Ըստ ՍԴ-ի` տնային կալանքում հայտնված անձի գործը ենթակա է վերանայման
Քրեական հետապնդման մեջ գտնվող Հայկ Մելքոնյանի կողմից (ներկայացուցիչ, պաշտպան Գայանե Պապոյան) 2025 թ. հունիսի 5-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել անհատական դիմում՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ խնդրանքով։
Ըստ էության, կողմն անցել էր դատական երեք ատյաններով:
Պաշտպան Գ. Պապոյանը քրեադատավարական օրենքի 123-րդ հոդվածի 5-րդ մասի վկայակոչմամբ փաստարկել է, որ տնային կալանքի կիրառման կարգի կապակցությամբ կիրառելի է կալանքի համար քրեադատավարական օրենքի վերաբերելի այն կարգավորումը, որ կալանքից ազատված անձը չի կարող կրկին կալանավորվել նույն մեղադրանքով, եթե չեն հայտնաբերվել նոր էական հանգամանքներ, որոնք վարույթն իրականացնող մարմնին հայտնի չէին մեղադրյալին կալանքից ազատելու պահին, հետեւաբար՝ մեղադրյալ Հայկ Մելքոնյանի նկատմամբ … նույն մեղադրանքով չի կարող կրկին կիրառվել տնային կալանքը, քանի որ վերջինս հանդիսանում է տնային կալանքից ազատված անձ, եւ 2024 թ. հոկտեմբերի 18-ի դրությամբ քրեական գործով չեն հայտնաբերվել մեղադրյալ Հայկ Մելքոնյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու իրավաչափության մասին վկայող այնպիսի հանգամանքներ, որոնք առաջին ատյանի դատարանին հայտնի չեն եղել 2024 թ. հոկտեմբերի 17-ի դրությամբ, այսինքն, մեղադրյալ Հայկ Մելքոնյանի՝ տնային կալանքից ազատվելիս: Այնուամենայնիվ, դատարանը գտել էր, որ օրենսգրքի 121-րդ հոդվածը կիրառելի չէ տնային կալանք այլընտրանքային խափանման միջոցի նկատմամբ…
Կարդացեք նաև
Սահմանադրական դատարանը գտել է, որ թե՛ օրենսդրական կարգավորումներ սահմանելիս, թե՛ իրավակիրառ պրակտիկայում դրանց մեկնաբանություն հաղորդելիս հանրային իշխանության համապատասխան մարմինները պետք է իբրեւ ուղենիշ ունենան Սահմանադրության 27-րդ հոդվածով ամրագրված անձնական ազատության իրավունքի իրացման երաշխիքները՝ հաշվի առնելով նաեւ սույն իրավունքի հետեւանքային ազդեցությունն անձի այլ իրավունքների իրացման վրա: Եվրոպական դատարանի տեսանկյունից՝ չնայած այն հանգամանքին, որ տնային կալանքն ավելի նվազ սահմանափակումներ, նվազ անհարմարություններ եւ տառապանք է առաջացնում անձի համար, քան կալանավորումը քրեակատարողական հիմնարկում, քանի որ կալանավորված անձը ստիպված է ինտեգրվել նոր եւ որոշ դեպքերում նաեւ անբարեհաճ միջավայրում, կիսել իր միջոցներն ու գործունեությունը այլ խցակիցների հետ, հետեւել կարգապահությանն ու իշխանությունների կողմից ենթարկվել տարբեր աստիճանի վերահսկողության ողջ օրվա ընթացքում, սակայն որեւէ տարբերություն չկա ազատազրկման տարբեր տեսակների միջեւ։
2024 թ. հոկտեմբերի 2-ին հսկող դատախազը թիվ 69129924 քրեական վարույթով մեղադրական եզրակացությունն՝ ըստ մեղադրանքի Հայկ Մելքոնյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ու 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, եւ մյուսների, հանձնել է Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան: Մեղադրյալ Հ. Մելքոնյանի նկատմամբ համակցված կիրառվել են տնային կալանք եւ բացակայելու արգելք այլընտրանքային խափանման միջոցները: Դատարանի 2024 թ. օգոստոսի 16-ի որոշմամբ Հ.Մելքոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է 2 ամիս ժամկետով՝ մինչեւ 2024 թ. հոկտեմբերի 17-ը:
Նույն որոշմամբ սահմանափակվել է նաեւ Հ. Մելքոնյանի այլ անձանց հետ շփում ունենալու, հաղորդակցության այլ ձեւերից օգտվելու իրավունքը։
