Լրահոս
Օրվա լրահոսը

 «Ո՞ւր գնանք, եթե մեր տունը սա է»․ սահմանամերձ Կուտականում երիտասարդները լուծումներ են գտնում, իսկ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը խոսում է մարզի բռնազավթված տարածքների մասին

Սեպտեմբեր 29,2025 20:55

«Մենք ունենք խնդիր․ մեր տարածքներից կան օկուպացված տարածքներ»․ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյան

Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրեր, այդ թվում նաեւ՝ Վարդենիս խոշորացված համայնքի Կուտական եւ Տրետուք բնակավայրերը, որտեղ լրագրողները շրջայցի էին գնացել ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի օժանդակությամբ, թեեւ գտնվում են հայ-ադրբեջանական սահմանին, շատ դեպքերում՝ ադրբեջանական ԶՈւ ուղիղ նշանառության տակ, սահմանամերձ գյուղի կարգավիճակ չունեն, ներառված չեն կառավարության հաստատած ցանկում։ Այդ կարգավիճակը երաշխավորում է բնակիչներին սոցիալական աջակցության մի շարք ծրագրեր։ Այդպիսի բնակավայրերը մարզում 8-ն են։ Թե ինչո՞ւ այդ համայնքերը չեն համալրում սահմանապահ համայնքների շարքը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարզաբանեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

«Կառավարության կողմից կարգ կա սահմանված, թե որ բնակավայրերն են նման կարգավիճակ ստանում՝ սահմանից ինչ հեռավորության վրա պետք է գտնվեն եւ այլն։ Մեր բնակավայրերը, իհարկե, եթե դիտարկենք այս պահին, կան բնակավայրեր, որոնք համապատասխանում են։ Բայց մենք դեռ ունենք խնդիր՝ մեր տարածքներից կան օկուպացված տարածքներ։ Այդ հարցը մինչեւ չկարգավորվի, մենք պատրաստ չենք այդ համայնքները հայտարարել սահմանամերձ՝ հաշվի առնելով, որ մենք ունենք խնդիր, որ հարեւան երկրի ԶՈՒ-ն պետք է ետ գնա։ Ետ գնալու դեպքում՝ որոշ բնակավայրեր չեն համապատասխանելու այդ կարգավիճակին եւ չեն դառնալու սահմանամերձ։ Որպեսզի չշտապենք եւ այլ ընկալման հարցեր առաջ չգան, ճիշտ ենք համարում այսպես»։

Aravot.am-ի դիտարկմանը՝ մինչ այդ հարցերի կարգավորումը, կառավարությունում միջանկյալ ի՞նչ միջոցներ են ձեռնարկում, քանի որ մարդիկ բնակվում են ադրբեջանական ԶՈՒ ուղիղ նշանառության տակ, մարզպետը պատասխանեց․ «Այն, ինչը մեր ԶՈՒ առջեւ դրված է, պատշաճ իրականացվում է։ Դեռ չի եղել մի խնդիր, որ մեր կողմից արձագանք չլինի։ Բացի այդ, մի շարք նոր հնարավորություններ են տրված այդ բնակավայրերին՝ սուբվենցիոն ծրագրերի եւ դոտացիաների տեսքով»։

Մարզպետը վստահեցնում է՝ 2018 թվականից հետո կառավարության կողմից համայնքներին տրվող դոտացիաները ավելացել են 140 տոկոսով՝ հատելով 10 միլիարդի շեմը։ Նաեւ համայնքներին է հնարավորություններ տրվել՝ ավելացնել կապիտալ ծախսերը՝ նախկինի 20 տոկոսի փոխարեն 50 տոկոս դարձնել։ Մարզպետը կարծում է, որ հիմա իրականում ծրագրերի  պատշաճ հսկողության խնդիր կա, քանի որ դրանք քառապատկվել, հնգապատկվել են։

Մանրամասները՝ տեսանյութում.

