Լրահոս
Օրվա լրահոսը

Բուժառուները պետք է հասկանան, որ ռինոպլաստիկան մոգական լուծում չէ. այն բժշկական միջամտություն է

Հոկտեմբեր 04,2025 12:00

Գեղեցկության ձգտումը հաճախ մարդկանց մղում է դիմել պլաստիկ վիրաբուժության։ Սակայն ի՞նչ ռիսկեր կարող են առաջանալ, ինչպե՞ս պետք է անցնել վերականգնման փուլը, եւ ինչո՞ւ է կարեւոր վստահել ճիշտ մասնագետի։ Այս եւ այլ հարցերի շուրջ Aravot.am-ը զրուցել է պլաստիկ վիրաբույժ Արտյոմ Բեգլարյանի հետ։

-Բժիշկ Բեգլարյան, վերջին տարիներին, ռինոպլաստիկայի պահանջարկը նկատելիորեն աճել է։ Ինչո՞վ է դա պայմանավորված։

– Ռինոպլաստիկայի թվի աճին նպաստում են մի շարք գործոններ։ Նախ՝ մեր տարածաշրջանի առանձնահատկություններից ելնելով, գրեթե բոլոր պացիենտների մոտ առկա է միջնապատի թեքվածություն, որը շատ դեպքերում հնարավոր չէ շտկել առանց վիրահատական միջամտության։ Բացի այդ, եթե շուրջ երկու տասնամյակ առաջ քթի պլաստիկ վիրահատություն իրականացնող մասնագետները քիչ էին, ապա այսօր ոլորտում արդեն գործում են զգալի թվով փորձառու բժիշկներ։ Նշանակալի է նաեւ արտասահմանից պացիենտների աճող հոսքը։ Վիրահատությունների թվի ավելացումը պայմանավորված է նաեւ արդյունքների որակի բարձրացմամբ. մարդիկ, տեսնելով հաջողված ու ներդաշնակ արդյունքները, ավելի հաճախ են դիմում ռինոպլաստիկայի՝ թե՛ էսթետիկ, թե՛ ֆունկցիոնալ նպատակներով:

– Վիճակագրորեն` պլաստիկ միջամտությունների ավելի շատ դիմում են կանա՞յք, թե՞ տղամարդիկ։

– Սովորաբար պլաստիկ միջամտություններին ավելի շատ դիմում են կանայք ու աղջիկները, բայց վերջին տարիներին նկատվում է տղամարդկանց կողմից հետաքրքրության աճ։

– Այսօր բուժառուները հիմնականում քթի ի՞նչ ձեւ են նախընտրում. բնական ու նուրբ ձեւափոխո՞ւմ, թե՞ ավելի արտահայտված։

– Յուրաքանչյուր պլաստիկ վիրաբույժ ժամանակի ընթացքում ձեւավորում է իր յուրահատուկ «ձեռագիրը» եւ հավաքում իր հիվանդների շրջանակը։ Ընդհանրապես, նրանք, ովքեր նախընտրում են բնական արդյունք, դիմում են այն մասնագետներին, որոնց մոտեցումն ավելի բնական է։ Իսկ նրանք, ովքեր ձգտում են «բարբի»”ոճին կամ արտահայտված ձեւերին, ընտրում են այդ ուղղվածությամբ աշխատող բժիշկների։ Վերջին տարիներին, սակայն, առավել նկատելի է բնական քթի ձեւերի պահանջարկը։

– Երբեմն մարդիկ ունենում են անիրական սպասելիքներ։ Նման դեպքերում հրաժարվո՞ւմ եք վիրահատությունից։

-Ուղղակի վիրահատությունից հրաժարվել ճիշտ չէ։ Բժիշկը պետք է հստակ ու հիմնավորված բացատրի պատճառները։ Անկեղծ զրույցի ընթացքում անհրաժեշտ է բուժառուին ներկայացնել, թե ինչ կարելի է ակնկալել, ինչ հնարավորություններ կան եւ ընդգծի, որ յուրաքանչյուրի անատոմիական կառուցվածքը յուրօրինակ է։ Հետեւաբար մեկի քթի արդյունքը մյուսի մոտ ստանալ հնարավոր չէ։ Եթե պարզվում է, որ բուժառուի սպասելիքները չեն համընկնում իրական հնարավորությունների հետ, բժիշկը պետք է բացատրի դա եւ խորհուրդ տա հրաժարվել վիրահատությունից։

