Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Նահապետյան. «Բոլոր այն մարդիկ, որոնք Եկեղեցուց սպասում են, որ մինչեւ վերջին արյան կաթիլը թափելու է իշխանության դեմ, այդ մարդիկ լավ չեն ճանաչում Հայոց եկեղեցու պատմության տրամաբանությունը». «Հրապարակ»

Հոկտեմբեր 07,2025 10:53

Զրուցել ենք հասարակական-քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանի հետ:

– Ամիսներ առաջ, երբ Մայր Աթոռում մեծ թվով մարդիկ էին հավաքվել եւ աջակցություն էին հայտնում Հայ առաքելական եկեղեցուն, Ամենայն հայոց կաթողիկոսը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանին ժպիտով ճանապարհեց կալանավայր, չնայած հավաքված բազմությունը դեմ էր դրան եւ պատրաստ էր պաշտպանել Սրբազանին: Այժմ, երբ 2 տարվա ազատազրկման դատապարտեցին Սրբազանին, ո՛չ Եկեղեցին, ո՛չ ընդդիմությունը ակցիա չիրականացրին, որեւէ կոնկրետ քայլ չարեցին: Իսկ Աջապահյանի դեպքը կարող էր նոր պայքարի սկիզբը դառնալ: 2020 թ. պատերազմի պարտությունից հետո հավաքական ընդդիմությունը մի քանի խոշոր հնարավորություն է բաց թողել` իշխանափոխություն անելու, այս առիթը նույնպես չօգտագործեցին: Ըստ Ձեզ` ի՞նչն է այդ ամենի պատճառը:

– Մայր Աթոռը հայտարարություն է արել: Այն ինստիտուտ է: Չի կարող այնպես լինել, որ կաթողիկոսն այդ հայտարարության մասին տեղյակ չլինի, սակայն ինչ վերաբերում է բուն պայքարին եւ այլնին, ես կարծում եմ, որ մեր պրոբլեմն այն է, որ մեր երկրի ընդդիմությունն ու իշխանությունը նույն հայացքով են նայում Եկեղեցուն` քաղաքական լիդերի տեսանկյունից: Ընդդիմությունն ասում է` Եկեղեցին պետք է իքս քայլերն անի ու լավ կանի, որ անի, իշխանությունն էլ ասում է` անում է, սակայն լավ կլինի, որ չանի: Առողջ, նորմալ դեմոկրատական համակարգերում Եկեղեցուց չպետք է նման ակնկալիքներ ունենալ: Պետք է ամեն մեկն իր վրա վերցնի իրեն հասանելիք քաղաքական պատասխանատվությունը: Եկեղեցին չպետք է մնա քաղաքական պատասխանատվության տակ: Բոլոր այն մարդիկ, որոնք Եկեղեցուց սպասում են, որ մինչեւ վերջին արյան կաթիլը թափելու է իշխանության դեմ, այդ մարդիկ լավ չեն ճանաչում Հայոց եկեղեցու պատմության տրամաբանությունը: Գուցե շատ սիրում են մեր Եկեղեցին, սակայն լավ չեն ճանաչում Եկեղեցու պատմության օրինաչափությունները: Չի կարելի Եկեղեցուց նման ակնկալիքներ ունենալ:

– Միքայել Աջապահյանը, ըստ Ձեզ, ինչո՞ւ ենթարկվեց նման խիստ պատժի:

– Դատարանը չէր կարող այլ դատավճիռ կայացնել: Եթե դատարանն այդ վճիռը չկայացներ, դատավորի մանկապարտեզի մահճակալի կողքի «տումբըչկայում», օրինակ, կարող էին կոկաին գտնել եւ հենց դատավորին կդատեին այդ դեպքում, կամ ասենք` այլ տեղում: Ես չեմ կարող կոնկրետ մոտիվներ ասել, որովհետեւ այժմ դատական համակարգը լցված է շատ տարբեր մարդկանցով: Մեջները կան նաեւ կարիերիստներ, ովքեր սողալու եղանակները հրաշալի հասկացել են, կան նաեւ մարդիկ, ովքեր ուղղակի վախենում են, կան նաեւ դատավորներ, ովքեր ՔՊ-ի քաղաքական համախոհներն են: Չեմ կարծում, որ, օրինակ, Մասիս Մելքոնյանը վախենում է իրավիճակի հետեւանքներից, դրա համար է նման դատավճիռներ կայացնում: Նա ՔՊ-ի ակտիվիստներից է եւ խոր գաղափարական համոզմունք ունի, որ այն, ինչ անում է ՔՊ-ն, ճիշտ է անում: Այնպես է ստացվել, որ այդ մարդու վրա ոչ թե քիլլերի պարտականություն է դրված, այլ՝ մարդ դատելու, եւ նա իդեալական անում է իր գործը: Գուցե Արմինե Մելիքսեթյանն էլ Ոստիկանության ակադեմիայում նիկոլական ոստիկանների հետ է մտերմացել, դրա համար է նման վճիռ կայացրել կամ առաջ գնալու ճանապարհ է գտել իր համար, կամ գուցե կոմպրոմատ կա իր վրա, գուցե ատում է բոլոր տեսակի ընդդիմադիր գործիչներին: Ամեն դեպքում, նա արել է անտրամաբանական, աննորմալ ու անհամաչափ քայլ, ինչը ստիպում է մտածել, որ գուցե այլ շարժառիթ ունի:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031