Տարիներ առաջ՝ 2004 թվականին, դեռեւս Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք, իշխանությունը դժգոհ էր մնացել ԵԽԽՎ-ում ընդդիմադիր պատգամավորներ Արտաշես Գեղամյանի եւ Շավարշ Քոչարյանի ելույթներից: Այնքան դժգոհ էր, որ իշխանամետ ակտիվիստները եկել էին «Զվարթնոց» օդանավակայան՝ պաստառներով եւ պատգամավորների հասցեին «դավաճաններ» վանկարկումներով: Արտգործնախարար Վարդան Օսկանյանն էլ նախատել էր ընդդիմադիրներին՝ մեր կեղտոտ լվացքը օտարներին ցույց տալու համար:
Գեղամյանի եւ Քոչարյանի քննադատությունը հիմնավոր էր եւ վերաբերում էր Հայաստանում ժողովրդավարության վիճակին: Հարց. արդյոք վերջին 21 տարում ինչ-որ էական բա՞ն է փոխվել: Իմ կարծիքով՝ ոչ: Ոստիկանությունն առաջվա նման ջարդում է ցուցարարների գլուխները, Հ1-ը, ինչպես եղել է իշխանության քարոզչական գործիք, այդպես էլ մնացել է: Դատարանները շարունակում են կատարել առաջին դեմքից եկող քաղաքական պատվերները: Իշխանությունն առաջվա նման ունի իր «սրտի օլիգարխներին»՝ մի մասը հին են, մի մասը՝ նոր:
Դրանց ավելացրեք նաեւ ֆեյսբուքյան «ստատուսի» համար աշխատանքից ազատելը, իսկ գրառումը կիսելու համար՝ խիստ նկատողություն տալը: Դրանք նոր բաներ են պարզապես այն պատճառով, որ Քոչարյանի ժամանակ ֆեյսբուք չկար:
Սակայն մի կարեւոր բան փոխվել է: Եվրոպայի խորհուրդը ու մնացած կառույցներն այդ ամենի վրա աչք են փակում: Դրա հերթական ապացույցն այն է, որ ԵԽԽՎ պատվիրակները, վերջերս հնարավորություն ունենալով ՀՀ վարչապետին հարցեր տալու, չհետաքրքրվեցին, թե ինչու մեր «չնաշխարհիկ ժողովրդավարական երկրում» կան քաղբանտարկյալներ: Պարզ է, որ եթե այդպիսի հարց հնչեր, ապա Փաշինյանը կասեր, որ այդ մարդիկ քաղբանտարկյալներ չեն, եւ ինքն ընդհանրապես որեւէ կապ չունի այդ մարդկանց ազատությունից զրկելու հետ (տասնամյակներ շարունակ իշխանությունները հենց դա են ասում): Բայց ինքնին նման հարց չհնչեցնելը խոսում է եվրոպացիների տրամադրությունների մասին:
Կարդացեք նաև
…Ժամանակին, ընդդիմադիր խմբագիր լինելով, Փաշինյանը Եվրոպայի նման ներկայացուցիչներին անվանում էր «եվրոյոնջաներ»՝ այն բանի համար, որ նրանք պատշաճ ուշադրություն չեն դարձնում Հայաստանում մարդու իրավունքների կոպիտ խախտումներին: Կարծում եմ, այդ գնահատականը պահպանել է իր արդիականությունը:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ



















































Իմ սիրողական վերլուծությամբ, իշխանության որակը այս երեսուն տարիների ընթացքում մոնոտոն նվազում է, երբ ՝շիլոյին գալիս փոխարինում է մըլոն՝ եւ պետք է կամ էս ներկայիս համար ցանկանանք երկար իշխանություն, որովհետեւ սրա հաջորդը ավելի վատն է լինելու: Կամ էլ ոչ շատ դանդաղ դառնում ենք հայ քաղաքական սուբյեկտ, որ միակ լուծումը չլինի ՝շիլոյին մըլոյով փոխելը՝, որն անում են դրսի քաղաքականապես անմակարդակ պետությունների իշխանությունների հատուկ ծառայությունների ուժերը: Այլ դառնում ենք քաղաքականապես զարգացած քաղաքական սուբյեկտ եւ անկախ այն բանից, թե ո՞վ է իշխանության օրինական եկել կամ անօրինական զավթել, ստիպված ենթարկվի հայ քաղաքական սուբյեկտին ավելի շատ, քան դրսի հատուկ ծառայությունների ուժերին: Դրա համար, վերջապես մեր քաղաքական մեծությունները կամաց կամաց դա հասկանում են եւ չեն խորշում կուսակցություն ստեղծել: Կուսակցություններն առանձին առանձին մարտավարական միավոր են, բայց երբ նրանք ստեղծեն վերկուսակցական կենտրոնացված կառույց, ով բոլոր կուսակցությունների համար օրենք կընդունի եւ կստիպի ենթարկվել իր կողմից ընդունված օրենքներին, այ սա կլինի մեր հայ քաղաքական հասունության վկայականը: Սա է քաղաքական սուբյեկտը, ում օրենքին ստիպված կենթարկվի ցանկացած կուսակցություն, ով կգա իշխանության: Այս վերկուսակցական կենտրոնացված կառույցի ընդունած օրենքը կոչվում է Սահմանադրություն: Միավորվեք եւ ընդունեք այնպիսի Սահմանադրություն, որն ընդունելի լինի բոլոր անխտիր քաղաքացիների համար եւ բոլոր անխտիր քաղաքացիները դառնան Սահմանադրության պաշտպանության ու զարգացման կենաց մահու կռիվ տվող ռազմիկ (իսկ ով դեմ կլինի Սահմանադրությանը՝ կամ համոզում ենք, որ ընդունի այն, իսկ եթե չի համոզվում՝ զրկում ենք քաղաքացիությունից): ՄԻԱՑՈ՛ՒՄ: