Հոկտեմբերի 1-ը ընտանեկան բռնության դեմ պայքարի օրն է։ Սա մի օր է, երբ հիշում և բարձրաձայնում ենք մի խնդրի մասին, որը շատերի համար դեռևս մնում է ստվերում։ Սովորաբար, երբ խոսվում է ընտանեկան բռնության մասին, մարդկանց մտքով անցնում է կին զոհի կերպարը, բայց իրականում բռնությունը սեռ չունի։ Ընտանեկան բռնության զոհ կարող է դառնալ ցանկացած մարդ՝ անկախ սեռից, տարիքից կամ սոցիալական կարգավիճակից։
Այս նյութում մենք կուսումնասիրենք, թե ինչպես է ընտանեկան բռնությունը դրսևորվում Հայաստանում՝ կանանց և տղամարդկանց համար, և կփորձենք հասկանալ, թե ինչու է հասարակությունը հակված նկատելու միայն խնդրի մի կողմը։
Հայաստանում այս խնդիրը, ինչպես շատ այլ երկրներում, ունի իր սեփական դրսևորումները, որոնք լիարժեքորեն կարելի է գնահատել՝ ուսումնասիրելով իրավապահ և վիճակագրական մարմինների արձանագրած դեպքերը։ Ստորև կներկայացվեն ՀՀ Ոստիկանության և Ազգային վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալները՝ գրանցված դիմումների և դատարան հասած գործերի վերաբերյալ, որոնք թույլ կտան ավելի պարզ պատկեր ստանալ խնդրի մասշտաբի մասին։
Ի պատասխան հարցման՝ ներկայացվել է տեղեկատվություն Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ, որը հիմնված է ՀՀ ՆԳՆ ոստիկանության և Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների վրա։
Կարդացեք նաև
ՀՀ ՆԳՆ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում գրանցված վիճակագրության համաձայն՝ ընտանեկան բռնության դեպքերի թիվը զգալիորեն աճել է. 2023 թվականին քննվել է 508 դեպք, 2024-ին՝ 1360 դեպք, իսկ 2025 թվականի առաջին յոթ ամիսների ընթացքում՝ 716 դեպք։ Ոստիկանությունը ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերը չի հաշվառում ըստ դիմողների սեռի և տարիքի, ինչպես նաև տեղեկություն չի տրամադրում դիմումները հետ վերցնելու վերաբերյալ։ Այնուամենայնիվ, եթե դեպքն առերևույթ պարունակում է հանցագործության հատկանիշներ, դրա վերաբերյալ փաստաթղթերը փոխանցվում են ՀՀ քննչական մարմնին՝ քրեական վարույթ սկսելու հարցը որոշելու համար։
Նշվում է նաև, որ բռնության դեմ պայքարի և կանխարգելման, ինչպես նաև զոհերին պաշտպանելու համար ոստիկանության ծառայողների համար պարբերաբար կազմակերպվում են վերապատրաստման դասընթացներ, որոնք կրում են շարունակական բնույթ։
Բացի այդ, Ազգային վիճակագրական կոմիտեն տրամադրել է 2023 թվականի տվյալներ՝ հիմնված ՀՀ դատախազության ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալների վրա։ Ըստ այդ թվերի՝ 2023-ին հարուցված քրեական գործերի ընդհանուր թիվը կազմել է 508, որից 258-ը ուղարկվել է դատարան, 55-ը կարճվել, իսկ 195-ը գտնվում է ընթացքի մեջ։ Ընտանեկան բռնության դեպքերի մեծ մասը (ավելի քան 267) վերաբերում է ամուսնու կողմից կնոջ նկատմամբ գործադրված բռնությանը, սակայն դեպքեր են գրանցվել նաև այլ հարաբերություններում, ինչպիսիք են՝ նախկին ամուսինը (45), ծնողը՝ զավակի նկատմամբ (45), և զավակը՝ ծնողի նկատմամբ (44)։
Ըստ վիճակագրության՝ ֆիզիկականը բռնության ամենատարածված տեսակն է, իսկ տուժողների մեծ մասը (332 մարդ) 18-ից բարձր տարիքի են։ Գրանցված դեպքերի ամենամեծ թիվը (134) Երևանում է, սակայն զգալի թվով դեպքեր են գրանցվել նաև մարզերում, ինչը ցույց է տալիս, որ խնդիրը համազգային բնույթ ունի։
Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերը վերջին տարիներին աստիճանաբար սկսել են ստանալ իրենց իրավական կարգավորումը՝ շնորհիվ «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի։ Ըստ իրավաբան Լուսինե Առուստամյանի՝ այս օրենքը, որն ընդունվել է 2017 թվականին, նպատակ ունի պաշտպանելու զոհերին՝ կիրառելով ինչպես կանխարգելիչ, այնպես էլ պաշտպանողական միջոցառումներ։
Օրենքը «ընտանեկան բռնություն» հասկացությունը սահմանում է շատ ավելի լայն, քան պարզապես ֆիզիկական հարվածը։ Այն ներառում է նաև սեռական, հոգեբանական և տնտեսական բռնությունը, որոնք հաճախ լինում են ֆիզիկական բռնության նախանշանները։ Օրենքը հստակ ընդգծում է, որ ընտանեկան բռնությունը «տան ներսի խնդիր» չէ, այլ իրավական խախտում, որը պահանջում է պետական միջամտություն։
Բռնությունից զոհերին պաշտպանելու համար գործում են պաշտպանական որոշումների համակարգեր։ Ոստիկանությունը կարող է կայացնել անմիջական պաշտպանական որոշում մինչև 20 օրով, իսկ դատարանը՝ մինչև վեց ամսով։ Այս որոշումները կարող են արգելել բռնարարին մոտենալ կամ կապ հաստատել զոհի հետ։
Չնայած իրավական մեխանիզմների առկայությանը, զոհերը բախվում են մի շարք մարտահրավերների, որոնք խանգարում են նրանց օգնություն փնտրել։ Դրանցից ամենամեծը տնտեսական կախվածությունն է բռնարարից և «ընտանեկան խնդիրները տանից դուրս չտանելու» կարծրատիպը։ Շատերը վախենում են հարազատների և հասարակության դատապարտումից, ամուսնալուծությունից կամ երեխաներին կորցնելու վտանգից։
Իրավապահ մարմինների արդյունավետության առումով նկատվում է առաջընթաց, սակայն շարունակական բարելավումներ են անհրաժեշտ։ Որպես առաջին և ամենակարևոր քայլ՝ Լուսինե Առուստամյանը խորհուրդ է տալիս անմիջապես դիմել ոստիկանություն և, եթե կան մարմնական վնասվածքներ, անհապաղ դիմել բժշկի՝ դրանք ֆիքսելու համար։ Այս քայլը կարևոր է հետագա իրավական գործընթացների համար։ Զոհը կարող է հավաքել նաև այլ ապացույցներ, ինչպիսիք են՝ վկաների ցուցմունքները, լուսանկարներ, ձայնագրություններ և հաղորդագրություններ։ Դատական գործընթացը կարող է տևել մի քանի ամսից մինչև մեկ տարի, բայց այս ընթացքում զոհը կարող է օգտվել պետական անվճար իրավաբանական աջակցությունից և ՀԿ-ների օգնությունից։
Որպես բարեփոխում՝ անհրաժեշտ է հստակեցնել օրենսդրության որոշ դրույթներ, արագացնել իրավապահ և դատական մարմինների արձագանքը և մեծացնել սոցիալական ծառայությունների ներգրավվածությունը։
«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Մարո Մաթոսյանը նշում է, որ ընտանեկան բռնությունը սկսվում է հաճախ աննկատ, հոգեբանական ճնշումից, որը ժամանակի ընթացքում կարող է վերածվել ավելի ծանր ձևերի՝ ֆիզիկական, տնտեսական կամ սեռական բռնության։ Այսօր արդեն առկա է նաև կիբեռբռնությունը, որը գնալով ավելի է տարածվում։ Սակայն, զոհերը հիմնականում օգնություն են փնտրում միայն այն ժամանակ, երբ իրավիճակը հասնում է ֆիզիկական բռնության կամ նույնիսկ կնոջ սպանության սպառնալիքի։
