Լրահոս
Օրվա լրահոսը

Արմինե Դավթյան. «Եթե դպրոցում առանձնացնում ենք նյութական եւ հոգեւոր արժեքները, ստեղծում ենք մարդ, որը միայն սպառող է, մեզ դատապարտում ենք մի ընթացքի, որտեղ ճանապարհին կորցնելու ենք հոգեւորը, ազգի ինքնասիրությունը»

Հոկտեմբեր 05,2025 12:02

«Ինչպիսին պետք է լինի Հայոց Այբբենարանը» աշխատաժողովում ԳՊՀ դասախոս, հոգեբան Արմինե Դավթյանը համեմատելով առաջին դասարաններում օգտագործվող Այբբենարանները՝ ի ցույց դրեց դրանցում տեղ գտած բազմաթիվ սխալներն ու հակամանկավարժական օրինակները, որոնք մտահոգում, սրտի ցավ ու տագնապ են պատճառում աշխատաժողովի մասնակիցներին, մասնագետներին եւ ընդհանրապես հանրությանը:

«Վտանգված են հայոց լեզվի եւ պատմական հիմքեր ունեցող հայ ազգի արմատները: Ցանկացած ժողովրդի արմատախիլ անելու համար միշտ ընտրվում են այն կարեւոր գործիքները, որոնցով հնարավոր է այդ գործընթացն իրականացնել:

Բոլորիս համար Հայոց այբուբենը այն կարեւոր հիմքը, հենքն է, որը ազգի ապագա սերունդների ազգային ինքնագիտակցության, ինքնության կարեւոր հիմնաքարերն է դնում: Այբբենարանը արդյո՞ք բավարարում է այդ պահանջները»,-ասաց տիկին Դավթյանը եւ անդրադարձավ «արժեք» հասկացությանը, արժեքահեն կրթությանը, որը ամրագրված է հայ ժողովրդի ինքնությունը հաստատող սահմանադրությամբ եւ դրանից բխող կրթության մասին օրենքներով եւ այլ փաստաթղթերով: «Կարծես, փորձ է արվում, դրանք հպանցիկ անցնել՝ ինչո՞ւ է մեզ պետք ազգային ինքնությունը, ինչո՞ւ է մեզ պետք ազգային դպրոցը: Թվում է, թե ցանկություն կա բոլորիս դարձնել միանման, ինչպես ֆաշիստներն են փորձել իրականացնել Սովետական Միությունում, երբ փորձում էին ձուլել ազգերը եւ դարձնել միատարր: Այդ երեւույթը չի կայացել մի պարզ պատճառով, որովհետեւ ոչ ոք չի ստեղծել ազգ հասկացությունը: Դա վերին նախասահմանություն է: Դրանց պահպանման, զարգացման հիմնախնդիրը դրվում է կրթության, կրթության ոլորտի պատասխանատուների ուսերին:

Առաջին քայլերը, երբ երեխան մտնում է այդ դաշտ, այբբենարանի, առաջին ուսուցչի հետ հաղորդակցությունն է, որը շատ կարեւոր է ազգային ինքնագիտակցության ձեւավորման առումով:

Այբբենարանը պետք է իր մեջ ամփոփի ազգային արժեբանական հիմքերը: Առաջինը հոգեւոր մարդն է, որը կրում է ազգային ինքնության իր տեսակի վերաբերյալ արժեքներ, համոզմունքներ, ոչ միայն գիտելիքներ, այլ նաեւ պարտականություններ իր պատմությունը ստեղծելու եւ պահելու համար: Երկրորդը ազգային պետականության՝ հայրենիք, սահմաններ երեւույթի վերաբերյալ ճանաչողական  գործընթացներն են, հայրենիքի եւ ազգի նկատմամբ պարտականությունների, իրավունքների գիտակցումը: Երրորդը հայրենիքի, մշակույթի, հոգեւոր եւ այլ ոլորտների նկատմամբ ցանկացած մարդու պարտականություններն ու իրավունքներն են: Եվ վերջին հաշվով սոցիալական ոլորտն է, որը ստեղծում է այն ամենը, ինչը կոչվում է պետություն եւ հայրենիք: Այս արժեքների ձեւավորումը սկսվում է առաջին դասարանից, 6-7 տարեկանից: Այս տարիքի երեխաներն արդեն ընդունակ են հասկանալու ազգային ինքնության խորհրդանիշներ, հերոս հասկացություն եւ այլն:

Սկզբնական ուսուցումը պետք է լինի ամբողջական կյանքի դպրոց: Եթե առանձնացնում ենք նյութական եւ հոգեւոր արժեքները եւ ստեղծում ենք մարդ, որը միայն սպառող է, միայն իրավունքների գիտակցող, մեզ դատապարտում ենք մի ընթացքի, որտեղ ճանապարհին կորցնելու ենք հոգեւորը, ազգի ինքնասիրությունը, որը հոգեւոր արժեք է,  եւ ոչ թե եսասիրությունը, որը տանում է նացիզմի, ֆաշիզմի եւ այլն»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031