Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստան» խմբակցության պատգամավորների ստորագրությունները փոխանցում եմ «Պատիվ ունեմ» խմբակցությանը՝ կցելու իմպիչմենտի գործընթացին․ Իշխան Սաղաթելյան

Սեպտեմբեր 26,2025 13:50

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությամբ այսօր հրավիրվել են խորհրդարանական լսումներ: Քննարկվում է խմբակցության ներկայացրած «Ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին» ԱԺ հայտարարության նախագիծը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց իրենց խմբակցության եւ դաշինքի դիրքորոշումն այս նախագծի վերաբերյալ։ Նա ասաց, որ իրենք ամբողջությամբ կիսում են հայտարարության մեջ ներկայացված փաստերն ու հիմնավորումները։ «Ավելին, վերհաստատում ենք մեր դիրքորոշումները, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության ժամանակահատվածում բազմաթիվ անգամ խախտվել է մեր երկրի սահմանադրական կարգը, Նիկոլ Փաշինյանը գործել է պետական դավաճանության հատկանիշներով։ Եվ Նիկոլ Փաշինյանին պաշտոնազրկելու իրավա-քաղաքական հիմքերը անհերքելի են։ Հետեւաբար, մեր դիրքորոշումը հետեւյալն է՝ նախագծին կողմ ենք, ե՛ւ հանձնաժողովում, ե՛ւ լիագումար նիստում կողմ ենք քվեարկելու»,- ասաց Սաղաթելյանը։

Նա նշեց, որ որեւէ մեկը կասկածի տակ չիչ դնում այն հարցը, որ այս իշխանությունը մեր պետականությանը սպառնալիք է, եւ նրանց՝ մեկ օր ավելի իշխանությանը մնալը վտանգավոր է։ «Ամբողջ հարցը հետեւյալն է՝ ինչպե՞ս, ի՞նչ ժամկետներում եւ ի՞նչ ճանապարհով ազատվել այս իշխանությունից։ Նախորդ 5 տարիների ընթացքում մենք փորձել ենք մթնոլորտ գեներացնել, մեր երկրում համաժողովրդական շարժում ձեւավորել, եւ, այո, մենք տեսել ենք ճանապարհը՝ սահմանադրական ճանապարհով երկրի խորհրդարանում իմպիչմենտի ճանապարհով հասնել իշխանափոխության։ Բայց ինչո՞ւ մինչեւ հիմա մենք չենք եկել խորհրդարան, եւ այս հարցը չի մտել օրակարգ՝ բացառապես մի պատճառով, որ մենք չենք ունեցել բավարար ստորագրություններ՝ խորհրդարան մտնելու եւ հաջողության հասնելու համար։ Մեր գործընկեր «Պատիվ ունեմ» խմբակցությունը՝ ի դեմս ՀՀԿ-ի, ստանձնել է քաղաքական պատասխանատվությունը եւ հայտարարել իմպիչմենտի գործընթաց սկսելու մասին։ Մեր դիրքորոշումը եղել է հետեւյալը, որ մենք միանում ենք իմպիչմենտի գործընթացին, հրապարակել ենք մեր ստորագրությունները, ասել ենք՝ եկեք արձանագրենք, որ «Հայաստան» խմբակցությունը միացած է եւ ուժերը կենտրոնացնենք իշխանական պատգամավորների վրա՝ փորձելով ունենալ պակասող ստորագրությունները եւ սկսել գործընթաց։ Անցել է 3-4 ամիս, մեր գործընկերները պարբերաբար հայտարարել են, որ պրոցեսը չի ընդլայնվում եւ առաջ չի գնում նաեւ այն պատճառով, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորները չեն ստորագրել այն ձեւաթղթի տակ, որը ներկայացրել է «Պատիվ ունեմ» խմբակցությունը։ Նաեւ եղել է հրապարակային հայտարարություն, որ իշխանական պատգամավորները չեն միանում այն պատճառով, որովհետեւ այդ ձեւաթղթի տակ չկա մեր ստորագրությունը։ Հետեւաբար, հաշվի առնելով նոր իրողությունը եւ մեր գործընկերների այդ վստահեցումը, ես մեր խմբակցության պատգամավորների՝ երեք ամիս առաջ ստորագրած ստորագրությունները հիմա կփոխանցեմ «Պատիվ ունեմ» խմբակցությանը՝ կցելու այդ գործընթացին եւ ֆիքսելու, որ մեր ստորագրությունները կային ինչպես 3 ամիս առաջ, այնպես էլ հիմա»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում.

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ասաց․ «Ծափահարություններով արձանագրեցինք, որ «Հայաստան» խմբակցությունը միացավ իմպիչմենտի գործընթացին։ Եվ հիշեցնեմ, որ մենք փաստաթղթերը հանձնելու ենք բացառապես 54 ստորագրություն ունենալուց հետո»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930