Լրահոս
Վաղարշապատի դասերը
Օրվա լրահոսը

Շատ հուզիչ է եւ ուրախացնող, իմ «Կոնդը» եւ «Սպիտակ քաղաքը» եւս ժամանակին «Պոմպիդու»-ում են ցուցադրվել. Հարություն Խաչատրյան

Հոկտեմբեր 03,2025 14:59

«Այս տարվա հոկտեմբերի 9-ից նոյեմբերի 30-ը «Ժորժ Պոմպիդու» արվեստի և մշակույթի ազգային կենտրոնում՝ համաշխարհային արվեստային ամենակարեւոր կենտրոններից մեկում կայանալու է կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի 10 ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը: Սա իրոք պատմական հետահայաց ցուցադրություն է հայկական կինոյի համար, որովհետեւ չի եղել որեւէ այդպիսի դեպք «Ժորժ Պոմպիդու» կենտրոնի բացումից հետո»,-ասաց Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանի գլխավոր խորհրդական Արայիկ Մանուկյանը՝ այդ առիթով հրավիրված ասուլիսում:

«Շատ ուրախալի լուր է, որով ուզեցինք ձեզ հետ կիսվել: Շնորհակալություն ԿԳՄՍ նախարարությանը եւ թիմին, որ այդ 10 ֆիլմերը ցուցադրումը շատ լավ կազմակերպել են՝ եւ աֆիշները, եւ կապերը Ֆրանսիայի հետ, ծրագրի ու ֆիլմերի ճիշտ ընտրությունը: Ընտրված 10 ֆիլմերը մեկը մյուսի տրամաբանական շարունակությունն են»,-ասաց Հարություն Խաչատրյանը:

Կինոռեժիսորն ընդգծեց, որ ԿԳՄՍ նախարարությունը շատ արագ թվայնացրել է ֆիլմերը: Նաեւ հիշեցրեց, որ մի շարք փառատոներում վերջերս եւս ցուցադրվել են իր ֆիլմերը:

Ինչ վերաբերվում է «Ժորժ Պոմպիդու» կենտրոնում ցուցադրվելուն, Հարություն Խաչատրյանը նշեց. «Սա մեծ նվեր է 70 տարեկան դարձած ռեժիսորին: Շատ հուզիչ է եւ ուրախացնող: Ի դեպ, ժամանակին Պոմպիդու կենտրոնում ես իմ «Կոնդը» եւ «Սպիտակ քաղաքը» ֆիլմերն եմ ցուցադրել ժամանակին: Նորից եկավ ընտրված 10 ֆիլմով իմ արվեստի, իմ կինոյի մասին հիշեցնելու ժամանակը»:

ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանի ձեւակերպմամբ, նախարարությունը եւ կինոգործիչների միությունը նույն ուղղությամբ են նայում, եւ իրենց համար շատ կարեւոր են կինոոլորտից եկող եւ առաջարկները, եւ քննադատություններն ու նկատառումները:

«Այս տարի մեր սիրելի մաեստրոյի հոբելյանն է, եւ հոբելյանական տարին սկսվել էր հունվարից: Եղել են մի շարք միջոցառումներ, ամենակարեւորներից մեկն էլ հոկտեմբերի 9-ից «Ժորժ Պոմպիդու» կենտրոնում կայանալիք ցուցադրություններն են լինելու: Ընդհանրապես այդ կենտրոնում 3-4 ֆիլմով են լինում հետահայաց ցուցադրություններ, իսկ Հարություն Խաչատրյանի դեպքում 10 ֆիլմի մասին է խոսքը: «Ժորժ Պոմպիդու» կենտրոնը հերթական հարթակ չէ, դա Եվրոպայի սրտում՝ Ֆրանսիայում, կինոյի երկրում ամենակարեւոր կենտրոններից մեկն է: Այդտեղ ցուցադրվելով՝ Հայաստանը ներկայանում ենք որպես բարձր արվեստի երկիր: Այն ֆիլմերը, ինչ մեր սիրելի մաեստրոն ստեղծել է տասնամյակներ ի վեր, այսօր էլ արդիական են՝ համաշխարհային արվեստի համատեքստում: Մաեստրոյի արվեստով մեր կինոն ներկայանում է համաշխարհային հարթակում»,-ասաց ԿԳՄՍ փոխնախարարը:

Հավելենք., որ համաշխարհային կինոհանդիսատեսը դիտելու է կինոռեժիսորի «Կոնդ», «Սպիտակ քաղաք», «Վերադարձ ավետյաց երկիր», «Վերջին կայարանը», «Վավերագրողը», «Պոետի վերադարձը», «Սահման», «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ», «Փակուղի», «Նկարչի երեք գերեզմանները» ֆիլմերը:

« Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարվառա Հովհաննիսյանը նշեց, որ բացի Հարություն Խաչատրյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունից, լինելու են ֆիլմերի քննարկումներ ու վարպետաց դաս. «Սա ոչ միայն ֆիլմերի ցուցադրություն է, այլեւ մշակութային երկխոսություն, որտեղ ներգրաված են լինելու մեր հայրենակից եւ Ֆրանսիայում ապրող ու գործող կինոռեժիսորներ, այնպիսիք, ինչպիսիք են Սերժ Ավեդիքյանը, Թամարա Ստեփանյանը, Նորա Մարտիրոսյանը եւ Քլեր Սիմոնյանը: Այդ մարդիկ ներկա են լինելու ցուցադրություններին եւ ֆիլմերից հետո վստահ եմ՝ շատ հետաքրքիր երկխոսություն է ծավալվելու պարոն Խաչատրյանի եւ նրանց միջեւ»:

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031