Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի ոչ մշակութային ժառանգության պահպանումը նաեւ մեր նվագախմբի առաքելությունն ենք համարում»․ Գուրգեն Բաղդասարյան

Սեպտեմբեր 29,2025 20:09

Արցախի ժողովրդի բռնագաղթի երկրորդ տարելիցի հիշատակին Երեւանի Երազ այգում անցկացվեց «Արցախ․ Հիշողության արտեֆակտ» խորագրով միջոցառումը։

Երեկոյի ընթացքում հնչեցին «Արցախ» կամերային նվագախմբի կատարումներն ու գեղարվեստական ներկայացումները, որոնք խորհրդանշում են ժողովրդի ապրածը, կարոտն ու հավատը ապագայի նկատմամբ։

Երկու տարի առաջվա այս օրերը հայ ժողովրդի պատմության մեջ մնացին որպես մեծ ցավի եւ կորստի օրեր․ հազարավոր արցախցիներ բռնի կերպով զրկվեցին իրենց հայրենիքից։ Սակայն անգամ այսպիսի փորձությունների պայմաններում մշակույթը շարունակում է մնալ ինքնության եւ տոկունության հենասյուն։ Միջոցառման նպատակն է հիշողությունը վերածել ստեղծագործության․ երաժշտության եւ գեղանկարչության միջոցով տալ ձայն լռությանը եւ կառուցվածք՝ հիշողությանը, ասում է «Արցախ» կամերային նվագախմբի գործադիր տնօրեն Գուրգեն Բաղդասարյանը։

«Առավոտի» հետ զրույցում Գուրգեն Բաղդասարյանը նշեց․ «Միջոցառումը նվիրված է Արցախի ժողովրդի բռնագաղթի երկրորդ տարիլիցին, բայց բացի այդ խորհրդից, նաեւ ուղղված է Արցախի ոչ մշակութային ժառանգության պահպանմանը, որը նաեւ նվագախմբի առաքելությունն ենք համարում»։

Նրա խոսքով՝ 2023 թվականի բռնի տեղահանումից հետո օպերային երգչուհի Հասմիկ Պապյանի նախաձեռնությամբ Արցախի պետական կամերային նվագախումբն իր գործունեությունը վերսկսել է Հայաստանում։ Եվ գործունեությունը շարունակում են Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) ֆինանսավորմամբ։ «Բայց նաեւ դիմում ենք տարբեր ծրագրերի՝ ֆինանսավորում ստանալու համար, քանի որ կազմը մեծացրել ենք եւ փնտրում ենք այլ աջակցություն»,- ասաց նա։

Ադրբեջանն այսօր Արցախում ոչնչացում է հայկական մշակութային ժառանգությունը՝ փորձելով Արցախից ջնջել հայկական հետքը։ Հարցին՝ այս բարբարոսության դեմ պայքարելու ի՞նչ հնարավորություններ են տեսնում, Գուրգեն Բաղդասարյանն ասաց․ «Եթե մեր նվագախումբը հնարավորություն ունենա ելույթներ ունենալ աշխարհի տարբեր երկրներում, հանդիպումներ ունենալ տարբեր պետությունների ղեկավարների հետ, մենք անպայման այդ ուղերձը կհղենք եւ կշարունակենք գործել այնքան ժամանակ, մինչեւ հնարավորություն կունենանք վերադառնալ եւ շարունակել մեր գործունեությունն Արցախում»։

Անդրադառնալով հարցին, թե Արցախ վերադարձի ի՞նչ հնարավորություն են տեսնում՝ Գուրգեն Բաղդասարյանն ասում է․ «Բոլորս էլ շատ մեծ ցանկություն, երազանք ու նպատակ ունենք վերադառնալ տուն՝ Արցախ։ Կոնկրետ մենք պայքարում ենք մշակույթի ոլորտում, նպատակ ունենք ելույթ ունենալ աշխարհի տարբեր բեմերում՝ հնչեցնելով Արցախի անունը։ Կոնկրետ ես մեծ ցանկություն ունեմ վերադառնալ, բայց թե ինչքանով է դա իրատեսական, չեմ կարող գնահատական տալ։ Բայց եւ ես, եւ իմ հայրենակիցները, եւ վստահ եմ՝ նաեւ Հայաստանի բնակչությունը, բոլորն էլ ուզում են վերադառնալ հայրենիք»։

Հարցին, թե Հայաստան տեղափոխված Արցախի ոչ նյութական ժառանգության պահանության հարցում այսօր ի՞նչ խոչընդոտների են բախվում Հայաստանում, նա պատասխանեց, որ այդ աշխատանքը չպետք է դրվի միայն կազմակերպությունների կամ անհատների ուսերին, այլ պետք է բխի պետական շահից։ «Ավելի արդյունավետ կլինի, եթե գոնե Արցախի մշակութային ժառանգության պահպանման մասին բարձաձայնեն պետական կառույցները»,- հավելեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930