2024-ին «Շիրակ» միջազգային օդանավակայանում թռիչք-վայրէջքների ընդհանուր թիվը 56 անգամ պակաս է «Զվարթնոցի» թռիչք-վայրէջքների թվից, ինչպես Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից էին ավելի վաղ «Առավոտին» փոխանցել։ Արդեն 3,5 տարի է, ինչ Երեւանից բացի, միջազգային օդանավակայան ունեցող Հայաստանի մյուս միակ քաղաք Գյումրիից կանոնավոր չվերթներ են իրականացվում միայն դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան։
Տպավորություն է, թե ինչ-որ բան այն չէ Գյումրի քաղաքի օդանավակայանի հետ։
«Առավոտը» որոշեց այցելել «Շիրակ» օդանավակայան՝ հասկանալու համար՝ ինչն ինչոց է։
Կարդացեք նաև
Մեկնման նոր սրահը 1000 քմ է
Օդանավակայանի նոր, 2024-ին շահագործման հանձնված տերմինալը բավականին ընդարձակ է, հարմարավետ եւ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տերմինալին զիջում է իր մակերեսի չափով միայն։
Օդանավակայանի տարածքում կառավարիչ Արմինե Աբրահամյանի հետ շրջայցի ժամանակ տեղեկացանք՝ «Շիրակ» օդանավակայանում արդեն 14 մլն դոլարի ներդրում է կատարվել։ Ապագայում կբարեկարգվի նաեւ հին, այժմ չգործող տերմինալը։
Ներկա պայմաններում «Շիրակն» ունակ է տարեկան 1,2 մլն ուղեւոր սպասարկել։
Մեկնման սրահի մակերեսը 1000 քմ է, որից 450 քմ-ը կոմերցիոն նպատակով է օգտագործվում, օրինակ՝ անմաքս առեւտրի խանութի, սրճարանի:
Սրահներն ապահովված են բարեխնամ զուգարաններով, այդ թվում՝ սահմանափակ շարժողունակություն ունեցող ուղեւորների համար հարմարություններով։
Ծխախոտից դեռեւս չհրաժարվող ուղեւորների համար գործում է փակ ծխարան։
Միաժամանակ երկու օդանավ սպասարկելու հնարավորություն
«Շիրակ» օդանավակայանը ստեղծվել էր տեղական չվերթների համար։ Նրան միջազգային օդանավակայանի վերածելը մարտահրավերներով հարուստ ճանապարհ է եղել։ Նախկին մուտքի սրահն այնքան փոքր եւ նեղ էր, որ ժամանող ուղեւորների կեսը անձնագրի ստուգման հատվածում դրսում էր մնում։
Վերջին բարեկարգումից հետո օդանավակայանն այժմ ունակ է միաժամանակ երկու չվերթ սպասարկել, չնայած պրակտիկայում նման իրավիճակ առայժմ չի արձանագրվել եւ մոտ ապագայում չի արձանագրվի։
2021 թվականին ամբողջությամբ վերանորոգվել է օդանավերի վազքուղին։ Պահպանման աշխատանքները հեշտացնելու համար ավելացվել է ջրահեռացման համակարգ։
Օդանավակայանի ամբողջ անձնակազմը, այդ թվում՝ ուղեւորների հետ անմիջապես շփվող աշխատակիցները, որոշակի պարբերականությամբ վերապատրաստում է անցնում։
Օդանավակայանը հարմար է բյուջետային փոխադրողների համար
2016 թվականից ի վեր դեպի Գյումրի եւ Գյումրիից կանոնավոր չվերթներ իրականացնող խոշոր միակ ավիաընկերությունը «Պոբեդա»-ն է, որը ռուսական բյուջետային փոխադրող է (low-cost carrier)։
«Շիրակ» օդանավակայանն այս տարիներին մասնագիտացել է բյուջետային փոխադրողների սպասարկման մեջ եւ հարմար է low-cost-երների համար։
«Աշխարհում շատ քիչ օդանավակայանների կհանդիպեք, որ այս մակարդակով կառուցված են low-cost սպասարկելու համար», – նշեց Արմինե Աբրահամյանը։
