Եվ այսպես, ի՞նչ ասաց Քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանը Հ1-ով կազմակերված հարցազրույցի ժամանակ.
«Ինչպես գիտեք, 2025 թվականի փետրվարի 5-ին Մերձավան համայնքում տեղի ունեցած սպանության առիթով, երբ վարույթ նախաձեռնեցինք, վարույթը հարուցվեց ոչ միայն սպանության հատկանիշներով, այլեւ նախաձեռնվեց ապօրինի զենք, հրազեն պահելու հատկանիշներով, մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու հատկանիշներով, ինչպես նաեւ մի խումբ անձանց կողմից տարբեր անձանց մարմնական վնասվածքներ հասցնելու հատկանիշներով: Քանի որ քրեական վարույթը հանրային հնչեղություն էր ստացել, տարբեր լրատվականներ լուսաբանում էին, իմ կողմից քրեական վարույթի նախաքննությունը հանձնարարվեց Հատկապես կարեւորագույն գործերով քննության վարչությանը, եւ իմ որոշմամբ ստեղծվեց համատեղ քննչական խումբ ու նախաքննությունն իրականացվեց Կենտրոնական ապարատում:
Նշեմ, որ քրեական վարույթի շրջանակներում կատարվել է լրիվ, բազմակողմանի եւ օբյեկտիվ քննություն, եթե նայենք ժամանակագրությունը, դեպքը տեղի է ունեցել փետրվարի 5-ին, ապրիլի վերջի դրությամբ 14 մեղադրյալների մասով մենք հաստատված մեղադրական եզրակացությամբ գործը ուղարկել ենք դատարան:
Պարզվեց նաեւ սպանություն կատարող անձի ինքնությունը, ով սկզբնական շրջանում գտնվում էր փախուստի մեջ, այնուհետեւ հայտնաբերվեց, կալանավորվեց, նրա նկատմամբ էլ գործը հունիսին ուղարկվեց դատարան:
Կարդացեք նաև
Վեճի առարկան նախաքննությամբ հաստատվել է, որ առաջացել է ավտոմեքենան արագ վարելու հարցի շուրջ առաջացած վեճը, որի արդյունքում կողմերից մեկը ծեծի է ենթարկում մյուս կողմին, եւ դրանից հետո տեղի է ունենում իմ մատնանշած դեպքը, երբ հավաքվում են եւ տեղի է ունենում զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանվում է Գրիգոր Օհանյանը, մեկ անձ էլ հրազենային վիրավորում է ստանում: Դարձյալ վեճի շարժառիթը իմ մատնանշած հանգամանքն է:
ՔԿ-ի կողմից ներկայացված կալանքի 13 միջնորդություններից միայն 6-ն է բավարարվել սկզբնական շրջանում, իսկ վերջում, միայն 3 անձի կալանքով է գործը դատարան ուղարկվում, հետագայում նրանց խափանման միջոցները փոխվում են:
Մենք ունեինք տվյալներ, որ կողմերի միջեւ կան լարված փոխհարաբերություններ, որը հնարավոր է ծանր հետեւանքների հանգեցնի: Արվել են համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումներ ….»:
Հարցեր Քննչական կոմիտեի ղեկավարին.
