Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր խորհրդարանում կարող են իրար վրա շիշ շպրտել, եթե շպրտել ենք էլ, ուրեմն ինչ տեսել, էն սովորել ենք». Անհետ կորած զինվորի հայր

Հոկտեմբեր 06,2025 18:11

Սեպտեմբերի 29-ին ՊՆ շենքի դիմաց անհետ կորած զինվորների հարազատների ու Ռազմական ոստիկանության աշխատակիցների բախման դեպքով, ոստիկանները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վարույթի շրջանակներում այսօր ձերբակալվել են անհետ կորածների երկու հարազատ՝ Արսեն Ղուկասյանը եւ Ապիջան Սարգսյանը:

Վարույթ իրականացնող մարմինն արդեն միջնորդություն է ներկայացրել նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

Ձերբակալություններից հետո անհետ կորածների հարազատները այսօր հավաքվել էին կառավարության շենքի դիմաց բողոքի ցույցի, սակայն այնտեղից գնացին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան Աջափնյակի նստավայր:

«Քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ մեր Արսենին ու Ապիջանին ձերբակալել են, տեղափոխել Մասիվի քաղմաս: Տեղեկություն ունենք, որ հիմա տեղափոխում են Աջափնյակի դատարան: Իմ իմացած տեղեկություններով՝ մի քանի օր առաջ ՊՆ շենքի դիմաց անցկացրած ակցիայի դեպքով հորինված մեղադրանքներ են, լրիվ կարված գործեր, որովհետեւ Արսենին ու Ապիջանին ձերբակալելու հիմքեր չկան»,-լրագրողներին ասաց անհետ կորած զինծառայող Դավիթ Ուզունյանի հայրը՝ Բագրատ Ուզունյանը:

Հարցին՝ ճի՞շտ է, որ գործում ոստիկանի ցուցմունք կա, Ուզունյանն ասաց՝ շատ բան չգիտի: Տեղյակ չէր նաեւ, թե որ դրվագով են վարույթ նախաձեռնել , ձերբակալել:

«Իրենց ուզածն էն է՝ ոչ մեկ ձայն չհանի, իրենց ուզածին հասնեն, սրանք ապիկար իշխանություն են»,-անհետ կորած զինվորի հայրը:

Դիտարկմանը, թե ձերբակալվածները շշով հարվածել են ոստիկաններին,պարոն Ուզունյանն այսպես արձագանքեց. «Ի՞նչ շիշ, սուտ է, նման բան չի եղել: Ինչ որ մեկին այդ շիշը կպե՞լ է, տեսանյութեր կան, թող ցույց տան: Կամ մեր երկրի խորհրդարանում կարող են իրար վրա շիշ շպրտել, եթե շպրտել ենք էլ, ուրեմն ինչ տեսել, էն սովորել ենք: Ափսոսում եմ, որ ես չեմ շպրտել, հաջորդ անգամ ես էլ կշպրտեմ: Որովհետեւ դա եմ տեսել, դա եմ սովորել»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031