Լրահոս
Օրվա լրահոսը

Քրիստոնեությունը որպես կառավարման իրական հիմք

Հոկտեմբեր 01,2025 14:00

Արդյո՞ք դա հնարավոր է

Երբ ես խոսում կամ գրում եմ Սուրբ Գրքի մասին, գրեթե մշտապես հայտնվում են «առավել զարգացած» օգտատերեր, որոնք ինձ «խելք են սովորեցնում»՝ հիշեցնելով, որ այդ գիրքը գրել են հրեաները, եւ, հետեւաբար, քրիստոնեությունը հրեաների հնարած կրոնն է, որն այդ պատճառով պետք չէ դավանել: Շարքային մարդիկ մեզանում առաջ հակաթուրք էին, իսկ հիմա, ոչ առանց ներկա իշխանությունների հրահրման՝ հակառուս: Բայց կա պոտենցիալ ռասիստների եւս մի շերտ, որն իրեն այնքան կարդացած է համարում, որ հակասեմիտ է:

Ցանկացած ռասիզմ իր մեջ տգիտության տարր է պարունակում: Նախ՝ ասեմ, որ հրեաները շատ գրքեր են գրել: Օրինակ, ավստրիացի հրեա Ֆրանց Վերֆելը գրել է «Մուսա լեռան 40 օրը»: Բայց ինչ վերաբերում է Աստվածաշնչին, ապա դա հրեաները չեն գրել, որովհետեւ… այդ գիրքը մարդիկ չեն գրել: Առանձին հարց է, թե որ լեզուներով են մեզ հասել Սուրբ գրքի տեքստերը: Ըստ մասնագետների՝ դրանք երեքն են՝ եբրայերեն, արամեերեն եւ նախահունարեն (կոյնե): Մենք՝ հայերս, մինչեւ 5-րդ դարը հիմնականում օգտվել ենք ասորական եւ, 5-րդ դարից՝ հունական աղբյուրներից: Բայց մի բան է լեզուն, մեկ այլ բան՝ «հեղինակային իրավունքը»:

Ինչո՞ւ եմ ես կարծում, որ Աստվածաշունչը «Աստծո շունչ է», Աստծո խոսք է: Նախեւառաջ այն պատճառով, որ այնտեղ գրված են բաներ, որոնք մեր՝ մարդկանց մտքով չէին անցնի եւ մեզ համար փաստորեն անիրագործելի են, շատ դեպքերում՝ անընդունելի: Ի՞նչ է, օրինակ, նշանակում, «օրհնեցեք ձեզ անիծողներին, բարություն արեք ձեզ ատողներին եւ աղոթեցեք նրանց համար, որ չարչարում են ձեզ եւ հալածում»: Դուք հավատո՞ւմ եք, որ որեւէ մահկանացու, թեկուզ սրբերի սուրբը, կկարողանա դա անել: Նկատի ունեմ՝ անել ամենայն անկեղծությամբ, ոչ թե ձեւեր թափել: Դա, ինչպես լեռները շարժելը կամ հանգուցյալներին նոր կյանք պարգեւելը, անհնարին է, բայց մի փարոս է, լույս է, որին մենք պետք է ձգտենք:

Քրիստոնեական գաղափարները համընդհանուր են, կասեի՝ տիեզերական: Եվ քանի որ մենք՝ հայերս քրիստոնեության տարածման առաջին իսկ դարերից այս գաղափարներն ընկալել ենք եւ շատ արագ դարձրել պետականության հիմք, պարզապես խելամիտ չէր լինի այդ հսկայական պաշարից չօգտվելը:

Ինչպե՞ս դա անել՝ քննարկելու հարց է: Ինչպե՞ս պահպանել աշխարհիկ, ժողովրդավարական պետության կարգավիճակը, խղճի եւ կրոնի լիակատար ազատությունը (դրանց առկայությունը, համենայնդեպս, տեսական մակարդակով, ոչ ոք չի վիճարկում), բայց դարձնել քրիստոնեական արժեքները ոչ միայն մշակութային հենասյուներ, այլեւ կառավարման իրական հիմք:

