Հայաստանի պետական պարտքի խնդիրը վերջին տարիներին դարձել է ոչ միայն մակրոտնտեսական, այլև խորքային կառավարման և ռազմավարական զարգացման առանցքային մարտահրավեր։ Երկրի պետական պարտքի աճի տեմպերը, դրա կառուցվածքային առանձնահատկությունները, պարտքի ներգրավման ու օգտագործման արդյունավետության հարցերը, ինչպես նաև դրա սպասարկման ֆինանսական բեռը օրեցօր ավելի մեծ ազդեցություն են ունենում տնտեսական քաղաքականության, սոցիալական ոլորտի կայունության և պետականության երկարաժամկետ զարգացման հեռանկարների վրա։ Ընդհանուր առմամբ, պարտքը, որպես ֆինանսական գործիք, ինքնին կարող է լինել զարգացման խթան, սակայն Հայաստանում այն աստիճանաբար վերածվում է համակարգային ռիսկի՝ պայմանավորված ոչ միայն ծավալների աճով, այլ, առավել ևս, օգտագործման արդյունավետության ցածր մակարդակով և ռազմավարական տեսլականի բացակայությամբ։
Վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալները փաստում են, որ 2025 թվականի հուլիսի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքն արդեն հասել է 14,1 միլիարդ դոլարի, որից մոտ 7 միլիարդը արտաքին պարտքն է, իսկ մնացյալը՝ ներքին պարտքը։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պարտքն աճել է ավելի քան 1,7 միլիարդ դոլարով կամ 14,3 տոկոսով։ Այս տեմպերը բացահայտում են միտում, որ պարտքի կուտակման գործընթացը ոչ միայն չի դանդաղում, այլև արագանում է, մինչդեռ երկրի տնտեսության աճի հնարավորությունները, ենթակառուցվածքների զարգացումը կամ արտահանման ընդլայնումը հետ են մնում պարտքի բեռի աճի տեմպերից։ Պարտքի ամենամսյա ավելացումը, որը գերազանցում է 100 միլիոն դոլարը, հուշում է, որ պետական ֆինանսների կառավարման գործող մոդելը այլևս չի ապահովում կայունություն և կանխատեսելիություն, իսկ պարտքի ներգրավումը գնալով դառնում է ընթացիկ խնդիրների լուծման ավտոմատացված գործիք, այլ ոչ թե զարգացման խթան։
Պետական պարտքի սպասարկման համար տարեկան ծախսվող ահռելի միջոցները լուրջ ֆինանսական բեռ են պետական բյուջեի համար։ Իսկ այս գումարները, որոնք հաճախ կազմում են բյուջեի զգալի մասնաբաժինը, կրթության, գիտության, առողջապահության, ենթակառուցվածքների արդիականացման կամ սոցիալական պաշտպանության ոլորտներ ուղղվելու փոխարեն, հիմնականում ծախսվում են վարկերի տոկոսների ու մայր գումարի վճարումների վրա։ Սա ստեղծում է փակ շրջապտույտ, երբ նոր վարկերը վերցվում են նախորդների մարման կամ ընթացիկ ծախսերի ֆինանսավորման համար, իսկ իրական ներդրումային ու զարգացման էֆեկտը մնում է նվազագույն չափի կամ ընդհանրապես բացակայում է։
Այս իրավիճակում պետական պարտքը դառնում է ոչ թե ապագայի ներդրում, այլ անցյալի ու ներկա խնդիրների «տոպրակի փակում», ինչը երկարաժամկետ կտրվածքով հանգեցնում է տնտեսական աճի դանդաղման, պետական ծառայությունների որակի անկման, սոցիալական լարվածության ավելացման և ֆինանսական կայունության խաթարման։ Պետք է նշել, որ պարտքը, որպես ֆինանսական գործիք, ինքնին վատ չէ, եթե այն ներգրավվում է նպատակաուղղված, թիրախային ծրագրերի համար, որոնք կարող են ստեղծել ավելացված արժեք, բարձրացնել տնտեսության արտադրողականությունը, ապահովել եկամուտների աճ կամ խթանել արտահանումը։
Կարդացեք նաև
Շատ երկրներ արդյունավետ կերպով օգտագործում են պետական պարտքի հնարավորությունները՝ ֆինանսավորելով ռազմավարական ենթակառուցվածքային նախագծեր, նորարարական ծրագրեր, կրթության և գիտության զարգացումը, արդյունաբերության տեխնոլոգիական արդիականացումը և այլն։ Սակայն Հայաստանում պարտքի ներգրավման և օգտագործման մշակույթը հաճախ հեռու է միջազգային լավագույն փորձից։ Շատ դեպքերում պարտքը վերցվում է ոչ թե կոնկրետ զարգացման ծրագրերի, այլ բյուջեի ընթացիկ ճեղքերը փակելու, աշխատավարձերի և թոշակների վճարման կամ պարզապես ընթացիկ խնդիրները ժամանակավորապես լուծելու համար։ Սա ստեղծում է մի իրավիճակ, երբ պարտքի հաշվին լուծվում են կարճաժամկետ խնդիրներ, բայց երկարաժամկետ ռիսկերն ու պարտավորությունները մնում են անտեսված։
Վերջին տարիներին հատկապես աչքի է զարնում պետական պարտքի ներգրավման հարցում թափանցիկության ու հաշվետվողականության պակասը։ Շատ վարկային ծրագրերի վերաբերյալ հանրությանը չեն ներկայացվում հստակ նպատակներ, կոնկրետ ցուցանիշներ, արդյունքների չափման մեխանիզմներ։ Օրինակ՝ կառավարության կողմից հաստատված վարկային համաձայնագրերը հաճախ ներկայացվում են ընդհանրական ձևակերպումներով՝ «տնտեսական և ֆինանսական կառավարման արդյունավետության բարձրացում», «ցածր ածխածնային տնտեսության զարգացում», «բյուջետային ճեղքերի լրացում» և այլն, առանց հստակեցնելու, թե կոնկրետ ինչ արդյունք է ակնկալվում, ինչպես է չափվելու հաջողությունը, և ովքեր են պատասխանատու միջոցների արդյունավետ օգտագործման համար։ Նման իրավիճակում մեծ է ռիսկը, որ ներգրավվող միջոցները կարող են պարզապես փոշիացվել, օգտագործվել իշխող խմբի շահերից ելնելով կամ հենց քաղաքական նպատակների համար, մինչդեռ երկարաժամկետ պարտավորությունների բեռը մնալու է հասարակության և հետագա սերունդների ուսերին։
Բացի այդ, պետական պարտքի կառուցվածքն ինքնին պարունակում է լուրջ ռիսկեր։ Արտաքին պարտքի զգալի մասը ներգրավված է միջազգային կազմակերպություններից, դոնորներից կամ առևտրային վարկատուներից, որոնք ունեն ստանդարտացված պայմաններ, տոկոսադրույքներ և մարումների ժամանակացույց։ Սակայն բարձր տոկոսադրույքների, արժութային տատանումների և միջազգային շուկաներում տիրող փոփոխությունների պայմաններում Հայաստանի համար պարտքի սպասարկման ծախսերը կարող են կտրուկ աճել։
Արսեն ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում