Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որն այսօր հրավիրել էր լրագրողներին քաղաքական հայտարարություն անելու, և որի առիթը ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից իր զրահապատ մեքենան հատուկ պահպանման վայր տեղափոխելու փորձն էր, խոսեց իր նկատմամբ երկրի իշխանության կողմից կատարվող ճնշումներից։
«Երեկ գիշեր էլ ժամը 4-ին, 5-ին ոստիկանները գալիս են մեր տուն, տղաս ինձնից առանձին է ապրում, նայում են՝ տանն ես, թե՞ տանը չես։ Էդ ոտքի բանը գցած է, ամեն ինչ երևում է, ասի՝ հանկարծ դուռ չբացեք, ոչ մի բան չանեք, ասեք՝ ներսն եմ ու վերջ, կարող է տակից կրակեն, ամեն ինչ հավատալու է հիմա սրանցից։ Ես ամեն ինչ հավատում եմ»,- ասաց Վարդան Ղուկասյանը՝ իր ընտրողներին կոչ անելով պաշտպանել իրենց ձայնը, պայքարը չթողնել միայն իր վրա։
Նա ասաց՝ այդ ճնշումներից չի կոտրվելու, ավելի համարձակ է դառնալու։
Ընտրողներին հորդորեց՝ իր հետ կապի մեջ լինել ու հանկարծ մի ոտնձգություն, տեղյակ կպահի, թող գան, կանգնեն իր կողքը՝ իրենց ձայնը պաշտպանելու համար։
Կարդացեք նաև
Նա ասաց, որ մշտապես հետապնդում են իրեն, դրոններով նկարում են տան բակը, գրասենյակը, ամեն շարժումը։
«Հակադեմոկրատական, մարդկային խոսքի դեմ պահվածքը ինձ ստիպում է, որ սրանց դեմ ավելի ուժեղ գործունեություն ծավալեմ։ Իմ խոսքերը խնդրում եմ հասկանաք միայն օրենքի սահմաններում, որ եպիսկոպոսի պես ստից բաներով չտանեք, կալանավորեք։
Հիմա դուք սպասում եք, որ ես մի բան ասեմ, էդ լրատվությանը որ ուղարկում եք, ու հարցեր է տալիս, որ ես կարող է չափից դուրս գամ, դուք դրանով իմ վրա գործ հարուցեք, չարաչար սխալվում եք։ Ինչքան էլ համարձակ եմ, էմոցիոնալ եմ, ուղեղս աշխատում է , հանգիստ եղեք, չեք կարող»,- ասաց Գյումրու քաղաքապետը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