Կուտականում ոչ միայն հանրային տրանսպորտ, այլ նաեւ խանութ ու դեղատուն էլ չկա․ մարդիկ հաճախ հավաքվում են մի քանի հոգով ու տաքսի վերցնում, գնում Վարդենիս առեւտրի, որպեսզի մի քիչ մատչելի լինի։ Խանութ ունեցել են՝ մոտ տասը տարի առաջ։ Տեղացիներից մեկն առօրյա պահանջարկը բավարարող ապրանքներ է վաճառել՝ իր տան մի սենյակից։ Մարդը մահացել է, վաճառակետն էլ փակվել։ Բուժկետ կա, բայց դեղատուն չկա։ Մանկապարտեզ էլ չկա։ Դպրոցն էլ պատրաստվում են տեղափոխել հարեւան գյուղ՝ Կախակն։ Այնտեղ նոր կրթահամալիր է կառուցվում։ Թեեւ ապահովվելու է երեխաների տեղափոխումը Կախակն-Կուտական եւ հակառակ ուղղությամբ, բայց դպրոցականները չեն ուզում, ասում են՝ իրենց դպրոցը լավն է։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մանրամասնում է՝ տրանսպորտի խնդիրը ողջ մարզի տարածքում է։ Անցյալ տարի մարզում հայտարարված միասնական երթուղային ցանցի ներդրման մրցույթը տեղի չունեցավ, քանի որ եկամտաբեր ու ոչ եկամտաբեր ուղղությունները հնարավոր չեղավ հավասարակշռել։ Հարցը չլուծեցին անգամ երթուղային ցանցի՝ լոտերով անցկացված մրցույթները։ Մարզպետն ասում է՝ նոր մրցույթ են անցկացնելու։ Առաջարկ կա նաեւ Երեւանի փորձը կիրառել՝ սպասարկման համար ստեղծելով համայնքային ՓԲԸ–ներ։ Համայնքներն իրենք կսպասարկեն բնակիչներին։ Հարցին՝ կկարողանա՞ն համայնքներն իրենց  բյուջեով փոխադրամիջոցներ ձեռք բերել ու շահագործել, մարզպետը պատասխանեց, որ առաջնահերթություն կտան մասնավոր ընկերություններին․ եթե հետաքրքրվողներ չլինեն, այդ դեպքում նոր համայնքը կսպասարկի։ Հետագայում համայքը հավատարմագրային կառավարման կհանձնի մասնագիտացված կազմակերպությանը․ «Մենք ունենք հնարավորություն սուբվենցիոն ծրագրերով մեքենաները ձեռք բերելու։ Համայնք–կառավարություն ֆինանսավորում է լինելու հավասարապես»։

Մարզի անվտանգային խնդիրների մասին էլ Կարեն Սարգսյանն ասում է․ «Չկա մի դեպք, որ ՊՆ-ն թաքցնի կամ չներկայացնի իրականությունը։ Իհարկե, իրականությունները լինում են տարբեր, այնքան, որ անգամ մեզ մոտ իրականացվող վարժական հավաքների ժամանակ հնչած կրակոցները Երեւանից գալիս են ինչ-որ մարդիկ եւ փորձում են դա ներկայացնել ինչ-որ բան։ Ու ստացվում է, որ կեղծ լուրը բնակչության մոտ որպես իրականություն է տարածվում»։

Հավաստիացնում է՝ անվտանգային խնդիրների պատճառով ցանքատարածությունների կրճատում չկա, ցանքաշրջանառության արդյունքում մեկ մշակաբույսի ցանքատարածությունները հնարավոր է նվազել են, մյուսը՝ աճել․ «2022 թվականից արոտավայրերի խնդիր չկա։ Անասնագլխաքանակի նվազում, իհարկե, կա, ու այդ պատճառով արոտավայրերն ամբողջությամբ չեն օգտագործվում։ Վերջին տարիներին բավական մեծ տարածքներով խոտհարքերն էլ մնում են անքաղ, բայց անվտանգության խնդիրներից ելնելով չեն, ոչ էլ տեխնիկայի սակավության»։

