ՔՊ-ական իշխանությանը բնորոշ աննախադեպությամբ ու ճոռոմախոսությամբ է ֆինանսների նախարարը բնութագրել «Բյուջե 2026»-ը, թե այս բյուջեն մարդկային կապիտալի մեջ ներդրման ուղղվածություն ունի։ Նախօրեին կառավարությունը հաստատեց եկող տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը, որը, առնվազն, կանխատեսվող տնտեսական աճի ցուցանիշից՝ ընդամենը 5,4 տոկոսից դատելով, համեստ է ու իներցիոն։
Փոխարենը՝ այն արտահայտում է նիկոլական խաղաղության օրակարգը, եւ, ինչպես Փաշինյանն էր ասել, այնտեղ պաշտպանական ծախսերի կրճատում կա՝ շուրջ 15 տոկոսով, այն դեպքում, երբ Ադրբեջանը հակառակ ուղղությամբ է գնացել ու պաշտպանությանն ու անվտանգությանն ուղղված ծախսերը ավելացել է եւ կազմում է բյուջեի 20 տոկոսից ավելին։
2026-ը նախընտրական տարի է, ինչը բյուջեում պետք է արտացոլվեր սոցիալական ոլորտին հատկացվելիք ծախսերի ավելացմամբ։ Դրանք կաճեն 90 միլիարդ դրամով, բայց թոշակները չեն ավելանա։ Նույն տրամաբանության շրջանակներում կառավարությունը 55 միլիարդ դրամ է դարձրել Արցախից բռնի տեղահանվածներին ուղղվող աջակցությունը՝ այս տարվա 35 միլիարդի փոխարեն։ Կառավարությունն անհուսալի վարկեր ունեցողների ծրագիրն է դրա փոխարեն իրականացնում, ինչը ոչ միայն անարդար է պարտաճանաչ քաղաքացիների տեսանկյունից, այլեւ անուղղակի կաշառքի տարրեր է պարունակում։ Առողջապահական ոլորտի բյուջեն կաճի շուրջ 45 միլիարդ դրամով, իսկ պետական պարտքը կառավարելու համար, այսինքն, միայն տոկոսները փակելու համար Փաշինյանի կառավարությունը 2026-ին կծախսի 423 միլիարդ դրամ։
«2026 թվականը նախընտրական տարի է, եւ այսօրվա պոպուլիստ իշխանությունը առավելագույնը պետք է ուռճացնի թվերը եւ փորձի նոր խոստումներով քվեներ կորզել, բայց անգամ այս հանգամանքը հաշվի առնելով, չեն կարողացել խոստացած տնտեսական աճի ցուցանիշը գոնե խոստումների մակարդակով ապահովել եւ ընդամենը 5,4 տոկոս տնտեսական աճ են դրել բյուջեի հիմքում։ Սա շատ կարեւոր արձանագրում է եւ նշանակում է՝ նույնիսկ արտաքին գործոնների իներցիայի պահպանմամբ, կանխատեսումը հեռու է խոստացած 7 տոկոսից։ Սրանով է պայմանավորված, որ, որքան էլ գովաբանեն, ամենալավն իրենք գիտեն տնտեսության վիճակը։ Սոցիալական ուղղվածության հիմնական ցուցանիշները չեն համապատասխանում իրենց խոստումներին, 2021-ին ամպագոռգոռ խոստումներ էին տալիս, թե միջին թոշակը պետք է ավել լինի նվազագույն զամբյուղի արժեքից, խոստացել էին ծայրահեղ աղքատության վերացում, բայց 2026-ին էլ փաստացի աշխատող աղքատների նվազագույն աշխատավարձը, կենսաթոշակների հիմնական չափերը չեն բարձրանում, ինչը նրանք քողարկում են իրենց վայել պոպուլիստական ձեւով՝ իբրեւ թե հետ են վերադարձնում թոշակառուների անկանխիկ ծախսած գումարների ինչ-որ մասը»,- անդրադառնալով բյուջեի նախագծին՝ «Հրապարակ»-ին ասում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը՝ սա պարզ պոպուլիզմ որակելով։ Նախ՝ որովհետեւ ոչ բոլոր թոշակառուներն են անկանխիկ գնումներ կատարում, եւ, երկրորդ՝ հատկապես միայնակ թոշակառուների դեպքում ծախսերի առյուծի բաժինը կոմունալներին է բաժին ընկնում, ինչը չի վերադառնում։
Կարդացեք նաև
