Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացավ Սամվել Կարապետյանի «Խոջիվանք» գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը

Սեպտեմբեր 28,2025 20:32

Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար։

Հովհաննես Թումանյան

Երջանկահիշատակ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի հետ ծանոթացա 1997 թվականին՝ Արցախի Քաշաթաղի շրջանում աշխատելու տարիներին՝ նրա ընկերոջ՝ դարձյալ երջանկահիշատակ ճարտարապետ Աշոտ Աբրահամյանի միջոցով։ Մեծ գործ էր անում Սամվելը՝ աշխարհի տարբեր վայրերում գտնվող հայկական պատմաճարտարապետական հուշարձանների մասին նյութեր շատ ուներ։

1999թ․ լույս տեսավ Ս․ Կարապետյանի «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում» բացառիկ արժեք ներկայացնող գիրքը։ Դեռևս խորհրդային տարիներին, չնայած բազում խոչընդոտներին, Սամվելը կարողացել էր այցելել Ադրբեջանի տարածքի հայկական հուշարձաններ, ուսումնասիրել, չափագրել։ Նաև պատերազմի տարիներին, մեր հայրենիքի մի հատվածի ազատագրումից հետո դարձյալ իր գործին էր հայ պատմամշակութային ժառանգության նվիրյալը։ Այսօր ֆիզիկապես մեզ հետ չէ մեծ հայրենասերը, սակայն նրա գործերը շարունակվում են։

Սեպտեմբերի 27-ին Երևանում՝ Հովհաննես Թումանյանի թանգարանում, որը ժամանակավոր տեղակայված է Հրանտ Մաթևոսյան մշակութային թանգարանում, կայացավ Սամվել Կարապետյանի «Խոջիվանք» գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը։ Այս կարևոր աշխատությունը լույս է տեսել 2024 թվականին «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ»-ի(ՀՃՈՒՀ) կողմից։ Գրքի գիտական ղեկավարն է Ս․ Կարապետյանի կինը՝ ՀՃՈՒՀ տնօրեն Էմմա Աբրահամյանը։ Ներկա էին հայկական ճարտարապետությամբ, պատմամշակութային ժառանգությամբ հետաքրքրվողներ, հյուրեր, մշակույթի գործիչներ։

Ներկաներին ողջունեց ու Ս․ Կարապետյանի մասին խոսեց Հովհ․ Թումանյան թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանը։ Նշեց՝ Ս․ Կարապետյանը մեծ դեր ունի աշխարհի տարբեր վայրերում գտնվող հայ ճարտարապետության, ինչպես նաև պատմամշակութային ժառանգության ուսումնասիրմամբ և լուսաբանմամբ։ Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախկին նախարարը հավելեց՝ Արցախում՝ գրեթե բոլոր դպրոցներում, կառավարական գրասենյակներում, տներում առկա էին Ս․ Կարապետյանի հեղինակած գրքերը, հատկապես՝ «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում» աշխատությունը։

Բանախոս, ՀՃՈՒՀ փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանը, ով 13 տարի աշխատել է Ս․ Կարապետյանի հետ, տեղեկացրեց՝ գիրքը նախապես լույս է տեսել անգլերեն լեզվով՝ չնայած Ս․ Կարապետյանը մշտապես կարևորել է իրենց կողմից լուսընծայած գրքերը նախապես տպագրվեն հայերեն, հետո թարգմանվեն։ Բայց այդ ժամանակ գրքի տպագրման հովանավորը կարևորել է անգլերեն տարբերակը, և որպեսզի տպագրվի աշխատությունը, Սամվելը համաձայնվել է։

Այս աշխատության վրա Ս․ Կարապետյանն աշխատել է երկար տարիներ, ավարտել արդեն հիվանդ վիճակում։ Գրքի նախահրատարակչական աշխատանքները կատարվել են «Գալուստ Կիւլպենկյան» հիմնարկության և ՀՃՈՒ-ԱՄՆ-ի աջակցությամբ։ Հայերեն տարբերակը տպագրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հովանավորությամբ, որի համար Ր․ Քորթոշյանը հայտնեց շնորհակալություն։ Շնորհանդեսին ներկա էր ԿԳՄՍՆ Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը։

 

