«Հրապարակի» զրուցակիցը Արտաշես սարկավագ Աջապահյանն է։
– Նիկոլ Փաշինյանն ու իր շրջիկ պատարագասերների խումբն ամեն կիրակի պատարագների էին մասնակցում եւ հանկարծ որոշեցին պատարագը փոխարինել «պերաշկի եւ կուկուռուզ» փարթիներով, սիրային դրամայով ու մարզեր կատարած այցերով։ Այն դեպքում, որ կիրակի օրը մարտի 1-ն էր, եւ շատ ավելի կսազեր, որ այդ օրը զոհերի հիշատակին պատարագի մասնակցեին: Ի՞նչ եք կարծում՝ Փաշինյանը հե՞տ է կանգնել Եկեղեցին գրոհելու իր դավադիր ծրագրից։
– Հավանաբար, ընտրություններին են պատրաստվում, պերաշկի են ուտում, որպեսզի ժողովրդին հավատացնեն, թե իրենք էլ են պերաշկի ուտում, միլիարդների պարգեւավճարներ են ստանում եւ այդ պարգեւավճարներով պերաշկի են առնում, այ, այդքան «ազնիվ» ու «պարկեշտ» տղաներ են իրենք․․․․ ինչ վերաբերում է պատարագներին, ապա ամեն ինչ հստակ է․ իշխանությունը հասկացել է, որ չի կարողանում մարդ հավաքել, միեւնույն ժամանակ քարոզարշավի հետ կապված հարցեր ունեն, չեն կարող երկուստեք մարդ հավաքել ու իմիտացիա ստեղծել։ Հայ ժողովուրդն իր վերաբերմունքը ցույց տվեց, Փաշինյանն իր աչքով տեսավ, որ ողջ պետական ռեսուրսով չի կարողանում մի եկեղեցի մարդ հավաքել, մինչդեռ իր հավաքած բազմության եռակին հավաքված է յուրաքանչյուր եկեղեցում։ Այս է պատճառը, որ Փաշինյանը կանգ է առել, գիտակցում է, որ այդ պրոցեսներն իրեն խանգարելու են առաջիկա ընտրություններում։ Սակայն, Աստված մի արասցե, եթե նա մնա իշխանության, նոր ուժերով է գրոհելու Եկեղեցու եւ ոչ միայն Եկեղեցու, այլեւ բոլոր ազգային արժեքների վրա։
– Բայց եթե ժողովրդի աջակցությունը չունեն, ի՞նչ կարող են անել։
Կարդացեք նաև
– Ինչի՞ համար է դիկտատուրան կոչվում դիկտատուրա, հենց նրա համար, որ չկա ժողովրդի կողմից որեւէ աջակցություն, սակայն մեկ անձն իր կամքն է բոլորին թելադրում։ Դիկտատուրան չի լինում ժողովրդի աջակցությամբ։ Սկզբում դիկտատորները գալիս են ժողովրդի աջակցությամբ՝ թաքցնելով իրենց իրական դեմքը, իսկ հետո դուրս են գալիս հենց նույն ժողովրդի դեմ։ Այս մարդը, չունենալով ժողովրդի աջակցությունը, ամեն գնով փորձում է իշխանությունը պահել։
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































