Երեւան քաղաքի քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում այս տարի մոտ տասը-տասնմեկ նիստ է հրավիրվել Նարեկ Սարգսյանի գործով:
Պաշտպանական կողմը բանավոր պնդեց իր միջնորդությունը` տնային կալանք, չբացակայելու արգելք ու հիսուն միլիոն դրամի անշարժ գույք գրավի վերաբերյալ, սակայն սեպտեմբերի 30-ին երեք ամսով երկարաձգվեց Ն. Սարգսյանի խափանման միջոց կալանքը: Ն.Սարգսյանի պաշտպաններից` Աննա Ծառուկյանը երեկ «Առավոտին» հայտնեց, որ որոշումը դեռ չի ստացել, միեւնույն ժամանակ տեղեկացրեց, որ թվով 4-րդ գանգատը կուղարկվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Ըստ պաշտպանական կողմի` սա դատարանի կողմից «հստակ կամայական կալանքի որոշում» է, որտեղ հաշվի չառնվեց, որ բոլոր ապացույցները հետազոտվել են, վկաները հարցաքննվել, ըստ էության չհիմնավորվեց, թե որ հիմքով է Սարգսյանը մնում կալանքի տակ:
2023 թ. մարտի 14-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 2003 թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, պատժի սպառնալիքով արգելված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2022 թ. մայիսի 4-ին Երեւանի Ադոնցի շենքերից մեկի փողոցի բնակարանում իր նախկին կնոջ՝ Տաթեւիկ Աբրահամյանի հետ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում իրենց մանկահասակ դստեր ներկայությամբ բռնություն գործադրելու եւ Տաթեւիկ Աբրահամյանին սպանելու համար:
Կարդացեք նաև
2022 թ. մայիսի 5-ին Նարեկ Սարգսյանը ձերբակալվել է: 2023 թ. ապրիլի 21-ին դատավոր Ս.Յուզբաշյանը որոշում է կայացրել քրեական գործով վարույթ ստանձնելու մասին:
Սարգսյանի նկատմամբ ընտրվել էր կալանքը, որը երեք ամիսը մեկ երկարացվում է մինչ օրս:
Պաշտպանական կողմը քամիցս ներկայացրել է իր դիրքորոշումը. նշել, որ առկա չեն մեղադրյալին կալանքի տակ պահելու հիմքերը, մասնավորապես՝ բացակայում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով մեղադրյալի վրա դրված պարտականությունների կատարումից խուսափելու միակ հիմքը: Այն է` վարույթից խուսափելու: Նարեկ Սարգսյանը, տեղեկանալով դեպքի վերաբերյալ, ինքնակամ է ներկայացել ոստիկանություն, Ն. Սարգսյանը որեւէ ազդեցություն չի գործել եւ չի պատրաստվում գործել արդեն իսկ հարցաքննված վկաների վրա: Ավելին, մինչդատական վարույթի ընթացքում մեղադրյալը շուրջ 4-5 ժամ գտնվել է ազատության մեջ` դատարանի բակում, սակայն չի լքել դատարանի տարածքը: Պաշտպանները միջնորդել էին կիրառել այլընտրանքային խափանման միջոցներ՝ տնային կալանք, հիսուն միլիոն դրամի գրավ կամ երաշխավորություն, կամ դրանք համակցված, ներկայացնելով գրավի առարկա անշարժ գույքի վկայականներ:
Դատարանը երեք ամիսը մեկ հանգում է հետեւյալին. «Արձանագրվածը ողջամտորեն հիմք է տալիս հանգելու այն հետեւության, որ այլընտրանքային որեւէ խափանման միջոցի, այդ թվում՝ պաշտպանի կողմից միջնորդված երաշխավորության, գրավի կամ տնային կալանքի, ինչպես նաեւ դրանց համակցված կիրառումը չի կարող լինել գործուն երաշխիք՝ ազատության մեջ գտնվելու դեպքում Ն.Սարգսյանի ոչ իրավաչափ վարքագծի դրսեւորման ռիսկերը չեզոքացնելու համար եւ դրանց կիրառմամբ հնարավոր չէ ապահովել մեղադրյալ Նարեկ Սարգսյանի հետագա պատշաճ վարքագիծը՝ գործի դատական քննության ընթացքում»:
2024թ. հուլիսի 30-ին պաշտպան Ա.Ծառուկյանը խափանման միջոցի հերթական քննարկման ժամանակ նշում է, որ վերացել են մեղադրյալին կալանքի տակ պահելու հիմքերը հաշվի առնելով, որ սպառվել են բոլոր ապացույցների հետազոտումը, եւ միջնորդում է կիրառել այլընտրանքային խափանման միջոցների` տնային կալանքի, գրավի եւ բացակայելու արգելքի համակցություն։
Դատարանը երկու ամսով է կիրառում կալանավորումը, ապա` վերացնում մեղադրյալի այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքի սահմանափակումը:
Դատարանն առաջին անգամ 2024թ. հոկտեմբերի 1-ին որոշում է` մեղադրյալ Նարեկ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը` 2024 թ. հոկտեմբերի 5-ից փոխել եւ նրա նկատմամբ համակցված կիրառել այլընտրանքային խափանման միջոցներ՝ տնային կալանք՝ 3 ամիս ժամկետով, 20 միլիոն ՀՀ դրամ չափով գրավ եւ բացակայելու արգելք:
Դատարանը պարտավորեցնում է մեղադրյալ Նարեկ Սարգսյանին չլքել իր բնակության տարածքը՝ Արարատի մարզի Մրգավետ գյուղը, չհյուրընկալել այլ անձանց, բացառությամբ մերձավոր ազգականների, չունենալ նամակագրություն, հեռախոսային խոսակցություններ, չօգտվել հաղորդակցության այլ ձեւերից, այդ թվում՝ փոստային առաքանուց (բացառությամբ՝ ՀՀ պետական եւ տեղեկան ինքնակառավարման մարմինների):
Ամիսներ հետո` դեկտեմբերի 24 -ին, սակայն, դատարանը եզրահանգում է, որ առկա են ծանրակշիռ փաստական տվյալներ, որոնք բավարար են հիմնավորելու համար Նարեկ Սարգսյանի նկատմամբ այլ խափանման միջոցներ կիրառելու ոչ իրավաչափ լինելն ու գործի քննության սույն փուլում նրան անազատության մեջ պահելու անհրաժեշտությունը` երեք ամսով Նարեկը նորից հայտնվում է կալանավայրում:
Պաշտպանական կողմի տեղեկացմամբ՝ ապացույցներից մեկն անթույլատրելի է ճանաչվել, իսկ մի ապացույց ճանաչվել է թույլատրելի: Մեղադրանքի հիմքում դրվել էր երեխայի ներկայությամբ մորը բռնության ենթարկելու, սպանելու դրվագը, սակայն կա մի տեսանյութ, որով փորձագետները հանգել են հետեւության, որ ոչ երեխան, ոչ հայրը, որոնք միասին իքս տարածքով են անցել, չէին կարող դրսեորել նման հանգիստ վարք, եթե կատարվածի հետ ունենային առնչություն:
Հաջորդ դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 15-ին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
04.10.2025