Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքական հաշվեհարդար է. հասկանում ենք՝ գզգզված մազերով չուչելը ում կնոջ նմանակը պետք է լիներ ու ինչի համար». Կոչուբաեւ

Հոկտեմբեր 09,2025 18:10

Ահաբեկչության նախապատրաստման եւ իշխանության զավթման փորձի մեջ մեղադրվող Բագրատ սրբազանի եւ մյուսների գործով դատական նիստին այսօր մեղադրյալներից Արմեն Ալեքսանյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաեւը միջնորդեց քրեական հետապնդումը դադարեցնել:

-Ապացույցների բովանդակային հետազոտության կարիքը չկա: Արմեն Ալեքսանյանի մեղադրանքի հիմքում դրված են երկու փաստական տվյալ, որոնցից որեւէ մեկը հետազոտության կարիք չունի: Առաջինը գաղտնալսման արձանագրություն եւ վերծանումն է: Ալեքսանյանն ամբողջ գործի ընթացքում կա երկու անգամ, մեկ անգամ ընդհանուր խոսակցության է մասնակցում՝ գզգզված չուչելի լայվի վերաբերյալ եւ երկրորդը տիկտոկյան էջում ձվածեղի պատրաստման տեսանյութն է: Մինչդեռ նրան մեղսագրված է ահաբեկչություն ու իշխանության զավթման փորձ: Ակնհայտ է մի իրողություն՝ այս տեսանյութը չէր կարող ահաբեկչություն նախապատրաստել կամ իշխանության զավթման փորձ նախապատրաստեր:

Եթե ունենք հնարավորություն միանգամից վերջ տալ այս մեղադրանք կոչվող խեղկատակությանը, կարծում եմ՝ սա պատեհ պահն է:

Արդյո՞ք այդ ձվածեղի տեսանյութը չպետք է նայենք, որ արձանագրենք Ալեքսանյանն ի վերջո մասնակցե՞լ է ահաբեկչության նախապատրաստմանը, կարծում եմ՝ դրա կարիքը բացակայում է, քանի որ դա ապացույցի տեսք չունի:

Այդ տեսանյութը հանրային փաստ է, այդ տեսանյութն էլ ունի հանրային մեծ հնչեղություն, տվյալ պարագայում, եթե սպասենք ապացույցի համապատասխան փուլում հետազոտմանը, կստացվի՝ ուզում ենք ապացուցել հանրային փաստը: Արմեն Ալեքսանյանն այստեղ է Բագրատ սրբազանին աջակցելու, գզգզված չուչելի լայվին նախապատրաստվելու համար: Քաղաքական հաշվեհարդար է իրականացվում, բոլորս հասկանում ենք՝ գզգզված մազերով չուչելը ում կնոջ նմանակը պետք է լիներ ու ինչի համար: Ալեքսանյանը ենթարկվեց քաղաքական վրեժխնդրության,- իր միջնորդությունը ներկայացրեց Կոչուբաեւը:

Հանրային մեղադրողը նկատեց, որ փաստաբանը վիճարկում է մեղադրանքը, ապա առարկեց միջնորդության դեմ:

Փաստաբան Ռուբեն Մելիքյանն էլ դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ այդ հայտնի ձվածեղ պատրաստելու տեսանյութը դեռ կա համացանցում:

Վարույթ իրականացնող մարմինը միջոցներ չի ձեռնարկել, որ ահաբեկչության նախապատրաստման մասին տեսանյութը հասանելի չլինի հանրությանը: Դա, ըստ Մելիքյանի, եւս մի ապացույց է, որ վարույթ իրականացնող մարմինը ձվածեղի պատրաստման ամբողջ գործընթացը չի դիտարկում ահաբեկչության նախապատրաստում:

– Միջնորդության էությունը վերաբերում է նրան, որ Ալեքսանյանը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը: Ամանորյա հին բաստուրմայով ձվածեղ է պատրաստել, իրեն մեղսագրվում է պայթյուն, հրկիզում, շինություն զավթելը….պայթյուն արե՞լ է, այո՛, արել է, երբ ձուն ընկնում է ձեթի մեջ, պայթյունանման ու հրկիզման բնորոշ գործողություններ են տեղի ունենում: Արդյո՞ք ձվածեղի պայթյունն ահաբեկել է հանրությանը, մեծ հաշվով՝ ոչ: Դրանից ահաբեկվել են բացառապես իրավապահ մարմինները,- հավելեց Կոչուբաեւը,- Իմ միջնորդությունը նաեւ բեռնաթափման նպատակով է, չեմ ցանկանում՝ Արմեն Ալեքսանյանը մասնակցի միայն նրա համար, որ ձվածեղ է պատրաստում, այստեղ հանցակազմ չկա:

Միջնորդությանը միացան մի շարք պաշտպաններ՝ Ռուբեն Մելիքյանը, Արամ Վարդեւանյանը, Լիպարիտ Սիմոնյանը:

Դատարանը մերժեց Կոչուբաեւի միջնորդությունը՝ հիմնավորելով, որ ապացույցների հետազոտման արդյունքում դատարանը կարող է գալ նման եզրահանգման: Այս գործով բոլոր 18 մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդման դադարեցման եւ գործի կարճման վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց նաեւ փաստաբան Հովհաննես Խուդոյանը:

Նա ասաց, որ արդար դատաքննություն չեն սպասում, քաղաքական միջամտություններն ու ու ուղղորդումը հենց քրեական վարույթի նախաձեռնման սկզբից է եղել: Նրա խոսքով՝ այս վարույթի ամբողջ նյութերի հետազոտումը հնարավոր չէ այս վարույթի կեղծված ու փչացած լինելու պատճառով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031