Այդ առումով ուզում եմ ուշադրություն հրավիրել քաղաքական գիտությունների դոկտոր, Ex Oriente Հայաստանի արեւելագետների միության նախագահ Արսեն Գասպարյանի հոդվածի վրա, որը հրապարակվել է «Առավոտում»: Հոդվածի վերնագիրը բավականին սադրիչ է. «Հայաստանի Քրիստոնեական Հանրապետություն՝ Հայոց պետականության զարգացման այլընտրանքային մոդել»:

Այդ վերնագիրը, բնականաբար, լայն հնարավորություններ է տալիս պնդելու, որ հեղինակը ցանկանում է կրոնապետություն ստեղծել: Իսկ եթե հաշվի առնենք պաշտոնական պրոպագանդային ուղղվածությունը, ապա բացառված չէ, որ քարոզչության տակ մնացած պարզամիտ փաշինյանական զանգվածի մոտ կարող է տպավորություն ստեծվել, որ «էս մարդն ուզում է, որ կաթողիկոսը մեր Նիկոլից բարձր լինի»:

Բայց խոսքն այստեղ բոլորովին այլ բաների մասին է՝ որ եկեղեցին ձեւավորի հանրային բարոյական օրակարգ, ամրապնդի ազգային հիշողությունը ու հանդիսանա հավաքական պատասխանատվության խորհրդանիշ։ Հեղինակը հիշեցնում է, որ միանգամայն առաջադեմ եվրոպական երկրներ, որպիսիք են Մալթան եւ Դանիան, ունեն դրա փորձը:

«Պետությունը տրամադրում է կառավարման համակարգ եւ ռազմավարական ուղղություն, Եկեղեցին՝ բարոյական առաջնորդություն, միասնություն եւ սեր կտա մեր ժողովրդին, իսկ Սփյուռքը՝ գլոբալ կապեր եւ նորարարություն», – գրում է քաղաքագետը:

Պրակտիկ քայլերի մասին, որոնք առաջարկում է Արսեն Գասպարյանը, կարելի է վիճել: Բայց ինքնին գաղափարն, ինձ թվում է, արժանի է քննարկման: Եթե, իհարկե, մեր այսօրվա մթնոլորտում հնարավոր է որեւէ գաղափար քննարկել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.09.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Van says:

    Եկեղեցին երեք տասնամյակ շարունակ գտնվել է իդեալական դիրքում՝ հանրային բարոյականությունն ու ազգային հիշողությունը զարգացնելու համար: Քանի որ նա կա՛մ ձախողել է այս առաքելությունը, կա՛մ անտեսել է այն, ի՞նչ հիմքեր կան հավատալու, որ ապագայում նա կկարողանա հաջողությամբ կատարել այդ դերը

  2. Տիգրան Մխիթարյան says:

    Նախորդ մեկնաբանության հետ համաձեյնելով` մի այլ հարց է նաև առաջ գալիս. մեր պետականության վերականգնման պահից ի վեր արդյոք Եկեղեցին ջանացել է նման պարտավորություն և պատասխանատվություն վերցնել իր վրա, արդյոք փորձել է ուղենիշ հանդիսանալ ժողովրդի և հետևաբար պետության համար: Իմ կարծիքով` ոչ: Ամենայն հարգանքով բազամաթիվ հոգևորականների հանդեպ` Եկեղեցին հանդիես է եկել որպես իշխանության հավելված` ևս մեկ տնտեսվարող սուբյեկտ և հիմնականում բացարձակ իներտ ներքին քաղաքական կյանքում կատարվող գործընթացներին: Սրան ավելեացնենք մի քանի աղմկահարույց դեպքերը եկեղեցականների մասնակցությամբ` ունենք ժողովրդի անտարբեր վերաբերմունքը (լավագույն դեպքում` անտարբեր) այն ամենի նկատմաբ, ինչ այսօր տեղի է ունենում Եկեղեցու շուրջ:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031