Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր իր համար նոր՝ 71 կգ քաշային կարգում, պայքարի մեջ մտավ Գոռ Սահակյանը: Եվրոպայի կրկնակի չեմպիոն մեր մարզիկը, որն իրեն ավելի վստահ է զգում պոկում վարժությունում, առաջին մոտեցումով բարձրացրեց 150 կիլոգրամը, ապա միայն երրորդ փորձով կարողացավ հնազանդեցնել նաեւ 154 կգ-ը: Սակայն դա էլ բավարար էր փոքր արծաթե մեդալի արժանանալու համար:
Հրում վարժությունում Գոռի համար պատվիրված էր նախնական 180 կգ, սակայն հավաքականի մարզիչները քաշը բարձրացրին եւս երկու կիլոգրամով: Ու 182 կիլոգրամը մինչեւ վերջ չենթարկվեց ծանրորդի կամքին: Այսպիսով, Գոռ Սահակյանը երկամարտի արդյունք չունեցավ, սակայն պոկում վարժության պարգեւատրման արարողության ժամանակ բարձրացավ պատվո պատվանդանի երկրորդ աստիճան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