Wizz-ի մուտքին ընդառաջ
Հենց այս տրամաբանության շրջանակում կարելի է հասկանալ մեկ այլ բյուջետային ավիափոխադրողի՝ հունգարական Wizz Air-ի, մուտքը Գյումրի։ Սեպտեմբերի 30-ից Wizz Air-ը կիրականացնի երկու ժամից մի փոքր ավելի տեւող Լառնակա-Գյումրի եւ Գյումրի-Լառնակա երթուղով չվերթներ՝ շաբաթական երկու թռիչք հաճախականությամբ։
«Շիրակի» կառավարիչը վստահեցնում է՝ անում են ամեն ինչ՝ նոր չվերթները բարձրագույն մակարդակով սպասարկելու համար։
Ի պատասխան մեր հարցին՝ եվրոպական ավիաընկերություն լինելով՝ Wizz-ը հատուկ պահանջներ առաջ քաշե՞լ է, Աբրահամյանը հայտնեց, որ թեեւ «Պոբեդա»-ի եւ Wizz Air-ի սպասարկման սկզբունքներն իրար նման են, վերջինն ունի յուրահատկություններ ուղեւորների անվտանգության առնչությամբ՝ որպես օրինակ ներկայացնելով շենքի մուտքային հատվածը պաշտպանող սյուն-պատնեշները։
Wizz Air-ի մուտքը Գյումրի հիրավի պատմական իրադարձություն կարելի է համարել, քանզի վերջին առնվազն 10 տարիների ընթացքում Գյումրիից թռիչքներ են իրականացվել մեծամասամբ դեպի ՌԴ։
Ուկրաինական պատերազմի անվտանգային սպառնալիքներով պայմանավորված՝ 2022-ից դեպի Գյումրի իրականացվում է ընդամենը մեկ կանոնավոր ռուսաստանյան չվերթ՝ Մոսկվա-Գյումրի-Մոսկվա ուղղությամբ։ ՌԴ այլ քաղաքների հետ նոր օդային ուղիների վերաբերյալ հստակ որոշումներ առայժմ չկան։
Գյումրին կարո՞ղ է Քութայիս դառնալ
Այսպիսով՝ Հայաստանի հյուսիսային մայրաքաղաքն այսուհետ օդային կապ կունենա նաեւ արեւոտ Կիպրոսի հետ։
Արմինե Աբրահամյանի հետ զրուցելիս հետաքրքրվեցինք՝ Գյումրին կարո՞ղ է դառնալ եւս մեկ Քութայիս, որտեղ Wizz Air-ը մուտք է գործել 2012-ին, իսկ այսօր Վրաստանի խոշորությամբ երրորդ քաղաքից առաջարկում է չվերթներ դեպի գրեթե 30 եվրոպական քաղաքներ։
Վերանորոգումներից հետո, կարծում է մեր զրուցակիցը, «Շիրակը» նույնպես ունի նման պոտենցիալ։
Իհարկե, հասկանալի է նաեւ, որ այս հարցն ավելի շատ կոմերցիոն եւ ոչ ավիացիոն բնույթի հարց է։
Խնդիրն այլեւս օդանավակայանը չէ
Գյումրի քաղաքի «Շիրակ» օդանավակայանը սպասարկման եւ անվտանգային տեսանկյունից որակապես բարձր մակարդակի վրա է։
Եթե ամփոփենք մեկ նախադասությամբ՝ «Շիրակը» եվրոպական ծանրաբեռնված օդանավակայանների փոքրացված տարբերակ է, տարածքով փոքրածավալ, բայց ուղեւորի համար միջազգային օդանավակայանին հարիր բոլոր հարմարություններով՝ վերապատրաստվող անձնակազմից մինչեւ անվտանգության պատշաճ ապահովում, մեծատարածք զուգարաններից մինչեւ անմաքս խանութ եւ սրճարան։
Գյումրու նկատմամբ ավիացիոն գրավչության սերմերը ցանված են։ Սերմերը ջրելու գործն արդեն ոչ այդքան օդանավակայանի, որքան պետական համապատասխան կառույցների, տեղական իշխանությունների եւ զբոսաշրջային կազմակերպությունների ձեռքերում է։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
27.09.2025
Գլխավոր լուսանկարում՝ Գյումրու «Շիրակ» օդանավակայանի մեկնման սրահ, դեպի Մոսկվա չվերթի նստեցման գործընթաց