Լրահոս
Օրվա լրահոսը

Այս պահին ունենք ընդամենը մեկ որակավորված հյուրանոց. Անահիտ Մկրտչյան

Հոկտեմբեր 06,2025 13:47

«Սեպտեմբերի 25-ին կառավարության նիստի ընթացքում ընդունվեց երկու որոշում ՝ Հյուրանոցային տնտեսության օբյեկտներին որակավորում տրամադրող զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորման ընտրության չափանիշները եւ ընթացակարգը սահմանելու մասին եւ Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման տեխնիկական պահանջները, նկարագրերը, որակավորման ընթացակարգերը, չափանիշները, որակավորման վկայականի ձեւը եւ ժամկետները սահմանելու մասին: Երկու նախագծերն էլ ներկայացվել էին կառավարության հաստատմանը՝ Զբոսաշրջության մասին օրենքի նախագծի շրջանակում նախատեսվող կարգավորումներից ելնելով»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի Զբոսաշրջության քաղաքականության վարչության պետ Անահիտ Մկրտչյանը։

Նա ասաց, որ նախատեսում են եւս մի քանի իրավական ակտերի ընդունում, որոնք ուղղված կլինեն զբոսավարների, ուղեկցորդների որակավորման, վերապատրաստման ընթացակարգերի հաստատմանը: Անահիտ Մկրտչյանն ընդգծեց, որ այսպիսով՝ նախ ընդգծվում են որակավորման նպատակները: Դրանք են՝ հիմնականում մատուցվող ծառայությունների թափանցիկության ապահովումը, սպառողների համար ընտրության ապահովմանն աջակցելը, վստահության ամրապնդումը՝ հյուրանոցային տնտեսության օբյեկտների կողմից առաջակվող ծառայությունների հանդեպ, ինչպես նաեւ որակի պահպանումը: Ընդ որում, հոկտեմբերի 6-ից վերը նշված երկու որոշումներն ուժի մեջ են մտնում:

«Նախկինում զբոսաշրջության ոլորտի պետական լիազոր մարմինը՝ Զբոսաշրջության կոմիտեն, իրականացնում էր հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորումը, եւ այն թե նախկինում, թե հիմա կամավոր է: Այս պահին մենք ունենք ընդամենը մեկ որակավորված հյուրանոց: Այսինքն` շահագրգռությունը հյուրանոցների կողմից շատ մեծ չէր, որպեսզի դիմեին եւ որակավորվեին: Դրա համար օրենքով նախատեսվեց, որ որակավորում կտրամադրվի զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանց այն միավորումների կողմից, որոնք կհանդիսանան միջազգային որակավորում տրամադրող որեւէ հաստատության անդամ, միջազգային որակավորում տրամադրող հաստատությունը պարտադիր պետք է 10 եւ ավելի երկրներում իրականացնի որակավորում: Այս չափանիշից ելնելով՝ մշակվել է միավորման ընտրության կարգը, նաեւ հաստատվել որակավորման չափանիշներն ու հաստատվել ընթացակարգերը»,- նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի Զբոսաշրջության քաղաքականության վարչության պետը:

Մանրամասն՝ տեսանյութում

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031