Ընտանեկան բռնությունը զոհերի մոտ առաջացնում է լուրջ հոգեբանական տրավմաներ։ Բանախոսի խոսքով, մարդու նյարդային համակարգը ծանրաբեռնվում է և այլևս չի կարողանում վերականգնվել, քանի որ զոհերն ապրում են մշտական վախի և վերահսկողության տակ։ Մարո Մաթոսյանը նշում է, որ տրավմայի հետևանքով «զոհը հաճախ կորցնում է խոսելու, ռացիոնալ մտածելու և որոշումներ կայացնելու ունակությունը»։ Նա կարող է շփոթվել, կորցնել կողմնորոշումը։ Երբ նրանք հեռանում են բռնի միջավայրից, մարմինը սկսում է վերականգնել իր հավասարակշռությունը, և այդ պահին շատ կարևոր է ստանալ պրոֆեսիոնալների հոգեբանա-սոցիալական աջակցություն։
Մեր բանախոսը շեշտում է, որ բռնությունից տուժածներին ամենակարևոր օգնությունը տրամադրում են մասնագիտացված կենտրոնները, որոնք ունեն սոցիալական աշխատողներ, հոգեբաններ և փաստաբաններ։ Բարձր ռիսկի դեպքերի համար կենտրոնները նաև ապաստարաններ են տրամադրում՝ կյանքեր փրկելու համար։ Մարո Մաթոսյանը շատ կարևոր խորհուրդ է տալիս բոլոր զոհերին. «Կանայք պետք է իմանան, որ նրանք արժանի չեն նման կյանքի, և ոչ ոք իրավունք չունի բռնություն գործել նրանց նկատմամբ»։ Նա նաև ավելացնում է, որ բռնությունը վարքագծի կրկնվող մոդել է, որը ժամանակի ընթացքում դառնում է ավելի վտանգավոր։
Ամփոփելով իր խոսքը՝ Մարո Մաթոսյանը անդրադառնում է նաև հասարակության և պետության դերին։ Նա նշում է, որ գենդերային կարծրատիպերը ստեղծում են անհավասարություն և թույլատրում տղամարդկանց գերակայությունը։ Այս առումով նրա ուղիղ խոսքը շատ կոնկրետ է. «Հասարակությունը պետք է ձգտի գենդերային հավասարության և ջախջախի հայրիշխանությունը»։
Ընտանեկան բռնությունը հաճախ մնում է վիճակագրական թվերի ու օրենքների սահմաններում, սակայն խնդրի իրական էությունը բացահայտվում է զոհերի անձնական պատմություններում։ Թեև բռնությունը սեռ չունի, մեր հասարակական կարծրատիպերը խոչընդոտում են, որ տղամարդիկ բարձրաձայնեն իրենց հետ տեղի ունեցող դեպքի մասին: Այդ պատճառով ստորև ներկայացվում է միայն կնոջ անանուն պատմություն, որը ցույց է տալիս, թե ինչպես է բռնությունը թողնում անտեսանելի վերքեր։
Անանուն պատմություն
Ես երկար չեմ ուզում խոսել, բայց գիտեմ՝ լռելը միայն ավելի վատ է դարձնում։ Սկզբում ամեն ինչ լավ էր։ Սովորական կյանք, սովորական ընտանիք։ Հետո սկսեց փոխվել։ Սկզբում փոքր էր թվում՝ մի քիչ խանդ, մի քիչ բարձր խոսել։ Մտածում էի՝ կանցնի։ Բայց չանցավ։
Ժամանակի ընթացքում ես արդեն վախով էի տուն մտնում։ Չգիտեի՝ ինչին եմ վերադառնում։ Եթե լավ տրամադրություն ուներ՝ կարող էր ժպտալ, եթե վատ՝ գոռալ։ Իսկ հետո սկսեց ձեռք բարձրացնել։ Առաջին անգամ ոչ ոքի չասացի։ Նայեցի հայելուն, տեսա կապտուկը ու ինքս ինձ ասացի՝ երևի պատահական էր։ Բայց հետո «պատահականը» դարձավ սովորական։
Ամեն անգամ, որ փորձում էի խոսել, ասում էր՝ «քո մեղքն է, դու ես ինձ հասցնում դրան»։ Մի պահ արդեն սկսեցի հավատալ, որ միգուցե իսկապես իմ պատճառով է։ Սկսեցի ավելի քիչ խոսել, քայլել լուռ, չծիծաղել բարձր։ Տունը, որ պետք է ապահով տեղ լիներ, դարձավ վախի վայր։
Վատն այն էր, որ հետո մեղմանում էր, ասում էր՝ «էլ չի կրկնվի»։ Ես ուզում էի հավատալ։ Հավատում էի, որովհետև չունեի այլ տարբերակ։ Բայց ամեն անգամ նույնն էր կրկնվում։
Մի օր ուղղակի հասկացա՝ եթե չգնամ, վերջաբանը անդառնալի կլինի իմ համար։ Համացանցով գտա մի ՀԿ։ Սկզբում չեմ թաքցնի՝ շատ էի վախենում։ Մտածում էի՝ գուցե իմ տեղը կասեն, գուցե ամուսինս կգտնի ինձ, գուցե ընդհանրապես չկարողանան օգնել։ Բայց դիմելու ուրիշ տեղ չունեի։ Ոչ հարազատ, ոչ ընկեր, որին կարողանայի վստահել։
ՀԿ-ն ինձ պաշտպանեց։ Տվեցին ժամանակավոր ապահով տեղ, օգնեցին գտնել աշխատանք։ Հիմա արդեն քայլ առ քայլ կազդուրվում եմ։ Հեշտ չի, անցյալը չեմ մոռացել, ու ցավը դեռ կա, բայց կյանքս փոխվել է։ Գոնե այլևս վախով չեմ ապրում։
Հիմա երբ պատմում եմ, հասկանում եմ՝ դա կարող էր լինել ցանկացած կնոջ հետ։ Ցանկացած հարևանիս, ընկերուհուս, աշխատակցիս։ Ու հենց դա է ամենասարսափելին։ Որ դա շատ ավելի մոտ է, քան մեզ թվում է։ Ուզում եմ միայն մի բան ասել․ լռել պետք չէ։ Եթե անգամ թվում է, թե ոչ ոք չի հասկանալու կամ չի օգնելու, կա՛ն մարդիկ ու կազմակերպություններ, որ կողքիդ կկանգնեն։ Պետք է միայն համարձակվել դիմել։
Այս պատմությունը ցույց է տալիս, որ ընտանեկան բռնությունը խորը հոգեբանական վերքեր է թողնում։ Այս թեմայի շուրջ իր մտքերով է կիսվում հոգեբան Հայկ Բաղդյանը։
Հոգեբանը նշում է, որ ընտանեկան բռնությունը խորը վերքեր է թողնում մարդու հոգեկանի վրա։ Քանի որ մարդու կյանքի առաջին փորձառությունները կապված են ընտանիքի հետ, այստեղ ստացած տրավմաները ազդում են նրա ողջ հետագա կյանքի վրա՝ առաջացնելով անհանգստություն, դեպրեսիա և նույնիսկ առողջական խնդիրներ։
Բռնության զոհերն ու բռնարարները հաճախ ստեղծում են մի ցիկլ, որտեղ զոհը գտնում է իրեն բռնություն գործողին, իսկ բռնարարը՝ իր զոհին։ Այս հարաբերություններում մարդիկ անընդհատ բաժանվում և միանում են՝ հույս ունենալով, որ ինչ-որ բան կփոխվի, բայց հոգեբանը զգուշացնում է, որ քանի դեռ տրավմաները մշակված չեն, այդ ցիկլը կրկնվելու է։
Բռնության զոհերը հաճախ մեղադրում են իրենց և կարծում, թե «ես եմ վատը, իմ հետ ինչ-որ բան այն չէ»։ Այս մտածելակերպի պատճառով նրանք հակված են մտնել անառողջ հարաբերությունների մեջ, քանի որ ենթագիտակցորեն կարծում են, որ արժանի չեն լավին։
Մասնագետի խորհուրդը պարզ է․ վերականգնման առաջին և ամենակարևոր քայլը բռնարարից հեռանալն է։ Վերականգնումը հնարավոր է միայն պրոֆեսիոնալ հոգեբանի օգնությամբ, ով կարող է ապահով միջավայր ստեղծել և աշխատել տրավմաների հետ։
Հոգեբանը նաև շեշտում է, որ բռնարարը նույնպես կարիք ունի օգնության, քանի որ նա հաճախ մանկության զոհ է և կրկնում է սովորած վարքը։ Ամփոփելով, Հայկ Բաղդյանը կարևորագույն խորհուրդն է տալիս. «Եթե բռնարարը քայլեր չի անում փոխվելու, թող զոհը հույս չունենա, որ նա կփոխվի, ավելի լավ է փախեք այդ տեղից»։
Մինչ փորձագետները և հասարակական գործիչները քննարկում են բռնության դեմ պայքարի ուղիները, «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպությունը 2012 թվականից ի վեր հասնում է մարդկանց՝ անցնելով մեկ տարում մի մարզ։ «Կանանց քայլարշավ» նախաձեռնության նպատակն է ոչ միայն բարձրացնել գենդերային բռնության մասին իրազեկվածությունը, այլև հավաքագրել տեղեկություններ կանանց առողջապահական, սոցիալ-տնտեսական և բռնությանը վերաբերող խնդիրների շուրջ։ Նախաձեռնության շրջանակում քայլարշավի մասնակիցները հինգ օրվա ընթացքում այցելում են 20-ից ավելի համայնքներ՝ շփվելով թե՛ պետական կառույցների, թե՛ անմիջապես կանանց հետ՝ տնետուն այցելությունների միջոցով։
