ԱԺ նստաշրջանում «Հայաստան» խմբակցության հեղինակած Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հիշեցրեց Լեմկինի անվան ցեղասպանությունների կանխարգելման ինստիտուտի հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ։
Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցությունն այս նախագծով առաջարկում է փոփոխություն կատարել Քրեական օրենսգրքի գործող 136-րդ հոդվածում, որը վերաբերում է ցեղասպանությունները եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելը քրեականացնելուն։
«Հատուկ ձեզ համար ցիտում եմ հետեւյալ բովանդակությամբ տեքստը՝ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ վերջին հայտարարություններում կրկնում է թուրքական ժխտողական խոսույթը։ Նրա անիմաստ հայտարարություններն անտեսում են ի թիվս այլոց թուրք, գերմանացի, բրիտանացի, ամերիկացի, հայ գիտնականների՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ տասնամյակների պատմական հետազոտությունները, խոչընդոտում են Հայոց ցեղասպանության զոհերի՝ արդարության համար շարունակվող պայքարը եւ ստեղծում են վտանգավոր աշխարհաքաղաքական դինամիկա՝ հատկապես հաշվի առնելով Ադրբեջանի կողմից արցախահայերի նկատմամբ ցեղասպանության եւ Հայաստանի Հանրապետությանը սպառնացող շարունակական սպառնալիքների համատեքստում։ Հուսով ենք, որ Հայաստանի վարչապետը կպարզաբանի ցեղասպանության վերաբերյալ իր հայտարարությունները եւ կաշխատի կանխել իր եւ Հայոց ցեղասպանությունը ժխտողների հայտարարությունների միջեւ որեւէ նմանությունն ապագայում»։ Սա ոչ թե ասում է Դաշնակցությունը, ոչ թե ասում են ընդդիմադիր այլ ուժեր, սա ասում է Լեմկինի անվան ցեղասպանության միջազգային ինստիտուտը։ Էդ էլ փակեք, իրական Հայաստանի մեջ չի տեղավորվում»,- ասաց Գառնիկ Դանիելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Գառնիկ Դանիելյանը, հիշեցնելով ցեղասպանության հարցի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ականների հայտարարությունները, հարցադրում արեց․ «Բա դա ի՞նչ է, եթե ոչ ժխտում։ Օրենքն ընդունեք, եթե ընդդիմությունից նմանօրինակ հայտարարություններ կլինեն, մի հոգի ավել քաղբանտարկյալ կլինի էլի, պրոբլեմ չկա, էդ հոդվածով մեզ կդատեք։ Բայց խնդիրը ձեր տիրույթում է, դրա համար դուք սենց հեզաճկուն խուսափում եք պատասխանատվությունից»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