ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տարիներ առաջ՝ 1987-ին, գիրք է հրատարակել (լրագրող Թոնի Շվարցի հետ համահեղինակությամբ), որը կոչվում է «Գործարքի արվեստը»՝ «The Art of the Deal»: Ըստ ամենայնի, քաղաքականությանը նա նույնպես մոտենում է այդ տեսանկյունից՝ երկու կողմերին պետք է թվաբանորեն ձեռնտու լինի գործարք կնքել:
Օրինակ, Պուտինը չի համաձայնում Ուկրաինայի հարցով գործարքի՝ մտածելով, որ իր դիրքերը շատ ավելի նպաստավոր են՝ պատերազմն ավարտելու համար: Ի՞նչ է պետք ՌԴ նախագահին համոզելու համար` ըստ Թրամփի տրամաբանության: Պարզ է՝ ավելացնել Ուկրաինայի «կապիտալիզացիան», կարողությունները (զենքի տեսքով), որպեսզի Պուտինը հասկանա, որ պատերազմը շարունակելն իրեն ձեռնտու չէ:
Եթե խոսքը գնար զուտ բիզնեսի մասին, ապա, ենթադրում եմ, այդ մոտեցումն արդարացված կլիներ: Բայց քաղաքականության՝ այդ թվում՝ պատերազմների դեպքում, կարծում եմ, կան ոչ թվաբանական, ոչ նյութական գործոններ, որոնք հաշվարկելն այդքան պարզունակ գործողություն չէ: Ռուսաստանի հավակնությունները, մասնավորապես, չեն սահմանափակվում հարեւան երկրի տարածքներով: Պուտինն ուզում է առաջնային դեր խաղալ անվտանգության ապագա համաշխարհային ճարտարապետության մեջ: (Թե որքանով են այդ հավակնություններն իրավաչափ, այլ հարց է):
Այդ պատճառով է ինձ թվում, որ որեւէ տեղ խաղաղությունը չի կարող հաստատվել մասնավոր գործարքներով: Դրանք պետք է լինեն ընդհանուր համակարգի մի մասը, իսկ համակարգը (Վեստֆալի, Վերսալի կամ Յալթայի նման) այս պահին չկա: Համակարգի բացակայության դեպքում գործարքի մի կողմը հանդես է գալիս որպես խաբեբա, իսկ մյուսը ՝ որպես «լոխ»: Օգոստոսի 8-ի փաստաթղթերի դեպքում խաբեբաները Թուրքիան եւ Ադրբեջանն են, իսկ մենք… համապատասխանաբար:
Կարդացեք նաև
Երբ տարածաշրջանի երկրներից մեկը շեշտակի բարձրացնում է իր ռազմական ծախսերը, իսկ մյուսը, տեղի տալով այդ երկրի պահանջներին, կրճատում է, խոսել երկարատեւ, կայուն խաղաղության մասին՝ առնվազն ինֆանտիլիզմ է:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ամենավատն այն է, որ որոշ թերուս լոխերի թվում է, որ իրենց իրենց գժի տեղ դնելով՝ միջազգային հարաբերություններում կռուտիտներ անելն իրենց ազատում է «լոխ» պիտակից, չհասկանալով, որ դրանով իրենք ավելի են խճճվում խաբեբաների գործած սարդոստայնում, պարալիզացնելով իրենց և ամբողջ երկիրը։