո, այսօր մեկնարկում է «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը, որը ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ Կոմիտասի թանգարան-ինստիտուտը կազմակերպում է Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հիմնադրման օրվանից:

Ամենամյա այս կոմիտասյան ավանդական միջոցառումը եզրափակվում է միջազգային երկօրյա  գիտաժողովի կազմակերպմամբ: Առաջինը տեղի է ունեցել 2016 թվականին: Կոմիտասի թանգարան-ինստիտուտի առաջին և հիմնադիր տնօրեն՝ արվեստագիտության թեկնածու Նիկոլայ Կոստանդյանի ջանքերով և գիտական բաժնի ղեկավար՝ արվեստագիտության թեկնածու Տաթևիկ Շախկուլյանի ակտիվ մասնակցությամբ գիտաժողովը կազմակերպվում էր ինչպես Հայաստանում, այնպես էլ այն երկրներում, որտեղ իր գործունեությունն է ծավալել Կոմիտասը՝ Ֆրանսիա, Գերմանիա, Ավստրիա:

Արդեն երկրորդ անգամ՝ միջազգային գիտաժողովը կազմակերպվում է Կոմիտասի թանգարան-ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի հետ համատեղ: Անցյալ տարի այն տեղի ունեցավ Վիեննայում՝ ՀՀ ԿԳՄՍՆ և  Ավստրիայում ՀՀ դեսպանատան աջակցությամբ: Կազմակերպիչներն էին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտը և Վիեննայի Երաժշտության և կատարողական արվեստների համալսարանը:

2025 թվականին միջազգային գիտաժողովը որոշվեց անցկացնել Երևանում…

-Ինչո՞ւ:

-Այս տարի լրացավ Կոմիտասի մահվան 90-ամյա տարելիցը, ու քանի որ Կոմիտասն իր վերջին հանգրվանը գտավ Երևանում՝ ուստի նպատակահարմար գտնվեց այս տարվա գիտաժողովն անցկացնել Երևանում՝ Կոմիտասի օջախի հյուրընկալ դահլիճում, Կոմիտասի շիրիմի հարևանությամբ: Մյուս կողմից՝ 2025 թվականը հոբելյանական է Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համար, քանի որ հունվարի 29-ին բոլորեց իր ստեղծման առաջին տասնամյակը:

Եվ այսպես՝ 2025թ. հոկտեմբերի 7-8-ը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտը և ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը, ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ, «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնի շրջանակներում կազմակերպում են «Կոմիտասը և կոմպոզիտորական արվեստը» միջազգային գիտաժողովը, որը համախմբելու է վաստակաշատ երաժշտագետների ու երիտասարդ հետազոտողների բավական ընդգրկուն աշխարհագրությամբ, աշխարհի 6 երկրներից` Հայաստանից, ԱՄՆ-ից, Լատվիայից, Լեհաստանից, Լիբանանից և Ուկրաինայից:

Բնականաբար՝ ակտիվ մասնակցություն ունեն ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի երաժշտագետները: Առաջին՝ «Կոմիտասը և կոմպոզիտորական արվեստը» նիստի (նիստի նախագահ՝ Լիլիթ Երնջակյան) աշխատանքների ընթացքում ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի երաժշտության բաժնի առաջատար գիտաշխատող, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Արևշատյանը հանդես կգա «Կոմիտաս վարդապետ – Տիգրան Մանսուրյան. ժառանգականության ուժը» զեկուցումով, իսկ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի երաժշտության բաժնի առաջատար գիտաշխատող, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Լիլիթ Երնջակյանը քննության կառնի Ռուբեն Սարգսյանի «Կոմիտասին» դաշնամուրային շարքը, որի յոթ մանրանվագներում կոմպոզիտորը կիրառել է սերիային, պուանտիլիստական, մինիմալիստական բազմազան միջոց ներ՝ հիմք ընդունելով Կոմիտասի «Կռունկի» ելևէջները:

Երկրորդ՝ «Կոմիտասը և միջնադարյան երաժշտությունը» նիստում (նիստի նախագահ՝ Աննա Արևշատյան) ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի երաժշտության բաժնի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու Գայանե Ամիրաղյանը կներկայացնի «Կոմիտասի «Պատարագ»-ը՝ հիմնված Նոր Ջուղայի երգվածքի ավանդական մեղեդիների վրա (վերլուծական ակնարկ)» զեկուցումը:

Հոկտեմբերի 8-ին գիտաժողովը կշարունակի իր աշխատանքները: Երրորդ՝ «Կոմիտասը և երաժշտական ֆոլկլորը» նիստում (նիստի նախագահ՝ Ալինա Փահլևանյան) ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի երաժշտության բաժնի ավագ գիտաշխատող, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտական բաժնի ղեկավար, արվեստագիտության թեկնածու Մարիաննա Տիգրանյանը հանդես կգա ««Դերիկո» պարերգը Կոմիտաս վարդապետի գրառումներում. ծիսապաշտամունքային հնագույն արմատները» զեկուցումով, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ապագա ասպիրանտ Լինդա Սարգսյանը քննության կառնի  արցախյան պարեղանակները Կոմիտասի գրառումներում, իսկ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի հայցորդ, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի աշխատակից Սոնա Սիմոնյանը քննական վերլուծության կենթարկի «Էս գիշեր, լուսնակ գիշեր» ժողովրդական երգի կոմիտասյան մշակումները:

