Անի Պլազա հյուրանոցում կայացավ «Ազգային համագործակցության» հերթական քննարկումը, որի գլխավոր թեման էր «Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ սանձազերծված հալածանքները»:
Քննարկումը նախագահող ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն ընդգծեց, որ նպատակը բոլորի սրտերում առկա համագործակցության միջավայրը այստեղ կյանքի կոչելն է:
«Առաջնային խնդիրը, որ կա այսօրվա օրակարգում, երեկվա խայտառակությունն էր, դատավարությունը: Ըստ էության, Հայաստանում երկար տասնամյակներ ընդմիջումից հետո իր պատկերացումների համար, չեմ էլ ասում քաղաքական հայացքների, իր աշխարհընկալման համար դատապարտման ենթարկվեց արքեպիսկոպոս: Պատկերացրեք ինչ ահավոր երեւույթ է: Եւս մեկ բարձրաստիճան հոգեւորական սպասում է իր դատավարությանը:
Կարդացեք նաև
Այսօր մեր առաջնային խնդիրը փաստաթղթի ընդունումն է: Ուղղվածությունը հետեւյալն է. մենք պետք է անդրադարձայինից անցնենք նախաձեռնողական գործելակերպի: Թեկուզ այն հարցը, որը մեզ համար ամենակարեւորն է այսօր, մենք անդրադառնում ենք Հայաստանի, այսպես կոչված, իշխանությունների սանձազերծած իրավախախտումներին: Մինչդեռ, կարծում եմ, որ բոլորն են այդպես տրամադրված: Նախորդ նիստում շատերը դրա մասին խոսեցին: Երբ չարի հետ գործ ունես, չես սպասելու, որ չարը իր չարիքն անի, հետո դու անդրադառնաս: Ի սկզբանե պետք է փորձել չարը արմատախիլ անել»:
ԱԺԲ խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Ազգային համագործակցության կլոր սեղանը այսօր հավաքվել է՝ քննարկելու Հայ Առաքելական Եկեղեցու դեմ սկսված հալածանքների հարցը, որը երեկ արտահայտվեց սրբազան Աջապահյանի դատավարությամբ: Մենք բոլորս հասկանում ենք, որ սա պատահական չի նախընտրական տարում, որովհետեւ եկեղեցին լինելով ամենահին հաստատությունը մեր իրականության մեջ՝ ունի ամենաբարձր վարկանիշը որպես հաստատություն, մոտավորապես 70 տոկոս: Անգամ մեր ժողովրդի ոչ հավատացյալ հատվածը մեծ հարգանքով է վերաբերվում եկեղեցուն որպես ազգային ինքնության հիմնասյան:
Բնականաբար, սա չէր կարող չնկատվել թշնամու կողմից: Թշնամին հայտարարել է Հայոց Եկեղեցին որպես ռևանշիստական կազմակերպություն, և փաստորեն, Հայաստանի ներկայիս իշխանությունը, որը թշնամու հետ համագործակցող կոլաբորանտ իշխանություն է, ինքը Ալիեւի ճնշման տակ Հայաստանում , կարելի է ասել, համաշխարհային բացառիկ քույր եկեղեցիների մեջ առանձնացող ներքին օրակարգ է դարձրել եւ հարձակումների ու հալածանքների առարկա է դարձրել հայկական քրիստոնեական եկեղեցին:
Այսպիսի բան, հավանաբար, մեր պատմության մեջ մենք կարող ենք հիշել կոմունիստների ժամանակ՝ 1920-ականների առաջին տարիներին, երբ ամենալուրջ հալածանքների էր ենթարկվում եկեղեցին: Հիմա մենք տեսնում ենք այդ ալիքը»:
Հարցին, թե իր կարծիքով ինչ պետք է արվի, քանի որ միայն խոսելը արդյունք չի տալիս, պարոն Չուգասզյանը պատասխանեց. «Խոսելով արդյունք լինում է, որովհետեւ նախ պետք է մարդու գիտակցությունը ազատագրվի, հետո մարդն իրեն ազատագրի: Եթե դու գիտակցության մեջ չես ազատագրվում, ֆիզիկապես էլ չես ազատագրվի: Նախապատրաստական այս հանդիպումները, քննարկումները, համագործակցության, կոնսենսուսի շրջանակի ճշտումը քաղաքական աշխատանք է, որը հենց խոսելով է արվում: Բայց դա չի նշանակում, որ միայն խոսելով պիտի սահմանափակվել: Դրա համար հուսանք, որ այս կլոր սեղանը, որ մի քանի անգամ հավաքվել է եւ հայտարարություններ է ընդունել տարբեր հարցերի շուրջ, այդ թվում Ալիեւի կողմից ճնշումների արդյունքով Սահմանադրություն փոխելու, Անկախության հռչակագրից հրաժարվելու հարցով, հետո հայտարարություն եղավ քաղաքական սպանության հետ կապված, հիմա նաեւ երրորդ հայտարարությունն է ընդունվում եկեղեցու դեմ հալածանքների, սրբազան Միքայել Աջապահյանի դատավարության կապակցությամբ:
Այս բոլորը ոչ միայն քննարկումներ են, այլեւ քաղաքական այլընտրանքայի առաջարկներն են ծնվում, թե ինչպես այդ բոլորը պետք է արտահայտվի սահմանադրական փոփոխություններով, որովհետեւ իշխանություն կոչվածը արդեն ասել է, որ ինքը սահմանադրական փոփոխություններ է անելու, չորրորդ հանրապետություն է ծնելու եւ այլն: ուրեմն մենք պետք է ոչ միայն դիմադրենք, այլեւ այլընտրանքը առաջարկենք ժողովրդին, թե ինչ պիտի լինի:
Մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ իրեն լուծարում է սպասվում որպես պետականություն, հետո նաեւ որպես ինքնություն: Եվ դրա առջեւ պիտի ստեղծվի դիմադրության այն ճակատը, որը ժողովրդին կառաջարկի այլընտրանքը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