Շնորհակալություն հայտնեց նաև Հովհ․ Թումանյանի թանգարանին, որի տնօրենի առաջարկով այստեղ կայացավ գրքի շնորհանդեսը։

 

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Հավլաբար հայկական թաղամասում գտնվող երբեմնի Խոջիվանքի՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու, շրջակա հայկական գերեզմանոցի անցյալ ու հետագայում ավերվելով գրեթե վերացած վիճակի և Ս․ Կարապետյանի կատարած հսկայածավալ աշխատանքի մասին ներկայացրեց Է․ Աբրահամյանը։ Ասաց՝ նոր ուժ է ստանում՝ շարունակելով ամուսնու կիսատ թողած աշխատանքը։

«Խոջիվանք» գիրքը ներկայացնում է հայկական գերեզմանոցի պատմությունը, գեղարվեստական ու ճարտարապետական առանձնահատկությունները, ինչպես նաև ժամանակագրական դասակարգմամբ ամփոփված հանգուցյալների ընդգրկուն ցուցակը։ Կան նաև տպագրված հուշեր տարբեր ժամանակների ականատեսների կողմից։ Առաջաբանում նշված են հիմնական խնդիրները՝ ինչ կարևոր հարցերի պատասխաններ կիմանանք՝ ընթերցելով։

Դրանք են՝

Ա․ Ե՞րբ է սկզբնավորվել Խոջիվանքի գերեզմանոցը,

Բ․ Գեղարվեստական և նյութական տեսանկյունից նյութական մշակույթի ի՞նչ հուշարձաններ կային գերեզմանոցում և

Գ․ Հիմնադրումից ի վեր, մինչև 1937 թ․ ներառյալ, երբ Վրաստանի իշխանությունների, նաև հայության թշնամի Լ․ Բերիայի հրամանով ու որոշմամբ գերեզմանոցն ամբողջությամբ և վերջնականապես ավերվում է, թեկուզ մոտավոր հաշվարկներով որքա՞ն հանգուցյալ էր ամփոփված գերեզմանոցում։

Երբեմնի Տփղիս քաղաքը, որտեղ մեծ թվով հայեր էին բնակվում, հարուստ էր հայկական պատմամշակութային հուշարձաններով, որոնք Վրաստանի՝ ռուսական տիրապետության տակ անցնելուց հետո գնալով ավերվել ու ոչնչացվել են, և վանդալիզմը շարունակվում է։

Նույն 1930-ական թվականներին միայն Թբիլիսիում, ըստ գրքում եղած տեղեկության, ավերվել է 10-ից ավելի հայկական եկեղեցի։ Ծիրանավոր Սուրբ Աստվածածին վանքը, ըստ գրքում եղած տեղեկության, հիմնադրվել է 1654 թվականին։

Տփղիսի մելիք-քաղաքագլուխ խոջա Բեհբուտի խնդրանքով Վրաստանի Ռուստամ թագավորը (1632-1658) թույլատրում է քաղաքի Մախաթ լեռան ստորոտում՝ Հավլաբար թաղամասի հարևանությամբ, հիմնել հայկական սրբավայր։ Այդ մասին վկայում է վանքում եղած քառատող արձանագրությունը․ «Ի թվիս Հայոց ՌՃԴ (1104+551 =1655) կամոքն Ա(ստու)ծոյ ես՝ Խոջա Բեհբուտէս եւ եղբայր իմ Խատին եւ կողակից իմ Լալին շինեցի Սուրբ եկեղեցիս աղօթի(ւք) Ասլանին․․․»։

Ընթացքում էկրանին հնչեց նաև Սամվել Կարապետյանի ձայնը։ Բանախոսության վերջում Լ․ Ղարախանյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին։  Գրականագետ, բանագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Բանագիտության բաժնի առաջատար գիտաշխատող Արմեն Շավարշի Սարգսյանը նույնպես անդրադարձավ Խոջիվանքի՝ ցարական, խորհրդային և հետագա տարիներին Վրաստանի իշխանությունների կողմից Թբիլիսիում և այլ վայրերում եղած հայ մշակութային արժեքների ավերման խնդիրներին։ Վերջում Է․ Աբրահամյանն իր ստորագրությամբ «Խոջիվանք»-ը նվիրեց ներկաներին։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930