-Երբ խոսքը ռինոպլաստիկայի մասին է, մասնագետների շատ լինելը երբեմն կարող է շփոթեցնել։ Ինչպե՞ս պետք է բուժառուն ընտրի՝ ում դիմել։

– Այս ոլորտում շոուն շատ է, եւ հաճախ բուժառուները որոշում են կայացնում՝ պարզապես գովազդին վստահելով։ Սակայն ամենակարեւորն իրոք ճիշտ բժիշկ ընտրելն է։ Պետք է  մանրամասն ուսումնասիրել ոչ միայն բժշկի մասնագիտական ուղին եւ կատարած աշխատանքները, այլեւ հաշվի առնել նախկին բուժառուների կարծիքները, որոնք հաճախ ամենաիրատեսական պատկերն են տալիս։ Պետք է հիշել, որ հաջողված դեպքերի մասին սովորաբար քիչ է խոսվում, մինչդեռ բարդությունները միշտ ավելի շատ են ուշադրության կենտրոնում լինում։

– Ի՞նչ հակացուցումներ կան քթի վիրահատության համար։

– Հակացուցումներ կարող են լինել՝ օնկոլոգիական հիվանդությունները, սուր ինֆեկցիոն վիճակները, ինչպես նաեւ որոշ հոգեկան խանգարումներ։ Վիրահատությունը հակացուցված է նաեւ քրոնիկ հիվանդությունների սրացման փուլերում։

– Ի՞նչ փուլերով պետք է անցնի բուժառուն նախքան վիրահատությունը։

– Նախքան վիրահատությունը չափազանց կարեւոր է բժիշկ-բուժառու անմիջական կապը եւ փոխադարձ վստահությունը։ Համաձայնության գալուց հետո բուժառուն հանձնում է նախավիրահատական անալիզներ։ Եթե առողջական խնդիրներ չհայտնաբերվեն, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ, ապա պլանավորվում է վիրահատությունը։ Բացի այդ, մինչ վիրահատությունը բուժառուն պարտադիր զրույց է ունենում անեսթեզիոլոգի հետ։

– Հետվիրահատական խնամքի բացթողումները ինչպիսի՞ վտանգներ կարող են առաջացնել։ Այս համատեքստում ճիշտ է խոսել նաեւ բժիշկ-բուժառու պատասխանատվության չափի մասին։

– Բժիշկը պարտավոր է հստակ ներկայացնել թե՛ հնարավորությունները, թե՛ սահմանափակումները, ինչպես նաեւ վերահսկել, որ պացիենտը հետեւի տրված ցուցումներին։ Միեւնույն ժամանակ կարեւոր է ընդգծել, որ նույնիսկ ամենապատշաճ հետվիրահատական խնամքի դեպքում որոշ բարդությունների ռիսկ միշտ առկա է։ Այդ մասին անպայման պետք է խոսել դեռ նախնական խորհրդատվության ընթացքում։ Օրինակ, եթե պացիենտը դիմում է արդեն իսկ արտահայտված դեֆորմացիայով եւ ակնկալում է բացարձակ ուղիղ արդյունք, բժիշկը պետք է բացատրի, որ ասիմետրիայի հավանականությունը պահպանվում է նույնիսկ ի սկզբանե ուղիղ քթի դեպքում։ Ուստի նախնական դեֆորմացիայի առկայության պայմաններում բարդությունները լիովին բացառել հնարավոր չէ։ Բուժառուները պետք է հասկանան, որ վիրահատությունը մոգական լուծում չէ. դա բժշկական միջամտություն է։ Եթե հակառակը լիներ, ապա յուրաքանչյուր ոք կկարողանար զբաղվել պլաստիկ վիրաբուժությամբ։

