Լրահոս
Օրվա լրահոսը

Գարուշը բուշլատը գցեց վրեն, դռնից թռավ. այս տեղեկությունը ծնողներին հայտնած հոգեբանը հրաժարվեց ասածներից

Հոկտեմբեր 03,2025 14:16

Այսօր Գեղարքունիքի մարզի Սեւանի նստավայրում Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի ու դրա հետեւանքով 15 զինվորի մահվան դեպքի քննության գործով հարցաքննվեց ինժեներասակրավորների վաշտի հոգեբան սպա Վահագն Ներսիսյանը:

Այս վկան կարեւոր տեղեկություններ էր հայտնել դեպքից հետո զոհված զինվորների ծնողներին՝ կացարանից փրկված զինծառայող Գարուշ Սարգսյանի վերաբերյալ: Նա ասել էր, որ Գարուշն իրեն ասել է, որ բուշլատը գցել է վրան ու թռել դռնից: Մինչդեռ, ըստ նախաքննության տվյալների, Գարուշը մեկն էր այն զինծառայողներից, որը փրկվել էր մի կերպ, պատուհանից դուրս գալով: Ըստ զոհվածների ծնողների՝ հոգեբան սպան իրենց վստահեցրել էր, որ այդ տեղեկությունը ինքը դատարանում էլ կասի, սակայն այսօր վկան մինչեւ վերջ պնդեց, որ այդ տեղեկությունն ինքը չի կարող հիմնավորել փաստերով, որ այդ մասին ոչ թե Գարուշն է իրեն ասել, այլ դա իր կարծիքն է պարզապես եղել: Իսկ ինչ հանգամանքներից ելնելով է նման կարծիք կազմել՝ հարցին պատասխանեց՝ Գարուշի ստացած թեթեւ վնասվածքներից:


-Դուք անպատասխանատու հայտարարություն եք արել, չեք մտածել` կարող է ճակատագրական լինել ծնողների համար,- հոգեբանի ասածներին արձագանքեց տուժողների ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանը:

-Ինչո՞ւ պետք է հիմա ձեր խոսքը ավելի արժանահավատ համարի դատարանը, քան դեպքի սկզբնական փուլում, որ ասել եք ծնողներին, մահացած զինծառայող Գագիկ Բարսեղյանի հորը՝ Արման Բարսեղյանին,- հարցրեց Նորիկյանը:

Վկան պատմեց, ու դեպքի օրը տանն է եղել, իրեն հերթապահությունից զանգել են՝ դեպքի մասին հայտնել, կապ է հաստատել զորամասի հրամանատարի հետ, վերջինս հրահանգել է գնալ զինվորական հոսպիտալ՝ ասելով, որ այնտեղ ողջ զինվորներ կան:

Այս վկան նաեւ վստահեցրեց, որ ինժեներասակրավորների վաշտի զինվորների հետ մշտապես շփվել է, ճանաչել է բոլորին, նրանցից որեւէ մեկի մոտ չի հայտնաբերել տրամադրության խանգարում, հոգեբանական խնդիրներ: Իսկ այրված ու մահացած զինծառայողներից Գագիկ Բարսեղյանն իր համագյուղացին էր, նրան ավելի լավ է ճանաչել, սակայն վստահեցրեց, որ վերջինս երբեւէ չի պատմել սպաների ու զինվորների փոխհարաբերությունների լարվածության, հնարավոր բռնության, ճնշումների մասին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031