25 տարի իրավապաշտպան գործունեությամբ զբաղված Նինա Կարապետյանցը՝ «ՆԺԱՐ» սահմանադրական շարժման համահիմնադիրը, շարժման վարչապետի թեկնածուն է լինելու: Այս մասին այսօր հայտարարեց շարժման համահիմնադիրներից՝ գյուտարար Արտաշես Իկոնոմովը: Հիշեցնենք, որ «Նժարի» անդամներն ավելի վաղ հայտարարել էին, որ մասնակցելու են 2026 –ի խորհրդարանական ընտրություններին:
Նրա խոսքով՝ իրենց թեկնածուն իր ամբողջ կյանքով ապացուցել է օրենքի ու իրավունքի նկատմամբ իր կայուն մոտեցումները:
– Պետք է մտնենք օրենքի դաշտ, վերականգնենք մեր ժողովրդավարությունը,- ասաց Իկոնոմովը՝ շեշտելով, որ Կարապետյանցի նման թեկնածու ունենալը կարեւոր իրադարձություն է մեր պատմության մեջ:
Կարդացեք նաև
Շարժման մյուս անդամներից Գարեգին Միսկարյանն էլ շարունակեց՝ նկատելով, որ Կարապետյանցը 25 տարիների ընթացքում աչքի է ընկել արժեքների հավատարմությամբ, համակարգի կողմից ճնշումներին դիմակայելու , դրանց չենթարկվելու գաղափարական սկզբունքայնությամբ:
Նա շեշտեց, որ քաղաքական դաշտում քաղաքական ուժերի գործող առաջին համարի հայտ ներկայացրած անձինք կուսակցական են, բայց ՀՀ առջեւ ծառացած խնդիրը կուսակցական մակարդակում լուծելի չէ, համակարգային լուծումներ են պետք:
Նախքան շարժման անդամները կհրապարակեն իրենց կառավարության կազմը, ըստ Միսկարյանի՝ քաղաքական ուժերի հետ լայն կոնսոլիդացիա է անհրաժեշտ: Այդ պատճառով հիմա ժամանակավրեպ են համարում խոսել նախարարների կամ այլ պաշտոնների մասին, բայց մեկուկես ամսվա ընթացքում կներկայացնեն կառավարության իրենց կազմին, այդ թիմը կներկայացնի, թե ինչպես է կազմակերպելու ՀՀ զարգացումը ծրագրային մակարդակով:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