«Մենք ողջունում ենք մեր հայ և ադրբեջանցի գործընկերների կողմից պատմական խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, որը տասնամյակների ընթացքում բեկում մտցրեց։ Հույս ունեմ, որ սա նշաձող է, որը սահմանելու է տարածաշրջանում կայունություն, օրինակ է ծառայելու քաղաքական կամքի, քաջության և դիվանագիտության ուժի մասին»,- Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում հայտարարեց Մալթայի արտաքին գործերի և զբոսաշրջության նախարար, ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ Յան Բորգը։
Ադրբեջանի հարցերով զեկուցող, նորվեգացի պատգամավոր Լիզ Քրիստոֆերսենը նրան նույն հարցը հղեց, ինչ հղել էր ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին․ «Ադրբեջանում ճնշումների մակարդակն աննախադեպ է։ Ավելի քան 300 քաղբանտարկյալներ կան Ադրբեջանում, որոնց շարքում են լրագրողներ, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստներ։
Մեր 76 գործընկերներ հայտարարվել են պերսոնա նոն գրատա, Ադրբեջանի իշխանությունները ոչ համագործակցում են մոնիտորինգային գործընթացների շրջանակում, ոչ ընտրություններում դիտորդական առաքելությունների իրականացման հարցում։ Նրանք չեն կատարում ՄԻԵԴ-ի որոշումները։ Արդյոք քայլեր ձեռնարկվո՞ւմ են գլխավոր քարտուղարի կողմից վերջ դնելու այս անընդունելի վարքագծին և Ադրբեջանին ստիպելու, որպեսզի կատարի որպես ԵԽ անդամ իր պարտավորությունները»։
Կարդացեք նաև
Յան Բորգն ի պատասխան ասաց՝ Նախարարների կոմիտեն շարունակում է ընդգծել, որ Ադրբեջանը պետք է հարգի և կիրառի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ մարդու իրավունքների պաշտպանների, լրագրողների և քաղաքական ակտիվիստների վերաբերյալ որոշումները․ դա յուրաքանչյուր անդամ պետության պարտականությունն է․ «Եվրոպայի խորհուրդը շարունակում է հանձնառու լինել աջակցելու Ադրբեջանին՝ մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարության վերաբերյալ իր պարտավորությունները կատարելու հարցում։ Եվ դա անելով՝ Նախարարների կոմիտեն համաձայնեց երկարաձգել Եվրոպայի խորհրդի գործողությունների ծրագիրը Ադրբեջանի համար մինչև 2026 թվականը՝ համագործակցությունն ամրապնդելու և ընդհանուր չափանիշները պահպանելու նպատակով։ Որպես ԵԽ վաղեմի անդամ՝ Ադրբեջանն ունի հավասար իրավունքներ և պարտավորություններ, բայց պետք է հարգի իր պարտավորությունները, ինչպես մյուս բոլոր պետությունները, այդ թվում՝ կիրառելով ՄԻԵԴ-ի բոլոր որոշումները»։
ԵԽ նախարարների կոմիտեի նախագահի համոզմամբ՝ ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև կնքված խաղաղության համաձայնագիրը ցույց է տալիս երկու երկրների հանձնառությունը խաղաղության և կայունության ապահովման նկատմամբ։ Ինչպես այսօր առավոտյան նշեց հարգարժան ՀՀ վարչապետը, այս համաձայնագիրը երկարատև գործընթաց է անցել, որը հնարավոր է դարձել երկու կողմերի ներգրավվածության շնորհիվ։ Եվ այսպիսով, այս Վեհաժողովում մենք պետք է ապահովենք, որ երկու կողմերը կարողանան հաշվետվություն ներկայացնել իրենց համապատասխան ջանքերի մասին։
Ես նաև շատ ուրախ էի այսօր ճաշի ժամանակ հանդիպել Հայաստանի վարչապետին և անձամբ լսել նրա հանձնառությունը այս կարևոր համաձայնագրի իրականացման հարցում։ Մեր ազգային կարողությունների շրջանակներում Մալթան կշարունակի աջակցել այս երկու երկրների միջև ավելի խորը ներգրավվածությանը։ Մենք խրախուսում ենք նրանց պահպանել այս մակարդակի հանձնառությունը՝ ուղղված երկու ժողովուրդների՝ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների հետագա կայունությանը, անվտանգությանը և նաև փոխադարձ բարգավաճմանը»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