Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե մարդն իր հայրենիքը չի ճանաչում, իր ինքնությունը չի կարող ամուր լինել. Լեւոն Չուգասզյան

Սեպտեմբեր 27,2025 18:05

«Մաշտոցի ժամանակից մինչեւ Թումանյան եւ Իսահակյան, այն գրականությունը, որը կար նախկին ուղղագրությամբ, եւ որը չընդունվեց Հայաստանում, դա եւս չի նպաստում հայության ինքնության ամբողջացմանը, ու մի տեսակ անջրպետ է ստացվում… Օրինակ, եթե ֆրանսիացին դպրոցում անցնում է լատիներեն, իսկ հայը դպրոցում չի անցնում գրաբար, դա բնականոն, նորմալ երեւույթ չէ… Չէ՞ որ այդ բոլորը հայության սեփականությունն են, հայ մարդու ստեղծածն են, Մաշտոցյան ուղղագրությամբ են արված, նույնիսկ Մաշտոցյան երկաթագիր տառատեսակ ունենք… Ցավոք, ժամանակն անցնում է, բայց Խորհրդային իշխանության սխալները չեն սրբագրվում, իսկ դա չի նպաստում Հայաստանի եւ հայության ամրացմանը»,- Aravot.am-ի հետ զրույցում ինքնության մասին խոսելիս ասում է ԵՊՀ Հայ արվեստի պատմության եւ տեսության ամբիոնի պրոֆեսոր, արվեստագիտության դոկտոր, Միլանի Ամբրոզյան եւ Մոնպելիեի ակադեմիաների թղթակից անդամ Լեւոն Չուգասզյանը:

Մեր հարցին՝ հայի ինքնության կառուցման մեջ ինչ դերակատարություն ունի Հայ Առաքելական եկեղեցին, գիտնականն  այսպես է պատասխանում. «Հայ Առաքելական եկեղեցին հայ մարդուն հայ է պահել, հայ Առաքելական եկեղեցին ստեղծել է դպրոցներ, առանց դպրոցների, առանց կրթության ի՞նչ պիտի լիներ հայ ժողովրդի վիճակը, վանական դպրոցներում են մարդիկ սովորել գրել, կարդալ…

Մեզ մոտ միշտ էլ վանքերը կատարել են լուսավորող դեր, այդտեղ ընդօրինակվել են ձեռագրեր, որոնց բովանդակությունը եղել է եւ Հայոց պատմությունը, եւ լեզուն ու գրականությունը, այդտեղ է մեր երաժշտության մի մասը, նկարչության հիմնական մասը:Վանական դպրոցները, վանքերը շատ կարեւոր դեր են խաղացել մեր ժողովրդի կյանքում: Ունեցել ենք լուսավորյալ կաթողիկոսներ, որոնք ստեղծել են Զվարթնոցը, Հռիփսիմեի տաճարը, բազմաթիվ եկեղեցիներ… Մեր ճարտարապետները վանական կրթություն են ունեցել… Միայն ճարտարապետների թիվը թույլ է տալիս ասել, որ մեր ժողովուրդն առանց պետություն ունենալու՝ դարեր շարունակ գերտերություն է եղել որոշ իմաստով ճարտարապետների թվով, նույնը կարող եմ ասել խաչքարերը ստեղծող քանդակագործների, մանրանկարիչների, գորգագործների, ոսկերիչների մասին… Այս բոլոր մարդիկ վանական դպրոցներում են սովորել»:

Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ հետեւյալ հարցին՝ արդյո՞ք կրթությունը պետք է լինի ազգային: Լեւոն Չուգասզյանը կարծում է, որ կրթությունը պետք է լինի ազգային, սակայն ազգային կրթություն ստացած մարդիկ պետք է լինեն միջազգայնորեն կողմնորոշված: Նա ընդգծում է. «Կրթությունը պետք է լինի ազգային, եւ հայ մարդը պետք է իր գրականությունն ու պատմությունը շատ լավ իմանա»:

Հարցին՝ արդյոք համաշխարհայնացումը սպառնալի՞ք է, թե գրագետ կառավարելու դեպքում, այնուամենայնիվ, կարելի է լավ արդյունքներ ստանալ, պրոֆեսորն այսպես է արձագանքում. «Հայ մարդը պետք է իր հայրենիքը լավ ճանաչի, քայլի իր հայրենիքի հողի վրայով, տեսնի՝ որոնք են հայրենիքի սահմանները, ինչպիսին են գետերը, ինչպիսին են սարերը, վայելի այդ սարերը բարձրանալու, անտառների մեջ շրջելու բավականությունը…Մարդը պետք է ճանաչի իր հայրենիքը, իսկ երբ իր հայրենիքը չի ճանաչում, իր ինքնությունը չի կարող ամուր լինել: Չի կարող մարդն ապրել Երեւանում, եւ չիմանալ, թե Երեւանից դուրս ինչ գեղեցկություններ կան…Եթե  հայությունն Արցախը տեսած լիներ, կամ մեծ մասամբ տեսած լիներ,  եւ իմանար, թե ինչ չնաշխարհիկ բնություն ունի,  եւ եթե տեսներ ուրիշ երկրներ եւ համեմատեր, կիմանար, որ Արցախը Շվեյցարիայի պես երկիր է, գուցե ավելի լավը, կիմանար, որ Արիզոնան անապատային մի տեղ է Ամերիկայում, իսկ Նյու Մեքսիկոն գաճաճ ծառերով  տեղ է, հայ մարդն այդ դեպքում իր երկիրն ավելի  շատ կսիրեր…»:

Լեւոն Չուգասզյանը համոզված է, որ Հայ Առաքելական եկեղեցին, որ իբրեւ պատմական ինստիտուտ անցյալում մեծ դերակատարություն է ունեցել կրթության գործում, այժմ եւս կարող է նման դերակատարություն ունենալ: «Եթե մարդիկ նվիրված են իրենց կոչմանը, կարող են ավելին անել, քան իրենց մասնագիտական պատրաստվածությունն է»,-հավելեց նա:

Մեր զրուցակիցն ընդգծում է, որ այսօր կյանքի ռիթմն այնպես է արագացել, որ  ճիշտ չէ սպասել բոլոր  հոգեւորական անձանցից կամ մտավորականներից, որ կարող են  դարերի ընթացքում կուտակված բոլոր խնդիրները միանգամից լուծել, ու ամենամեծ պատճառը, նրա խոսքով, հայության սփռվածությունն է ու աշխարհասփյուռ հայության բազմաթիվ խնդիրները. «Մարդիկ համայնքի, գաղթօջախի  ներսում պետք է կազմակերպվեն ու համախմբվեն եկեղեցու շուրջը, բայց դժվար է պահանջել, որ բոլոր հոգեւորականները կամ կաթողիկոսը կկարողանան սփռվածության հետեւանքով ստեղծված եւ ստեղծվող բոլոր խնդիրները լուծել, դա մեկ մարդու ուժերից վեր է… Մենք հազիվ ենք ապրում եւ Սփյուռքում եւ Հայաստանում, հայությունն անընդհատ մարտահրավերների առաջ է կանգնում…»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930