Կարեւորը ճիշտ բառեր արտասանելը չէ, կարեւոր է այն բովանդակությունը, որն ունի այս կամ այն երեւույթը: Ասենք «խաղաղություն», թե չասենք` դրանից Ադրբեջանի ագրեսիվ սպառնալիքները չեն դադարի, Բաքվում խոշտանգվող մեր հայրենակիցները տուն չեն վերադառնա, մեր ինքնիշխան տարածքները չեն վերադարձվի: Կոչեք դա «խաղաղություն», «զինադադար», թե «երկնային արքայություն», դրանից իրավիճակը չի փոխվի: Եթե նույնիսկ ամեն օր հայտարարություն ընդունենք խաղաղության մասին եւ ամեն վայրկյան հօգուտ խաղաղության ճառեր արտասանենք:
Ասենք թե չասենք «միջանցք»՝ դրանից Ադրբեջանի եւ Թուրքիայի հավակնությունները չեն փոխվի: Ի դեպ, կողմերը բանակցում են եւ թուղթ են ստորագրում հենց նրա համար, որ X եզրույթի տակ հասկանան Y երեւույթը: Եթե նրանք տարբեր բաներ են հասկանում, կամ ասում են՝ «ես այսպես եմ ընկալում, թող նա էլ այնպես ընկալի», ուրեմն՝ բանակցություններն այնքան էլ հաջող չեն անցել:
Նույնը՝ կրթությունը: Ինքնին, իհարկե, այն շատ կարեւոր է եւ անհրաժեշտ: Բայց եթե կրթությունը իշխող զույգին քծնելու արշավ է, ապա դրա տակ ոչ մի դրական բովանդակություն չկա: Եթե դա պարզապես միջնակարգ կամ բարձրագույն կրթություն ստանալու մասին դիպլոմ է, դա նույնպես որեւէ բան չի տալիս: Ինչ խոսք, լինում են գիտությունների անգրագետ դոկտորներ եւ տգետ պրոֆեսորներ:
Այդ ամենը ես արձանագրում եմ՝ վերջերս խորհրդարանում ծավալված բանավեճի առթիվ, թե արդյո՞ք ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար պետք է բարձրագույն կրթություն: Իհարկե, հնարավոր է, որ կոնկրետ այս պատգամավորն ինքնուս մասնագետ է, ինքնաբուխ տաղանդ, որն ի վերուստ տրված ինչ-որ ինտուիցիայի միջոցով հասկանում է, թե ինչպիսին պետք է լինի առողջապահությանը վերաբերող օրենսդրությունը:
Կարդացեք նաև
Բայց խնդիրն այս՝ առանձին վերցրած դեպքի մեջ չէ: Խոսքն իրական կրթության, կրթված մարդու, մտքի, գիտելիքի, ինտելեկտի մասին է: Եվ այստեղ, պետք է ասել, ՔՊ-ի մոտեցումը խիստ հակակրթական է: Երբեմն այն արտահայտվում է ուղիղ տեքստով, իսկ երբեմն թափանցիկ ակնարկներով: Առանցքում բոլշեւիկյան պարզունակ թեզն է. թեեւ մենք ձեր համալսարանները չենք ավարտել, մենք ուղնուծուծով զգում ենք, հասկանում ենք, թե ինչ է ուզում ժողովուրդը, որովհետեւ մենք այս ժողովրդի հետ կապված ենք պորտալարով, իսկ դուք, կեղծ էլիտարներդ, այս ժողովրդին խորթ եք:
Այն մարդիկ, որոնք այդպիսի միստիկ կապ ունեն ժողովրդի հետ, նրանք ոչ մի կրթության կարիք, բնականաբար, չունեն:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Լուսանկարը՝ Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան էջից