Նախորդ ամիս քայլարշավը տեղի է ունեցել Կոտայքի մարզում, որտեղ մասնակիցները դեմ առ դեմ հանդիպեցին շուրջ 1000 կանանց հետ և բացահայտեցին բռնությանը վերաբերող բազմաթիվ յուրահատուկ օրինաչափություններ։
Կոտայքի մարզում բռնության մասին զրույցի ամենատարածված արձագանքը դրա կտրականապես ժխտումն էր։ Մարդիկ պնդում էին, որ իրենց համայնքում նման դեպքեր չեն լինում՝ այն վերագրելով կողքի կամ այլ գյուղերին։ Սակայն տնետուն այցելությունների և անմիջական զրույցների արդյունքում պարզ դարձավ, որ ֆիզիկական բռնության դեպքերն ոչ միայն գոյություն ունեն, այլև հաճախ բավականին ծանր են։ Այս ամենը բացահայտվում էր խաչաձև համեմատության միջոցով, երբ նույնիսկ հարևանները, ովքեր պնդում էին, որ իրենց մոտ նման դեպքեր չկան, տեղյակ էին իրենց կողքի տանը տեղի ունեցող բռնության մասին։
Ի տարբերություն ֆիզիկական բռնության, որը հաճախ քողարկվում է, հոգեբանական և տնտեսական բռնության դրսևորումները մարդիկ ավելի հանդուրժող և նորմալ էին համարում։ Դրանք ներառում էին կնոջը աշխատանքի կամ նույնիսկ ծնողական ժողովի չուղարկելը, որովհետև նա «պարտավոր էր» տանը լինել։ Նույնիսկ հարցազրույցի ընթացքում նկատելի են հոգեբանական ճնշումը. եթե կինը զրույցի ժամանակ մենակ էր, ավելի հանգիստ էր խոսում, սակայն ամուսնու կամ սկեսուրի ներկայությամբ միանգամից ընկճվում էր և չէր կարողանում կիսվել։
«Կանանց քայլարշավ»-ի մասնակիցները համոզված են, որ բռնությունը պարզապես առանձին դեպքերով արտահայտվող խնդիր չէ, այլ այն սովորում են դեռ մանկուց՝ միջավայրից, մեդիայից և ընտանիքից։ Երբ սերիալների «լավ տղա» հերոսը բռնության է դիմում, երեխաները ենթագիտակցորեն ընդօրինակում են նրանց։ Նույն տրամաբանությամբ, երբ տղաները հիմնականում մարտարվեստի դասընթացների են հաճախում՝ սովորելով ուժեղ և ագրեսիվ լինել, նրանց կրթում են մի հասարակության համար, որը նրանցից անընդհատ ֆիզիկական պաշտպանություն է պահանջում, մինչդեռ իրականում մեր առօրյայում այդպիսի կարիք այլևս չկա։ Այս ամենը համատարած է և առկա է Հայաստանի բոլոր մարզերում, այդ թվում նաև մայրաքաղաքում։
Մարզում իրականացված քայլարշավը բացահայտել է նաև երկու լրացուցիչ խնդիր, որոնք անմիջականորեն ազդում են կանանց կյանքի որակի և հավասարության վրա՝ տրանսպորտի և ջրի բացակայությունը։ Չնայած Կոտայքի մարզը Երևանին մոտ է, շատ համայնքներում ջրագիծ չկա, և մարդիկ ստիպված են խմել կեղտոտ հորերի ջուր, իսկ տրանսպորտի բացակայությունը սահմանափակում է կանանց տեղաշարժը, որը նրանց համար անհնարին է դարձնում աշխատանքի կամ կրթության գնալը։ Այս խնդիրները, որոնք առաջին հայացքից թվում են ենթակառուցվածքային, ի վերջո ուղղակիորեն ազդում են կանանց իրավունքների և անկախության վրա։
