ՀՀ կառավարության 10.05.2019թ. թիվ 540-Ն որոշմամբ ՀՀ կառավարության 07.03.2007 թվականի N 384-Ն որոշման մեջ կատարված լրացումով վատթարացվել է զինծառայողի իրավական վիճակը
ՀՀ վարչական դատարանում ՀՀ պաշտպանության նախարարության դեմ գործերով (միայն այս տարի 216) գերակշիռ թիվ են կազմում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին սեփականության իրավունքով անհատույց բնակարան կամ բնակարան ձեռք բերելու համար անհատույց ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ բարենպաստ վարչական ակտի ընդունման, սեփականության իրավունքով անհատույց բնակարան կամ բնակարան ձեռք բերելու համար անհատույց համարժեք ֆինանսական աջակցություն ստանալու վերաբերյալ հայցապահանջները: Պահանջները չափավոր են.մեկ սենյականոց, երկու…Հայցապահանջների մի մասը անկախ դիմումը ներկայացնելու տարեթվից, արդեն իսկ փոխադրվել են գալիք` 2026-ի փետրվար, մարտ (Լ. Ասատրյան, Փ.Ռոստոմյան, Լ.Հովհաննիսյան … ):
Այս գործերով կայուն երրորդ անձ է ՀՀ ֆինանսների նախարարությունը:
Մեր ուսումնասիրություններից պարզ է դառնում, որ նմանատիպ գործերով ընդամենը մեկ բարենպաստ դատական ակտ ունենք այս տարի, այն կայացվել է հունիսին. հայցվոր զինծառայող Ա.Գրիգորյանը դիմել էր դատարան այս տարվա մարտին: Մինչդեռ ունենք հայցապահանջներ, որոնք տարիներ շարունակ վարչական դատարանում անշարժ վիճակում են:
Կարդացեք նաև
Որպես կանոն, նախարարությունը դատարան չի ներկայանում, ավելին` առարկություն չի ներկայացնում:
Ա. Գրիգորյանը մինչ օրս ՀՀ զինված ուժերում է: Նա օրենքով սահմանված կարգով հաշվառվել էր, որպես Երեւան քաղաքի մշտական բնակմակերեսի կարիքավոր՝ ընդգրկվելով ՀՀ ՊՆ համակարգի բնակմակերեսի կարիքավոր զինծառայողների հաշվառման հերթացուցակում 2008-ին:
ՀՀ պաշտպանության նախարարի 2025 թ. մարտի 4-ի «ՀՀ ՊՆ համակարգի մշտական բնակմակերեսի կարիքավոր զինծառայողներին եւ քաղաքացիական ծառայողներին բնակարանի գնման վկայագիր տրամադրելու մասին» N393 հրամանի 1-ին կետի 22-րդ ենթակետի համաձայն՝ որոշվել է հայցվորին Երեւանում 2 սենյականոց բնակարան ձեռք բերելու համար տրամադրել որոշակի գումար, որը կազմում է Երեւանի վարչական սահմաններում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գների թվաբանական միջինի 50 տոկոսը:
Հայցվորի ներկայացուցիչը դատարանին հայտնել էր, որ զինծառայողը ռեալ ակնկալիք է ունեցել ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին սեփականության իրավունքով անհատույց բնակարան կամ բնակարան ձեռք բերելու համար անհատույց ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ բարենպաստ վարչական ակտի ընդունման: Այսինքն, վերջինիս կողմից ակնկալվող իրավունքը՝ սեփականության իրավունքով անհատույց բնակարան կամ բնակարան ձեռք բերելու համար անհատույց համարժեք ֆինանսական աջակցություն ստանալն է: Մինչդեռ Նախարարի հրամանով տրամադրվելու է վկայագիր, որում ֆինանսական աջակցության չափը սահմանված է բնակարանի գնի 50 տոկոսի չափով:
Հայտնել է, որ սույն պարագայում ՀՀ ՊՆ 04.03.2025թ. N 393 հրամանով Հայցվորը զրկվել է իր օրինական ակնկալիքից, որին սպասել է շուրջ 17 տարի:
Շատուշատ գործերով, նաեւ այս զինծառայողի, վիճելի իրավահարաբերությունը ծագել է 2008 թվականին բնակմակերեսի կարիքավոր զինծառայողների հաշվառման ցուցակում ընդգրկված լինելու փաստով: ՀՀ կառավարության 07.03.2007թ. թիվ 384-Ն որոշմամբ սահմանված կարգն առավել բարենպաստ պայմաններ էր նախատեսում բնակարան ստանալու կամ այն ձեռք բերելու համար անհատույց համարժեք ֆինանսական աջակցություն ստանալու համար:
Դատարանը պարտավորեցրել է պատասխանողին ընդունել հայցվորին ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին Երեւան քաղաքի թաղային համայնքների վարչական սահմաններում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին արժեքների թվաբանական միջինի գնին համարժեք 2 սենյականոց բնակարան ձեռք բերելու համար անհատույց ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ բարենպաստ հրաման:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
04.10.2025