Պատգամավորը հիշեցնում է, որ 2021-ից հետո բավականին բարձր միջին գնաճ ու առաջին անհրաժեշտության ապրանքների աճ է արձանագրվել, ու հենց այս փաստի եւ ամբողջ այս ժամանակահատվածում արձանագրված ցուցանիշները նկատի ունենալով՝ մեր զրուցակիցը պնդում է, որ բնակչության շուրջ 40 տոկոսը կազմող խոցելի խավի վիճակն էլ ավելի է վատացել, նրանց անվանական եկամուտներն ավելի դանդաղ են աճել, քան միջին գները։
«Սա վերաբերում է աշխատող աղքատներին, թոշակառուներին, միայնակ թոշակառուներին, որոնց մի մասը աղքատից պարզապես ծայրահեղ աղքատ է դարձել։ Արդյունքով եկեք դատենք՝ ՔՊ-ի իշխանության օրոք գյուղական բնակավայրերում ծայրահեղ աղքատությունն աճել է, ընդամենը 0 ամբողջ ինչ-որ տոկոսային կետով է կրճատվել միջին աղքատության մակարդակը։ Սա ձախողված քաղաքականության հետեւանք է»,- ասում է Ավետիսյանը։
Նա նշում է՝ վերջին տարիներին արտաքին գործոնով՝ ռուս-ուկրաինական կոնֆլիկտով պայմանավորված, բարձր տնտեսական աճը գին է ունեցել, եւ այդ գինը մեր երկրի տնտեսական կառուցվածքի վատացումն է ու արտաքին տնտեսական կախվածության աճը մեկ երկրից՝ ՌԴ-ից։ Իշխանությունը բացարձակ ձախողել է նաեւ տնտեսության դիվերսիֆիկացիայի ծրագիրը։ «Հիմա մեր տնտեսության արտաքին տնտեսական կապերի 40 տոկոսից ավելին, իսկ այսպես շարունակվելու դեպքում՝ շուրջ 50 տոկոսը պայմանավորված է լինելու մեկ երկրով, ընդ որում, որքան խոսում են եվրոպական ուղղության մասին, այստեղ առեւտրաշրջանառության նվազում ենք ունեցել»,- բացատրում է Ավետիսյանը։ Փոքր ու միջին բիզնեսի վիճակի վատացումը, հարկային տեռորն ու տնտեսվարող «հպարտ հարկատուների կաշին քերթելու» քաղաքականությունը, ինչպես Ավետիսյանն է ասում, հարվածում են մեր տնտեսական կայուն աճին, որի հիմնական բաղադրիչը փոքր ու միջին բիզնեսն է։
Երկրի պետական պարտքը, նաեւ՝ արտաքին պարտքը, գործող իշխանության կառավարման արդյունքում շեշտակիորեն ավելացել է, ինչպես Ավետիսյանն է ասում, Հայաստանը պարտքային ճգնաժամից փրկվեց միայն արտաքին գործոնի շնորհիվ։ «Եթե չլիներ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված գործոնը, մենք հիմա արդեն պարտքային ճգնաժամի մեջ էինք լինելու, որովհետեւ ազգային արժույթն արժեւորվել է այդ գործոնի շնորհիվ, ինչը մեխանիկորեն դրական է ազդել պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցության վրա, եւ ՀՆԱ-ն նորից պայմանավորվել է արտաքին գործոնով։ Հիմա տնտեսական աճը դանդաղել է, բայց պետական պարտքն անշեղորեն եւ թռիչքաձեւ աճում է։ Հաջորդ տարի մենք եւս ունենալու ենք պետական պարտքի բարձր տեմպով աճի շարունակություն, եւ այստեղ պետք է արձանագրենք ամենակարեւորը՝ պետական պարտքը գին ունի, եւ դա պետական պարտքի տոկոսների տարեկան սպասարկումն է, որը պետք է իրականացվի մեր բոլորի հարկերի ու սոցիալապես անապահով խավի կյանքի որակի վատթարացման հաշվին։ Արդեն 430 միլիարդ դրամից ավելի մենք պետք է հաջորդ տարի հատկացնենք իրենց վերցրած պետական պարտքի տոկոսները սպասարկելու համար, իսկ դա գրեթե մոտենում է բյուջեի ծախսային մասի շուրջ 15 տոկոսին, այսինքն, բյուջեի էական մասը՝ մոտ1/6-ով մենք տոկոս ենք մարում։ Այսինքն՝ այս իշխանությունը գործում է տունը պարտքով պահելու վարքագծով, իսկ այդպիսի վարքագիծ ունենում են ապիկար կառավարողները»,-բացատրում է Թադեւոս Ավետիսյանը։
Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում