«Ցավ եմ ապրում, որ մարդիկ նման ակցիա են իրականացրել, զուգահեռները տեղին չեմ համարում, առաջարկում եմ համապատասխան հարցում ուղարկել կառավարությանը: Կա հստակ ընթացակարգ, որի միջոցով տրվում են այդ պարգեւները…Ես չէ, որ նախաձեռնել եմ ինձ որեւէ պարգեւի արժանացնելու գործընթացը »,-ճեպազրույցում ասաց ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով լրագրողների այն դիտարկմանը, որ ե՛ւ իրեն են Հայրենիքին մատուցած ծառայությունների համար պետական պարգեւի արժանացրել, եւ հայրենիքի համար իրենց կյանքը դրած մարդկանց, ու նաեւ այդ էր պատճառը, որ 44-օրյա պատերազմի մասնակիցները վերադարձրել էին իրենց մեդալներն ու շքանշանները :
Հարցին՝ իրեն արժանի համարո՞ւմ է այդ շքանշանին, Վահան Կոստանյանն այսպես արձագանքեց. «Ես շնորհակալ եմ՝ ինձ այդ շքանշանին արժանացնելու համար»:
ԱԳ փոխնախարարի՝ զինվորական ծառայությունից խուսափելուն էլ անդրադարձ եղավ: Նա գիտությամբ զբաղվելու հիմքով ժամանակին ազատվել էր զինվորական ծառայությունից, երբ համապատասխան հանձնաժողովում էր այն ժամանակվա ԿԳ փոխնախարար, այժմ՝ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը:
«Ես, ցավոք սրտի, աշխատանքի ծանրաբեռնվածության պատճառով չեմ կարող թեզ պաշտպանել»,- լրագրողների առաջ արդարացավ Վահան Կոստանյանը: Նաեւ ասաց, որ դիվանագիտական գործունեությամբ նույնպես կարելի է հայրենիքին ծառայություններ մատուցել:
Կարդացեք նաև
Ի դեպ, Aravot.am-ը 2018 թվականից, երբ գիտությամբ զբաղվելու հիմքով զինվորական ծառայությունից ազատված Վահան Կոստանյանը դեռեւս փոխվարչապետի օգնականն էր, հետեւողականորեն հետեւում է, թե երբ է նա ի վերջո պաշտպանելու իր թեզը՝ այրում էթնիկ խմբի մասին:
2019թ, երբ Կոստանյանն արդեն ԱԺ նախագահի օգնական էր, մեզ հետ զրույցում հավաստիացրել էր, որ սահմանված ժամկետում թեկնածուական ատենախոսությունը չպաշտպանելու պարագայում պատրաստ է մեկնել ԶՈւ ծառայության: 2020թ հունիսին էլ ասել էր, որ հստակ չի կարող պատասխանել, թե երբ կպաշտպանի իր թեզը: Մինչ օրս նա չի պաշտպանել իր թեզը:
Վահան Կոստանյանը ճեպազրույցում Բրյուսելում տեղի ունեցող ֆորումին էլ անդրադարձավ, որին մասնակցում է նաեւ Նիկոլ Փաշինյանը: Ասաց, որ Փաշինյանը հրավիրված է ելույթ ունենալու ֆորումի բացմանը, նախատեսված են տարբեր հանդիպումներ, եւ եթե իր տեղեկությունները ճիշտ են, Ադրբեջանի նախագահը չի մասնակցելու այդ միջոցառմանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