 Մանրամասները՝ տեսանյութում

 

«Հավաքեցինք գյուղի բոլոր մասուրները եւ վաճառեցինք, դրանով ապաստարանների դեղորայքի հարցը լուծեցինք»․ կյանքը սահմանամերձ Կուտականում

Այս եւ առօրյա այլ խնդիրները 14-ամյա Տաթեւ Եսայանին ու նրա ընկերներին չեն խանգարում ապրել Կուտականում, սիրել իրենց գյուղը։ Կյանքը դյուրացնելու համար երիտասարդները տարբերակներ են փնտրում եւ գտնում։ Օրինակ, երկու տարի առաջ հավաքել են գյուղի մասուրները, վաճառել դրանք եւ ապաստարանի համար դեղորայք գնել․ «Քույրիկս էդ միտքը ուներ։ Հավաքեցինք գյուղի բոլոր մասուրները եւ վաճառեցինք, դրանով ապաստարանների դեղորայքի հարցը լուծեցինք»։ Ապաստարանի հատվածը բավական անմխիթար է, ի դեպ։ Երեխաները մասուր վաճառելու միջոցով նաեւ դպրոցի ամանորյա միջոցառման համար տոնածառ են գնել։ Տաթեւը նպատակ ունի՝ գնալ Երեւան, սովորել ու վերադառնալ գյուղ։ Դեղագետ-դեղագործ է ուզում դառնալ, գյուղում սեփական բիզնեսն է հիմնադրելու։

Մանրամասները՝ տեսանյութում.

Տաթեւի մայրը՝ 35-ամյա Լիլիթը, 5 երեխա ունի։ Ինքը Կուտականում է ծնվել, գյուղի առաջին ծնունդներից է եղել։ Քանի որ գյուղը սահմանամերձ է, ասում է՝ սկզբում մարդիկ վախենալով էին ապրում, հետո՝ սովորում են։ Վերջին շրջանում էլ համեմատաբար քիչ են կրակոցները․ «Առօրյա հոգսերն էլ այնքան շատ են, որ պահի տակ մոռանում ենք մեր սահմանամերձ լինելը»։

2022 թվականին Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանների տարբեր հատվածներում հարձակումներից հետո, Կուտականում ավելի քիչ մարդ է մնացել։ Շատերը տարեցտարի են լքել գյուղը՝ դժվարություններին չդիմանալով։ Բայց  Լիլիթի համար ուրախալին այն է, որ երիտասարդները շատ են ու ամուր են կառչած հարազատ հողին։

Շատ բարդ է սահմանապահ գյուղում ապրել եւ հինգ երեխա մեծացնել, բայց չեն դժգոհում, գիտակցաբար են շատ երեխաներ ունեցել։ Անում են ամեն աշխատանք, ինչ-որ հնարավոր է, որպեսզի կարողանան երեխաներին ապահովել ու պահել գյուղում։

Մանրամասները՝ տեսանյութում.

Օվսաննա Միսկարյանի տունն ուղիղ ադրբեջանական նշանառության տակ է։

Օվսաննան երեք երեխաների մայր է։ Ինքն էլ, ամուսինն էլ Գետաշենից են։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ բռնի տեղահանվել են, եկել են Հայաստան, ամուսնացել եւ ապրում են Կուտականում։ Մինչ այժմ ամուսինը պայմանագրային զինծառայություն է իրականացրել, այժմ արտագնա աշխատանքի է մեկնում։ Ամուսինն արցախյան երեք պատերազմների մասնակից է։

Սեպտեմբերյան հարձակումն իր հետքը թողել է․ «Սեպտեմբերի 13-ին շատ ահավոր էր, շատ դաժան»։ Գյուղից արտագաղթել Օվսաննայի ընտանիքը, միեւնույն է, չի պատրաստվում․ «Ո՞ւր գնանք, եթե մեր տունը սա է։ Մեր գյուղը լավն ա»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930