Բացի տեսանելի խնդիրներից, քայլարշավը բացահայտել է նաև բռնության այլ դրսևորումներ, որոնք հաճախ մնում են ուշադրության կենտրոնից դուրս։ Տնտեսական և հոգեբանական բռնությունը, երեխաների նկատմամբ կիրառվող բռնությունը և նույնիսկ սեռական ոտնձգությունները հաճախ նորմալ են համարվում, եթե դրանք չեն հասնում ֆիզիկական բռնության աստիճանի։ Հասարակությունը, մասնավորապես գյուղական վայրերում, հաճախ չի ընդունում այդ դրսևորումները որպես բռնություն։
Չնայած «Կանանց քայլարշավի» մասնակիցները չեն կարող տոկոսային հստակ վիճակագրություն տրամադրել բռնության դեպքերի վերաբերյալ, նրանք վստահորեն նշում են, որ հանդիպած բոլոր 1000 կանայք այս կամ այն կերպ խոսել են բռնության գոյության մասին։ Թեև նրանք հաճախ խուսափում էին խոսել սեփական կյանքի դեպքերից, բոլորն էլ հիշում էին իրենց ճանաչած մի կնոջ, ով ենթարկվել է բռնության։ Այս երևույթը ցույց է տալիս, որ բռնությունը համատարած է, սակայն հասարակության կողմից այն հաճախ նորմալացվում է՝ ընկալվելով որպես «ընտանեկան գործ», որին միջամտել չի կարելի։
Այս նորմալացումը հատկապես արտահայտվում է հարևանների մտածելակերպի մեջ։ Մի քանի դպրոցներում կանանց հետ զրույցների ժամանակ նրանք կտրականապես մերժում էին միջամտել բռնության դեպքերին, եթե դա տեղի էր ունենում հարևանի տանը։ Պատճառը մեկն էր. «Հետո կբարիշեն, մենք վատամարդ կդուրս գանք»։ Այս մտածելակերպը խիստ վտանգավոր է, քանի որ այն բռնությունը դարձնում է «մասնավոր» գործ և անտեսում է այն փաստը, որ տարիների ընթացքում բռնությունը կարող է հանգեցնել կնասպանության։
Հավաքագրված տեղեկատվության հիման վրա քայլարշավի մասնակիցները մյուս փուլում պլանավորում են համագործակցել Կոտայքի մարզպետարանի և այլ պետական կառույցների հետ։ Նպատակն է հասնել համակարգային լուծումների՝ ներգրավելով կրթության, առողջապահության և սոցիալական աջակցության բաժիններին։ Քայլարշավի առանցքային իմաստը ոչ միայն իրազեկումն է, այլև կոնկրետ լուծումներ տրամադրելը՝ մարդկանց կյանքում իրական փոփոխություն բերելու համար։
Բոլոր այս դիտարկումները ցույց են տալիս, որ բռնության դեմ պայքարը չի կարող սահմանափակվել միայն մեկ ծրագրով կամ մեկ կազմակերպության աշխատանքով։ Անհրաժեշտ է համատարած, համակարգային մոտեցում, որը կներառի կրթություն, մեդիա, ենթակառուցվածքային խնդիրների լուծում և օրենքի կիրառման ապահովում։
Այս նյութը, որը հրապարակվում է հոկտեմբերի 1-ին՝ Ընտանեկան բռնության դեմ պայքարի համաշխարհային օրը, կոչ է անում ոչ թե պարզապես հիշել խնդրի մասին, այլև գործել։ Թեև մեր հասարակությունը, մասամբ, դեռևս փակ է բռնության դեմ բաց քննարկումների համար, վիճակագրական տվյալները, իրավական առաջընթացը և բացահայտ անձնական պատմությունները վկայում են այն մասին, որ փոփոխությունն անխուսափելի է։ Բռնությունը մասնավոր խնդիր չէ, այլ համազգային, որը սնվում է լռությունից և կարծրատիպերից։
Բռնության դեմ պայքարը չի սահմանափակվում միայն օրենքներով. այն պահանջում է ամբողջ հասարակության ակտիվ ներգրավվածություն։ Յուրաքանչյուր քայլ՝ թե՛ հարևանի ճիչին արձագանքելը, թե՛ պետական կառույցներում բարեփոխումներ իրականացնելը, թե՛ հոգեբանական աջակցություն տրամադրելը, մեզ մեկ քայլով մոտեցնում է անվտանգ հասարակություն կառուցելուն։ Թող հոկտեմբերի 1-ը լինի ոչ միայն հիշատակի օր, այլև պայքարի մեկնարկի օր՝ հանուն ապահով և արժանապատիվ կյանքի բոլորի համար։
Արմիկ ԳՐԻԳՈՐՅԱՆ