– Որո՞նք են ամենատարածված սխալ պատկերացումները քթի պլաստիկ վիրահատության մասին։ Կա՞ն միֆեր, որոնք խանգարում են ճիշտ որոշում կայացնել։

– Մարդկանց շրջանում երբեմն հանդիպում են սխալ պատկերացումներ։ Կարծում են, թե քթի վիրահատությունը կարող է խաթարել դեմքի համաչափությունը կամ անպայման կհանգեցնի նոր վիրահատությունների։ Սակայն իրականում այս մտքերը ոչ մի հիմնավորում չունեն։

– Եղե՞լ են դեպքեր, երբ Ձեզ դիմել են այլ մասնագետի անհաջող վիրահատությունից հետո։ Ինչպիսի՞ մոտեցում եք ցուցաբերում նման իրավիճակներում։

– Առաջին քայլս այն է, որ համոզեմ նրանց նախ գնալ եւ զրուցել սկզբնական վիրահատությունն իրականացրած բժշկի հետ, որովհետեւ լավագույնս նա է ծանոթ խնդրին։ Բայց, այնուամենայնիվ, եթե բուժառուն պնդում է իմ օգնությունը ստանալ, փորձում եմ լուծում գտնել եւ կարգավորել խնդիրը։

-Տարածված են նաեւ ռինոպլաստիկայի այլ տեսակներ՝ թելերով ձգումներ, ներարկումներ։ Որքա՞ն է դրանց արդյունավետությունը։

– Լուրջ փոփոխությունների համար ամենաարդյունավետ լուծումը ռինոպլաստիկան է։ Մյուս միջամտությունները հիմնականում ապահովում են միայն ժամանակավոր արդյունք եւ չեն կարող ամբողջությամբ փոխարինել ռինոպլաստիկային։ Բացի այդ, երբեմն դրանք կարող են բերել բարդությունների, ինչի արդյունքում պացիենտները կրկին դիմում են ռինոպլաստիկայի։ Այդ դեպքում միջամտությունը համարվում է երկրորդային, եւ վիրաբույժը ստիպված է աշխատել այն հյուսվածքների հետ, որոնք արդեն որոշակի փոփոխության են ենթարկվել:

– Իսկ համակարգչային մոդելավորման արդյունքներին կարելի՞ է վստահել։

– Շատ կարեւոր է հասկանալ, որ մոդելավորումը պարզապես նախնական պատկեր է, ոչ թե վերջնական արդյունք։ Այն ստեղծվում է բժիշկի համար՝ հասկանալու պացիենտի ցանկությունները։ Ոչ մի բժիշկ չի կարող խոստանալ միլիմետրային համընկնում մոդելավորման եւ իրական արդյունքի միջեւ։ Հաճախ վերջնական արդյունքը ստացվում է նույնիսկ ավելի գեղեցիկ, քան ծրագրած տարբերակը։

– Հաճախ ընթերցողին հետաքրքրում են ոչ միայն արդյունքները, այլեւ կուլիսային պատմությունները։ Կարո՞ղ եք հետաքրքիր դեպք պատմել Ձեր պրակտիկայից։

-Խորհրդատվության ժամանակ մի երիտասարդ պատմեց, որ երկար ժամանակ մտածում է վիրահատության մասին, բայց վախերն ու անորոշությունը խանգարում են։ Եկել էր հստակ հասկանալու՝ ինչ է իրեն սպասվում։ Ես պատմեցի բոլոր մանրամասները, նույնիսկ փորձեցի փոխանցել վիրահատարանի մթնոլորտը։ Իսկ նա՝ լսելով, հանկարծ իրեն վատ զգաց։ Ուշքի բերելուց հետո ճանապարհեցի տուն եւ հորդորեցի մեկ անգամ եւս մտածել վիրահատության դիմելու մասին։ Իհարկե, նա այդպես էլ չվերադարձավ, ինչը եւս մեկ անգամ ընդգծում է՝ որքան մեծ ազդեցություն ունի հոգեբանական պատրաստվածությունը։

Պերճուհի ԳԵՎՈՐԳՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.10.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031