Նախորդ 10 տարիների ընթացքում, ամբողջ հանրապետությունում երիտասարդների թիվը նվազել է 25 տոկոսով։ Ըստ գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանի, սա ժողովրդագրական պատկեր է փոխում, ինչը հանգեցնելու է եւ տնտեսական եւ սոցիալական ստագնացիայի։
Վարդենիս խոշորացված համայնքի համայնքապետ Ահարոն Խաչատրյանը անվտանգային մարտահրավերներ չի զգացել։ Ինչպես ինքն է ասում, 2-3 տարի է կրակոցներ չեն եղել՝ «շաբաթվա մեջ ոնց չլինի 3-4 գյուղ այցելում եմ, բնակիչների հետ խոսում եմ, բնակիչները պարզ, մաքուր ձեւով ինչ-որ պետքն ա ինձ ասում են։ Վախի մթնոլորտ կամ մեկ այլ բան չեմ զգացել, նորմալ վիճակում է»։
Ահարոն Խաչատրյանից հետաքրքրվել էինք՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը ի՞նչ տրամադրություններ է առաջացրել, քանի որ համայնքի բնակավայրերը սահմանամերձ են․ մարդիկ ոգեւորվա՞ծ են, հավատու՞մ են, չեն հավատում խոստացվող խաղաղությանը։
Կարդացեք նաև
«Այլ շրջաններում, քաղաքներում չգիտեմ ի՞նչ է, բայց մեզ մոտ բնակիչները նման բաներ չունեն, մեզ մոտ ոչ մի քաղաքական թեմա չկա, մարդիկ քնից վեր են կենում՝ զբաղվում են իրենց աշխատանքով, վստահում են մեր պետությանը, մեր կառավարությանը, վստահում են իշխանությանը․ այդ հույսը կա, ամեն ինչը կա։ Չեմ կարծում, որ խաղաղության համաձայնագիրը շատ բան փոխեց․ ավելի ուրախացան, իհարկե, ուրախացան, որ մեր մոտ խաղաղություն է լինելու։ Բայց մեր մոտ նորմալ է ամեն ինչ, ոչ մի անվտանգային բան չեմ զգացել»,- պատասխանեց Ահարոն Խաչատրյանը։
Լրագրողների շրջայցը Գեղարքունիքի մարզ՝ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի օժանդակությամբ էր։
Մանրամասները՝ տեսանյութում
Հիշեցնենք, անվտանգային խնդիրների եւ դրանց առաջացրած հնարավոր սոցիալական հետեւանքների մասին խոսելիս մարզպետ Կարեն Սարգսյանը հավաստիացրել էր․ «Այն, ինչը մեր ԶՈՒ առջեւ դրված է, պատշաճ իրականացվում է։ Դեռ չի եղել մի խնդիր, որ մեր կողմից արձագանք չլինի։ Բացի այդ, մի շարք նոր հնարավորություններ են տրված այդ բնակավայրերին՝ սուբվենցիոն ծրագրերի եւ դոտացիաների տեսքով»։
Վարդենիսը գյուղատնտեսական շրջան է։ Մարդիկ գյուղատնտեսությամբ եւ անասնապահությամբ են զբաղվում։ 2022-ի ադրբեջանական հարձակումից հետո, շատերը վաճառել են անասունները, բայց, համայնքի ղեկավարը հավաստիացնում է՝ վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2024-ին, 2025-ին այն բնակիչները, որոնք անասունները «ջրի գնով» վաճառել էին, նորից վերականգնում են տնտեսությունը։
Այն մարդիկ էլ, որոնք քիչ էին զբաղվում գյուղատնտեսությամբ, ասենք 3հա հողատարածքից մեկն էին մշակում, հիմա 3-ն էլ մշակում են, կողքից այլ հողեր էլ են վերցնում։
Ինչպես Հայաստանի մյուս բնակավայրերի, այստեղ եւս հիմնական խնդիրը աշխատատեղերի սակավությունն է։ Տարիներ շարունակ աշխատատեղեր ապահովել են Սոթքի հանքավայրը եւ ոսկու գործարանը։ Նաեւ աշխատավարձերն էին բարձր։ Դարձյալ 2022-ի ռազմական գործողություններից եւ դրանց հետեւանքով ստեղծված իրավիճակի արդյունքում, հանքավայրն ու գործարանն այսօր ամբողջ հզորությամբ չեն աշխատում։ Վարդենիս քաղաքից եւ մյուս բնակավայրերից 1700 աշխատող կար հանքում։
