«Երեկ ՀՀ 2-րդ նախագահի խոսքը ավելի քան երեք ժամ տեւած ասուլիսում շատ զսպված, հավասարակշռված եւ ընկալելի էր շատերի համար: Նա պարզ բացատրեց, թե ինչ է այսօր տեղի ունենում Հայաստանում»,- ասաց արդարադատության գեներալ Թաթուլ Պետրոսյանը «Հայելի» ակումբում:
«Եվ պետք է նկատել, որ երբ հանրապետության 2-րդ նախագահը որեւէ խոսք է ասում, այս խղճուկներն սկսում են վայրահաչել՝ յուրաքանչյուր բառն առանձնացնելով կոնկրետ մտքերից: Սա ցույց է տալիս, որ նրանք շան պես վախենում են 2-րդ նախագահից:
Մի քանի կարեւոր բացահայտումներ եւ վերլուծություններ արեց նախագահը Նիկոլ Փաշինյանի կողմից հրապարակ նետված խաղաղության պայմանագրի, խաղաղության խաչմերուկի, խաղաղության դարաշրջանի, միջանցքի վերաբերյալ, թե այդպիսի հայտարարություն իբր չկա: Բնականաբար, առաջարկություններ կային այս վիճակից դուրս գալու հնարավոր ելքերի մասին:
Առաջին հերթին խոսելով միջանցքի մասին՝ 2-րդ նախագահը ճիշտ մատնանշում արեց: Տեսեք, մենք այսօր երկու հանրապետության՝ Իրանի եւ Վրաստանի հետ, ունենք ազատ հաղորդակցություն: Երբեք այդ տարածքի հետ չի խոսվում միջանցքի մասին, որովհետեւ իրապես այդ տարածքներով անցնող ճանապարհները եւ սահմանային հատվածները իրականում գտնվում են Հայաստանի իրավապահ, մաքսային մարմինների լիարժեք վերահսկողության ներքո:
Կարդացեք նաև
Եւ ինչո՞ւ հենց այս հատվածը «միջանցք» ձեւակերպումն ստացավ: Պետք է պատկերացնել մի բան: Նիկոլ Փաշինյանը արդեն իսկ Մեղրին հանձնել է թուրքերին «միջանցք» ձեւակերպման ներքո: Բազմիցս ասել ենք. այդ ճանապարհը միայն ճանապարհ, երկաթուղային գիծ չէ: Այդ ճանապարհն ունենալու է խորքային կոնկրետ հատվածներ եւ այս պարագայում Մեղրին մենք հաստատապես կորցնում ենք:
Ավելի վտանգավոր է չէ՞, որ նրանք սկսել են նաեւ Նախիջեւանից ու մեր Արցախի գրավյալ տարածքներից ճանապարհներ կառուցել նաեւ դեպի Սիսիան: Սա արդեն խոստացել է եւ հիմա ավելի ողորմելի վիճակում է հայտնվել այն առումով, որ Ալիեւն արդեն բացահայտ հայտնում է միջանցքի մասին: Երեւի երկու օր առաջ էր. թուրքալեզու պետությունների հավաքի ժամանակ էլ Ալիեւը միջանցքի մասին էր խոսում: Դրա համար սա ավելի է խառնվել՝ միջազգային ամբիոններից հայտարարելով, որ այդպիսի ձեւակերպում որեւէ փաստաթղթում չկա: Հիշենք Պրահան: Հոկտեմբերի 7-ին Արցախը հանձնելու ժամանակ որեւէ փաստաթուղթ եղա՞վ: Հանձնեց Արցախը չէ՞: Մխրճվել են Հայաստանի տարածք:
Որեւէ փաստաթուղթ ստորագրվե՞ց մեր ինքնիշխան տարածքից դուրս վռնդելու մասին: Փաստաթղթավորումը նրանք գաղտնի անում են: Հիմա սա ամեն ինչ անում է ժողովրդից գաղտնի, ժողովրդի թիկունքում: Ինչպես ինքն էր ասում, ինչ ուզում՝ բանակցում եմ:
Երեկ հանրապետության նախագահը նկարագրեց իրավիճակը, թե ով ինչ է շահում: Նա հստակ նշեց, որ Հայաստանը բացարձակապես ոչինչ չի շահում եւ հակառակը, կորցնում է իր տարածքի բավականին մեծ հատված»,-ասաց Թաթուլ Պետրոսյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