Հարց 1. Պարո՛ն Պողոսյան, ո՞ւմ միջեւ կար լարված հարաբերություն. հնչեցրե՛ք հստակ անուններ՝ ի՞նչ նկատի ունեք «կողմեր» ասելով:
Հարց 2. Ինչո՞ւ ոչ մի խոսք չասացիք ՔՊ-ական համայնքապետ Մհեր Ախտոյանի մասին, ինչո՞ւ էր նրա տան լուսամուտի տակ տեղի ունեցել փետրվարի 5-ի ծեծկռտուքը, եթե չկար իշխանական կուսակցության ներկայացուցչի մասնակցությունը որեւէ կերպով:
Հարց 3. ՀՀ վարչապետի ընտանիքին պատկանող կայքը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ այդ օրը հարձակում է եղել համայնքի ՔՊ-ական ղեկավար Մհեր Ախտոյանի տան վրա: Փետրվարի 5-ին սպանվածի եղբայրը նույն ԶԼՄ-ի հետ զրույցում ասում է, որ հարձակում էր Մհեր Ախտոյանի տան վրա, եւ իրենք չեն թողել, որ Մհերը դուրս գա: Իրենք եղբայրներով են դուրս եկել եւ տեսել զինված մարդկանց` այդ թվում եւ Վալոդյա Գրիգորյանի կրտսեր եղբորը` Պայքար Գրիգորյանին: Իսկ դուք ասում եք` ավտոմեքենան արագ վարելու թեմա էր. քննության ընթացքում տուժողի պնդումները արդյո՞ք հերքվել են:
Հարց 4. Ինչո՞ւ է սեպտեմբերի 23-ի սպանության գործով հարցաքննվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, Փարաքարի ավագանու անդամ Դավիթ Ախտոյանը, եթե նա կամ նրա՝ Հայաստանում չգտնվող եղբայրը` Մհերը, Վալոդյա Գրիգորյանի սպանության հետ առնչություն չունի:
Սպանության ենթադրյալ պատվիրատուի վարկած քննվո՞ւմ է, ո՞վ կամ ովքե՞ր կարող են դիտարկվել որպես այդպիսին. պատվիրատուի վերաբերյալ որևէ տեղ նշված չէ:
Հարց 5. Սպանությունների դեպքից հետո Ձեր հրամանով Արմավիրի մարզային քննչական վարչության պետն ազատվել է պաշտոնից: Ինչո՞ւ է նա հեռացվել, եթե Դուք հայտարարում եք, որ փետրվարի սպանությունը բացահայտելու համար նախաքննությունը հանձնարարել եք ՔԿ ՀԿԳ վարչությանը, ստեղծել եք նախաքննություն կատարող քննիչների խումբ, որոնց աշխատանքից գոհ եք, դատարաններն են մեղավոր:
Հարց 6. Արդյոք Արմավիրի պետին աշխատանքից ազատելով՝ Դուք կատարել եք պոպուլիստական քայլ` ընդառաջ գնալով ՀՀ վարչապետի ֆեյսբուքյան գրառմանը, որ կլինեն հետեւություններ, ենթադրաբար նաեւ պաշտոնանկություններ. ուստի զոհաբերեցիք Արմավիրի վարչության պետին, որ ասելու բան ունենաք:
Հարց 7. Եթե փետրվարի 5-ի սպանության գործի քննչական խմբի ղեկավարից եւ կամ ՀԿԳ վարչության պետի աշխատանքից դուք այդքան գոհ եք, ի՞նչ հիմքով եք պնդում, որ վենդետա է եղել: Եթե բոլորը օրենքով իրենց հասանելիք պատիժը, ըստ Ձեզ, ստացել են, ինչո՞ւ պետք է մյուս կողմը անարդարության զգացողություն ունենար եւ վենդետա իրականացներ` սպանելով փետրվարի 5-ի սպանության հետ որեւէ առնչություն չունեցած Վալոդյա Գրիգորյանին:
Հարց 8. Եթե քննությունը տեղի է ունեցել օբյեկտիվ, բազմակողմանի, ինչու էր սպանվածի եղբայրը սպանությունից հետո Նիկոլ Փաշինյանի ընտանեկան ԶԼՄ-ին փաստացի բողոքում քննության ընթացքից, Ձեր ուշադրությունը հրավիրում տարբեր հանգամանքների վրա:
Հարց 9. Ողջ զրույցի ընթացում ո’չ լրագրողը, ո’չ Քննչական կոմիտեի ղեկավարը չխոսեցին այն մասին. իսկ գուցե սպանություն կատարողը ունեցել է ա՞յլ շարժառիթ եւ փորձել է կյանքից զրկել ոստիկանության օպերլիազորին, որը սկզբունքային, ազնիվ եւ համարձակ ոստիկան է եղել: Ավելին՝ կայքերում հրապարակումներ կային, որ նա է նախկինում խուզարկել Օհանյանների տունը, ինչը դուր չի եկել Նարեկ Օհանյանին: Այս վարկածը արդյո՞ք որեւէ կերպ քննարկվում է Քննչական կոմիտեում, թե՞ հանցանք կատարողի տված ցուցմունքը միայն բավարար է որեւէ վարկած պնդելու համար:
Հարց 10. Այդ օրը վիրավորված Արծրուն Գալստյանի երկու որդիները անցնում են փետրվարի 5-ի սպանության գործով, գտնվում են տնային կալանքի տակ. իսկ գուցե հանցագործը հետապնդել է Արծրուն Գալստյանի՞ն, կրակել նրա՞ ուղղությամբ, բայց սպանվել են Վալոդյա Գրիգորյանն ու Կարեն Աբրահամյանը, թե՞ հանցանք կատարողի տված ցուցմունքը միայն բավարար է որեւէ վարկած պնդելու համար»:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում