Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Իշխանյան. Ամբողջ համակարգը անմեղ մարդկանց վրա գործ սարքելու գործին էր լծված եւ եթե այնտեղ այդ գործն են անում, բնականաբար, այստեղ պոտենցիալ հանցագործներն են, որոնք կարող են անել ինչ ուզեն

Սեպտեմբեր 30,2025 14:17

«Գործը չի կարելի համարել բացահայտված, քանի դեռ դատարանը որոշումը չի կայացրել: Եվ սա մանիպուլյացիա է»,-ասաց վավերագրող, հանրային գործիչ Հովհաննես Իշխանյանը «Հայելի» ակումբում՝ արձագանքելով ՔԿ-ի հայտարարություններին, թե Փարաքար խոշորացված համայնքի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության դեպքը բացահայտված է եւ այն վենդետայի արդյունք է:

«Մենք վաղուց գիտենք այս իշխանության ձեռագիրը: Հիշո՞ւմ եք, որ թափահարում էին, թե հոկտեմբերի 27-ը բացահայտված է, իբրեւ նոր բացահայտումներ են եղել: Մինչդեռ, հոկտեմբերի 27-ը վաղուց արդեն բացահայտված էր, որովհետեւ դատարանը որոշումը կայացրել էր: Կամ, հիշո՞ւմ եք՝ մարտի 1-ը բացահայտված է: Վերջերս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վրա էր գցել մեր սիրելի դավաճանը՝ ասելով, որ ՄԻԵԴ-ը բացահայտել է մարտի 1-ը: ՄԻԵԴ-ը քննում է մարդու իրավունքների ոտնահարումները: Այն չի քննում քրեական հանցագործությունները: Այն կարող է քննել՝ արդյոք դատական պրոցեսում խախտվե՞լ է մարդու հիմնական իրավունքը արդյոք մարդը խոշտանգվե՞լ է: ՄԻԵԴ-ը չի կարող քննել՝ ով է կատարել եւ ով է հրաման տվել մարտի 1-ի ժամանակ սպանել 10 հոգու, որոնցից 2-ը՝ ոստիկան: Սա մեր սիրելի դավաճան Նիկոլ Փաշինյանը լավ գիտի:

Նրա հանդեպ ատելությունը նրանից է, որ նա մեր ժողովրդին է դնում անգրագետի, հիմարի, հարիֆի, մանկամտի, տհասի տեղ ու ապուշություններով փորձում է մոլորեցնել՝ չհասկանալով, որ հայ ժողովուրդը նույնը չի, ինչ 2018-ին էր: Արդեն հասունացած ժողովուրդ է, փորձություններով անցած եւ փորձ կուտակած, հմտություն ձեռք բերած ժողովուրդ է: Այնպես որ, այս տակտիկան, որ պետք է շուտ ասել, որ բացահայտվել է, բնականաբար, հետեւություն անելու բազմաթիվ տեղիքներ է տալիս: Դրանցից մեկն էլ այն է, որ այս ահաբեկչության կազմակերպչական աշխատանքների սլաքները ուղղակի կամ անուղղակի ուղղում են Նիկոլ Փաշինյանի վրա: Ուղղակի այն պարագայում, եթե ուղիղ է ասել՝ գնա եւ ահաբեկչություն իրականացրու, անուղղակի, եթե նպաստել է դրան, ստեղծել է պայմաններ: Օրինակ, իրավապահ համակարգը ամբողջությամբ լծել է անմեղ բարերարների եւ անմեղ հոգեւորականների, հանրային, քաղաքական գործիչների «գլխին գործ սարքելուն»:

Տեսնում էինք չէ՞ Բագրատ արքեպիսկոպոսին ոնց են գաղտնալսում, հատուկ սարքեր էին դրել, հաստատ, ինչ-որ օպերատիվ խումբ աշխատում, իրենց էր լսում, լսածը մոնտաժում էին, մոնտաժածը խմբագրում էին: Հետո իր ամբողջ նախարարական, պատգամավորական ստրկական թիմին բաժանել էր տեքստեր, թե ով՝ ինչ պետք է ասի: Այսինքն, ամբողջ համակարգը անմեղ մարդկանց վրա գործ սարքելու գործին էր լծված:

Եվ եթե այնտեղ այդ գործն են անում, բնականաբար, այստեղ պոտենցիալ հանցագործներն են, որոնք կարող են անել ինչ ուզեն: Եվ այստեղից հետեւություն, որ սա անուղղակի, պասիվ, խորամանկ ահաբեկչություն է Վալոդյա Գրիգորյանի դեմ եւ քննչական կոմիտե լինի, ԱԱԾ լինի, թե դատախազություն, նրանք բոլորը ի վիճակի չեն իրական եւ ենթադրյալ հանցագործներին ու կազմակերպիչներին ձերբակալել: Եվ ՔԿ նախագահն էլ, որը նշանակվում է անմիջականորեն վարչապետի կողմից, չի կարող այլ բան ասել»,- ասաց Հովհաննես Իշխանյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930