Ահարոն Խաչատրյանի գնահատմամբ, հանքի կարողությունների 40-50 տոկոսն է այժմ օգտագործվում։ Աշխատատեղերի կրճատումը իր հետ համապատասխան սոցիալական հետեւանքներ է բերել։ Բայց 2024-25 թվականների ընթացքում հանքավայրում 700 մարդ կրկին անցել է աշխատանքի, աշխատողների թիվը հասել է 800-900 մարդու։
Այժմ, ներքին միգրացիան է մեծացել․ նախկինում եթե մեկնում էին ՌԴ՝ արտագնա աշխատանքի, հիմա մայրաքաղաք են մեկնում՝ շինարարական աշխատանքների համար, որոշները՝ նաեւ ընտանիքներով։ Ստույգ թվեր, համայնքապետը չունի։
2022-ի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ համայնքի մոտ 10 բնակավայրերից բավական շատ մարդիկ հեռացել էին։ Ահարոն Խաչատրյանը հավաստիացնում է՝ հիմնականում վերադարձել են։ Իր համար ուրախալի է, որ վերադարձել են նաեւ այն ընտանիքները, որոնք այդ ռազմական գործողություններից առաջ էին գնացել։
Մանրամասները՝ տեսանյութում
Որ մարզում արտագնա աշխատանքի մեկնողների քանակը նվազել է, նաեւ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն է փաստում․ «Ներքին միգրացիան է մեծացել՝ կապված աշխատանքի հետ, երեւանյան շինարարական բումը մարդկանց այլ երկրներից ետ է բերել»։
Բայց կան դեպքեր, օրինակ, երբ տեղում ավելի բարձր են վճարում, միեւնույն է, գերադասում են մեկնել այլ երկիր։ Օրինակ, համայնքներից մեկում կառուցվող դպրոցի համար, ըստ մարզպետի 25 աշխատող է անհրաժեշտ եղել՝ բանվորական ուժ, բայց միայն 7 հոգի են կարողացել ներգրավել։ Ի դեպ, վստահեցնում է՝ բարձր աշխատավարձ են առաջարկել՝ 350 հազար եւ ավել։
Մանրամասները՝ տեսանյութում
Ահարոն Խաչատրյանն էլ դժգոհ է իր նախորդներից․ «30 տարի ոչ մի հարց չի լուծվել։ 34 բնակավայրերից 10-12 գյուղերում ընդհանրապես ջուր չկա, առհասարակ, զրկված են եղել սոցիալ-տնտեսական բոլոր հնարավորություններից․ ոռոգման ջրի խնդիր են ունեցել, խմելու ջրի, այլ կոմունիկացիաների նաեւ։ Խոսքը Փամբակ, Նորապատ․ Գեղամասար, Ծովակ, Լուսակունք, Վանեվան բնակավայրերի մասին է։ Այս բնակավայրերում ջրի հարցը մասնակի է լուծված եղել, այժմ համապարփակ է լուծվում»։
Թե ո՞ր գյուղերը առհասարակ ապահովված չեն եղել խմելու ջրով, համայնքապետը դժվարացավ ասել։
Մանրամասները՝ տեսանյութում
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ուսումնասիրություններով, Հայաստանում մտահոգիչն այն է, որ նվազում է երիտասարդ բնակչության թվաքանակը։ Նախորդ 10 տարիների ընթացքում, ամբողջ հանրապետությունում երիտասարդների թիվը նվազել է 25 տոկոսով։
Ըստ գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանի, սա ժողովրդագրական պատկեր է փոխում, ինչը հանգեցնելու է եւ տնտեսական եւ սոցիալական ստագնացիայի։
Ժողովրդագրության ռազմավարության իրագործումը կօգնի՞ լուծել խնդիրները, թե՝ ոչ․Լուսինե Սարգսյանը վստահ է՝ եթե ուժերը մեկտեղվեն՝ լուծումներ կունենանք։ Հիմնական անելիքը համարում է իրենց համայնքում մնալ ցանկացող երիտասարդներին սատար եւ նեցուկ կանգնելը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