Ինչպես նշեցի՝ ունենք բանախոսներ արտասահմանից, ինչպես սփյուռքահայ, այնպես էլ՝ օտարազգի, ովքեր կներկայացնեն մեր իսկ խնդրանքով հենց այս գիտաժողովի համար կատարած իրենց կոմիտասագիտական հետազոտությունների արդյունքները: Ընդ որում, նրանց մեծ մասն առաջին անգամ են մասնակցում կոմիտասագիտական այս միջոցառմանը: Այսպես, ԱՄՆ-ից հատուկ այդ նպատակով կժամանի երաժշտության դոկտոր, Սանտա-Բարբարա համալսարանի պրոֆեսոր, աշխարհահռչակ երգչուհի Իզաբել Բայրաքդարյանը (ԱՄՆ) և կներկայացնի «Մանկական երգեր՝ փոխանցված նախնիներից. Կոմիտաս, Թումաճան, Կանաչյան» բանախոսությունը: Բեյրութից ժամանած երաժշտագիտության դոկտոր, պրոֆեսոր, Քասլիքի Ս.Հոգի համալսարանի երաժշտական բարձր ուսմանց բաժնի վարիչ Եդուարդ Թորիկեանը հանդես կգա «Հայ արդի խազերու յարաբերական բարձրութիւնը ըստ Կոմիտասի բերած տեղեկութիւններուն» թեմայով զեկուցումով: Լատվիայի վաստակավոր արտիստ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռաֆֆի Խարաջանյանը Ռիգայից հեռավար ձևաչափով կներկայացնի «Կոմիտասը և Լատվիան» զեկուցումը, իսկ պրոֆեսոր Քշիշտոֆ Շատրավսկին (Լեհաստան)՝ «Կոմիտասը և հայ կոմպոզիտորները ECM ընկերության հավաքածուում. ժամանակակից երաժշտական մշակույթի գեղարվեստական և բարոյական կողմերի շուրջ» զեկուցումը:

Հետաքրքիր զեկուցումներ են մեզ սպասում գիտաժողովը եզրափակող Չորրորդ՝ «Անդրադարձ Կոմիտասին» նիստում (նիստի նախագահ՝ Մարիաննա Տիգրանյան), որտեղ հիմնականում հանդես են գալու Կոմիտասի երևանյան «օջախի» «պահապանները»: Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Լուսինե Սահակյանը հանդես կգա «Կոմիտաս վարդապետը և իր ժամանակը» ընդգրկուն բանախոսությամբ, արվեստագիտության թեկնածու Աստղիկ Մուշեղյանը քննության կառնի  Կոմիտասի գրառած Ս. ծննդյան նորահայտ տաղը, արվեստագիոտւթյան թեկնածու Լիլիթ Հարությունյանն ու ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ասպիրանտ Ծովինար Արծրունին «Հիմա ես ինձ համար եմ երգում» բանախոսության շրջանակներում կբացահայտեն Կոմիտասի կյանքի վերջին փուլին վերաբերող արխիվային նյութերի բովանդակությունը, Աստղիկ Մարտիրոսյանը հանդես կգա «Կոմիտասի վերջին հայացքը. մահադիմակի հետքերով», Նանե Միսակյանը՝ «Կոմիտաս վարդապետի անձնական գրադարանի երաժշտագիտական գրքերի հավաքածուն՝ նոր ուսումնասիրությունների կարևոր աղբյուր», Անի Մուշեղյանը՝ «Կոմիտասի լիազորյալ խնամակալը. Վռամշապուհ Քիպարյան», Սեդա Շեյրանյանը՝ «Կոմիտաս վարդապետը և հայ խմբերգային երաժշտության զարգացման ուղիները», Մարիամ Վարդանյանը (մասնագիտական ղեկավար՝ Լուսինե Սահակյան)՝ «Հայ դասական պոեզիան Կոմիտաս վարդապետի ստեղծագործության մեջ (մի քանի երգի վերլուծության հիմքով)» զեկուցումներով:

Կարծում եմ, մեծ հետաքրքրությամբ կունկնդրենք Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ դասախոս, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի աշխատակից, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Աննա Ադամյանի «Ֆոլկլորի դրսևորումները Կոմիտաս վարդապետի և Հեյտոր Վիլլա-Լոբոսի ստեղծագործական ժառանգության մեջ (համեմատական ուսումնասիրություն)» և Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս, արվեստագիտության թեկնածու Արթուր Ավանեսովի «Ձևակազմավորում մետամորֆոզների միջոցով. Կոմիտասի դաշնամուրային պարերի այլ տարբերակներն ու Աշոտ Զոհրաբյանի դաշնամուրային սոնատը» զեկուցումները:

Ես նույնպես մասնակցելու եմ գիտաժողովի աշխատանքներին և ներկայացնելու եմ «Տիգրան Չուխաճյանի «Գարուն» ռոմանսը և Կոմիտասի «Ո՜հ, ի՜նչ անուշ» խմբերգը» զեկուցումը:

-Նոր խոսք ասել կոմիտասագիտության մեջ թվում է…

-Այո, առաջին հայացքից թվում է, թե բեղմնավոր ճանապարհ անցած կոմիտասագիտության մեջ նոր խոսք ասելն անկարելի է ու անհավանական: Սակայն ես վստահ եմ, որ մեզ  սպասում են հետաքրքիր զեկուցումներ ու նորանոր բացահայտումներ:

Վստահ եմ, որ գիտաժողովի արդյունքները կդառնան նոր հանգրվան կոմիտասագիտության ասպարեզում:

Ուրախալի է, որ գիտաժողովի աշխատանքներին վաստակաշատ երաժշտագետների կողքին մասնակցում են երիտասարդ հետազոտողներ՝ այլ խոսքով՝ կոմիտասագիտությունն ունի արժանի հերթափոխ:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930