«Հրապարակի» զրուցակիցը Վանաձորի ընտրված, սակայն քաղաքական ռեպրեսիաների արդյունքում քաղաքապետ չդարձած Մամիկոն Ասլանյանն է:
– «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը` իր առաջնորդի գլխավորությամբ, ազնիվ եւ արդար ընտրություն է համարում միայն այն ընտրությունը, որտեղ հաղթել է ՔՊ-ն: Բոլոր այն դեպքերում, երբ ընդդիմադիր թեկնածու է հաղթում, ՔՊ-ականներն այդ ընտրությունը որակում են կեղծված, կաշառված, հաղթանակ արձանագրած ուժին մեղադրում տարբեր զանցանքների մեջ, սպառնում, որ նոր ընտրությունների են գնալու: Սկսում են իշխանությունը գողանալու գործընթաց: Վանաձորում՝ Ձեր օրինակը, Գյումրիում` Սամվել Բալասանյանի, հիմա էլ` Վարդան Ղուկասյանի, Ալավերդիում` Արկադի Թամազյանի, եւ այսպես շարունակ: Խոսակցություններ կան, որ մինչեւ համապետական ընտրությունները, իշխանությունը ցանկանում է ազատվել նաեւ Աբովյանի ԲՀԿ-ական համայնքապետից: Ձեր կարծիքով` ի՞նչն է այս ամենի պատճառը:
– Այս մարդիկ ուղղակի իրենց իսկ հռչակած կեղծ թեզերը որոշել են կյանքի կոչել, սակայն լրիվ հակառակ ձեւով: Այն, որ խոսում են ժողովրդավարությունից, թափանցիկ ընտրություններից, դրանք լրիվ դեկլարատիվ բնույթի փաթեթավորված հայտարարություններ են: Իրականում, այս մարդիկ պատրաստ չեն տեսնել այլընտրանք, պատրաստ չեն լսել այլ տեսակետ, նրանք Խորհրդային Միության օրինակով փորձում են Հայաստանը դարձնել միակուսակցական համակարգով, իրենց հարմար պետություն` ցանկացած գնով, նույնիսկ մարդկանց սպանելու, բանտարկելու, սպառնալու գնով: Ցանկացած միջոցով փորձում են իշխանությունն հպատակեցնել: Այս մարդիկ ոչ մի ձեւով կապ չունեն ժողովրդավարության հետ: Նաեւ հոգեբանական խնդիր ունեն, չեն կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ կարող են նաեւ պարտվել:
– Թեպետ Վարդան Ղուկասյանն այն համայնքապետը եւ անձը չէ, որով կարելի է հիանալ, սակայն, այնուամենայնիվ, ընտրված համայնքապետ է, համակրենք նրան, թե ոչ, նա է Գյումրու ընտրությունը: Իշխանությունները չեն հաշտվում նաեւ այդ ընտրության հետ:
Կարդացեք նաև
– Քայլերից, դրանց համադրությունից երեւում է, որ Գյումրիում եւս ցանկանում են իրավապահ ահաբեկչության միջոցով իշխանությունը վերցնել` պարտությունը վերածելով կեղծ հաղթանակի: Փորձում են մի այնպիսի սոդոմ-գոմոր ստեղծել, որ շունը տիրոջը չճանաչի:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: