-Ինձ համար տրամաբանությունն է անհասկանալի: Եթե մեղադրանքի կողմից գործընկերները շարունակում են պնդել, որ կար սպանության փորձի հանցակազմի առկայություն, պահանջել զանգվածային անկարգությունների առավելագույն պատժաչափը, անտրամաբանական լուծում էր: Սա նշանակում է, որ իրենց մոտիվացիան մեկ հիմք ունի, ընդամենը Թորգոմ Ասատրյանն ազատազրկվի, թե ինչ հոդվածով էական չէ, կարեւորը ազատազրկվելն է,- այսօր ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ծեծի գործով դատական նիստից հետո լրագրողներին ասաց գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանի պաշտպաններից Ալեքսանդր Կոչուբաեւը:
Նրա խոսքով, եթե այս գործից հանենք Արարատ Միրզոյանի պաշտոնն ու կապը իշխանության հետ, Թորգոմ Ասատրյանը դատարանում չէր էլ լինի. «Սա ընդգծված քաղաքական երանգ ու կոնտեքստ ունեցող գործ է, եւ մինչեւ վերջ էլ իրենք իրենցը արեցին»:
Ինչ վերաբերում է դատախազի պահանջած պատժաչափն, ինչու 7 եւ ոչ թե օրինակ երեք տարվա ազատազրկում, պարոն Կոչուբաեւը բացատրեց. «Հանցակազմը 3-7 տարվա ազատազրկում է նախատեսում, ասում են խմբի կազմում հանցանքը կատարելիս ակտիվ է եղել, բայց դատարանը Թորգոմ Ասատրյանին մեղավոր է ճանաչել զանգվածային անկարգություններ կատարելու մեջ, ինչը նշանակում է բոլոր գործողությունների կատարում միաժամանակ: Ինչը չէր կարող ծանրացնել արարքը, դա հենց արարքի նկարագիրն է: Իսկ արարքի նկարագիրը չի կարող ծանրացնել արարքը »:
Իսկ թե ինչու պաշտպանական կողմը պահանջեց երեք տարի ազատազրկում ու պատիժը պայմանական չկիրառել, ըստ Կոչուբաեւի՝ դա չարյաց փոքրագույնի հետեւից գնալ էր. «Այնպես չէ, որ քրեական օրենսգրքում կա որեւէ հանցակազմ, որ մեզ համար ընդունելի է: Նվազ պատիժ կամ պատժի չկիրառումը առաջին ատյանի դատարանի մակարդակում կհամարենք հաջողություն, որովհետեւ այս իշխանությունների պարագայում դա էլ հաջողության նման մի բան պետք է համարել, որ անձը մեղադրվում էր սպանության փորձի մեջ, մեղադրանքը վերաորակվեց, կամ պատիժը պայմանական չկիրառվեց»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