Լրահոս
Օրվա լրահոսը

Կստուգվի ոստիկանների առաքինությունը, բարձր երաժշտություն միացրած վարորդները 2 միավոր կկորցնեն

Սեպտեմբեր 26,2025 14:50

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 26-ի նիստի օրակարգում էր  նաեւ ԱԺ կողմից առաջին ընթերցմամբ ընդունված Ոստիկանության բարեվարքության եւ կարգապահական կանոնագիրք օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը: Հիմնական զեկուցողը ՆԳՆ փոխնախարար Արմեն Մկրտչյանն էր: ՆԳՆ փոխնախարարը նշեց, որ առաջին ընթերցումից հետո առկա են մի շարք առաջարկություններ, որոնց հաշվառմամբ նախագծերը լրամշակվել են:

Նրա խոսքով. «Առաջին խումբ փոփոխությունները ուղղված են կոռուպցիայի հակազդման արդյունավետության բարձրացմանը նպաստելուն. մասնավորապես առաջարկվում էր ՆԳՆ ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչության իրավասությանը վերապահել, ստուգել ոստիկանության ծառայողների առաքինությունը՝ զուգահեռաբար առաքինության ստուգման կարգը սահմանելու լիազորությունները պատվիրակելով ՆԳ նախարարին:

Հաջորդ, ՆԳՆ ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչության ծառայողների վերաբերյալ բարեվարքության ուսումնասիրության անցկացումն ու համապատասխան եզրակացության տրամադրումը վերապահել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: Ընդ որում, առաջարկվում է շեշտել, որ բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունն իրականացվելու է հիշյալ ստորաբաժանումում առաջին անգամ պաշտոնի նշանակվողների նկատմամբ՝ նշանակումից առաջ»:

Արմեն Մկրտչյանի խոսքով, երրորդ խմբի առաջարկներն էլ  ուղղված են ոստիկանության եւ փրկարար ծառայությունում մարդկային ռեսուրսների կառավարման գործընթացի լավարկմանը: Նա հավելեց, որ անցումային դրույթներում նախատեսվել են կարգավորումներ, ըստ որոնց՝ մինչեւ փաթեթի ուժի մեջ մտնելը, նշանակված ծառայողական քննությունները կշարունակվեն նշանակման պահին գործող կարգավորումներով, իսկ փաթեթի՝ ուժի մեջ մտնելուց հետո, կիրականացվեն նոր կարգավորումներով:

Մեկ այլ՝ ԱԺ պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի, Ալեն Սիմոնյանի, Հասմիկ Հակոբյանի, Արուսյակ Ջուլհակյանի հեղինակած Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին օրենքում լրացում եւ  Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն նախատեսող օրենսդրական փաթեթի նպատակն էր արգելել տրանսպորտային միջոցներում լրացուցիչ ուժեղացուցիչների եւ բարձրախոսների տեղադրումը:

Ըստ Կառավարության ներկայացրած առաջարկի՝ տրանսպորտային միջոցների վրա չափանիշներին չհամապատասխանող լուսային կամ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումների, խլացուցիչների կամ նվագարկիչներին լրացուցիչ ուժեղացուցիչների, բարձրախոսների տեղադրելու  կամ շարժման ընթացքում դրանք օգտագործելու դեպքերում կկիրառվի տուգանք՝ նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, նման վարորդները կկորցնեն 2 միավոր:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց քննարկված օրենքների նախագծերին, առաջարկվեց  դրանք ներառել ԱԺ առաջիկա նիստերի օրակարգում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930