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցի կիրառման հարցը քննության առնելու մասին դատարանի 2024 թ. հոկտեմբերի 18-ի որոշմամբ մեղադրյալ Հ.Մելքոնյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը՝ 3 ամիս ժամանակով՝ արձանագրելով հետեւյալը. «Անդրադառնալով տնային կալանք այլընտրանքային խափանման միջոցի կրկին կիրառման հարցին՝ դատարանն արձանագրում է հետեւյալը. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Տնային կալանքի կիրառման կարգի, ժամկետների եւ բողոքարկման վրա տարածվում են կալանքի համար սույն օրենսգրքով սահմանված դրույթները»: Վերոգրյալի համատեքստում քննարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-121-րդ հոդվածները՝ դատարանն արձանագրում է, որ «կալանք» խափանման միջոցի կիրառման կարգը կարգավորվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածով, ժամկետները սահմանված են նույն օրենսգրքի 119-րդ հոդվածով, իսկ բողոքարկման կարգը սահմանված է նույն օրենսգրքի 389-390-րդ հոդվածներով։ Միեւնույն ժամանակ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի դրույթները կիրառելի չեն տնային կալանք այլընտրանքային խափանման միջոցի նկատմամբ, քանի որ օրենսդիրը, «կալանք» խափանման միջոցը գնահատելով որպես ամենախիստ խափանման միջոց՝ դրա կրկին կիրառման համար նախատեսել է նոր էական հանգամանքների եւ դրանց քննարկման իմպերատիվ անհրաժեշտությունը»։
Հիշատակված որոշման դեմ ներկայացվել է հատուկ վերանայման վերաքննիչ բողոք, որը Վերաքննիչ քրեական դատարանի 2024 թ. նոյեմբերի 14-ի որոշմամբ մերժվել է:
Մասնավորապես, ինչ վերաբերում է պաշտպան Գայանե Պապոյանի հատուկ վերանայման բողոքում նշված՝ մեղադրյալի անձը բնութագրող հանգամանքներին, մասնավորապես՝ մեղադրյալն ունի կյանքին վտանգ սպառնացող ծանր հիվանդություններ …Վերաքննիչ դատարանը փաստում է, որ նշված հանգամանքները ինքնին չեն չեզոքացնում մեղադրյալի կողմից փախուստի դիմելու եւ օրենքով իր վրա դրված պարտականությունների չկատարելու բարձր հավանականությունը, հետեւաբար, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ տվյալ փուլում այլընտրանքային խափանման միջոցի կամ միջոցների համակցության կիրառումն անբավարար են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների կատարումն ապահովելու համար:
Վերաքննիչ քրեական դատարանի վերոնշյալ որոշման դեմ ներկայացվել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը վարույթ ընդունելը Վճռաբեկ դատարանի 2025 թ. փետրվարի 25-ի որոշմամբ մերժվել է:
Ըստ ՍԴ դիմողի`օրենսդիրը կիրառման հիմքերի եւ պայմանների առումով իրավացիորեն նույնացնում է կալանքն ու տնային կալանքը, որպիսի մոտեցումն ամբողջապես համահունչ է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներին:
Ըստ պատասխանող ԱԺ-ի` պատասխանողը նշել էր, որ թեեւ տնային կալանքն առանձին խափանման միջոց է եւ ունի որոշ առանձնահատկություններ, օրենսդիրը հստակ կարգավորում է դրա կիրառման ընթացակարգային եւ նյութական հարցերը՝ հղում կատարելով կալանքի վերաբերյալ նույն օրենսգրքով սահմանված դրույթներին: Օրենսգրքում ուղղակի կերպով հղում է կատարվում կալանքի վերաբերյալ նորմերին, ինչի արդյունքում տվյալ հարաբերությունները լիարժեք կերպով կարգավորվում են օրենսդրությամբ: Այն համապատասխանում է Սահմանադրությանը:
Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1798 որոշմամբ` «Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով՝ նկատի ունենալով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի 5-րդ մասը դիմողի նկատմամբ կիրառվել է սույն որոշման մեջ նշված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
08.10.2025