Ահաբեկչության նախապատրաստման եւ իշխանության զավթման փորձի մեջ մեղադրվող Բագրատ սրբազանի եւ մյուսների գործով դատական նիստում այսօր միջադեպ գրանցվեց նաեւ, երբ պատգամավոր Արթուր Սարգսյանը արձագանքեց Բագրատ սրբազանին ազգանունով դիմելու հանրային մեղադրողի դիմելաձեւին:
-Բագրատ սրբազանը եւ ես առաջին նիստերին խնդրեցինք, որ Բագրատ սրբազան է, ոչ թե Վազգեն Գալստանյան, դուք ընդունեցիք: Բայց մեր մեղադրողները, որ այսօր այս կեղծ գործով 18 մարդու մեղադրել են, զրկել են ազատությունից, փոխանակ գան, սուսուփուս նստեն, միայն իրենց շրջանակներում խոսեն, էն օր մեկը այ տղա է ասում, արա նստի տեղդ: Ես՝ որպես այս գործով մեղադրյալ, հորդորում եմ մեղադրողներին, այ էն թասիբը չունեք, որ Բագրատ սրբազան դիմեք, մի ընդհատի, որ խոսում ես, ես չեմ ընդհատում:
Բագրատ սրբազանը, Բագրատ սրբազան է, կալանավոր է, բայց Բագրատ սրբազանն է: Եթե այդ կամքը չունեք, որ արտահայտվեք, ո՞նց կարող եք այս գործը քննել,- ասաց Արթուր Սարգսյանը՝ անընդհատ արձագանքելով իր խոսքը ընդհատող մեղադրողներին:
Կարդացեք նաև
-Քո ընկերն ո՞վ է, որ ասի սրբազանին թող փաստաբանը բացատրի, ո՞վ կարող է մեր սրբազանի հետ նման ձեւ խոսի,- շարունակեց պատգամավորը: Իրավիճակը լարվեց, լեզվակռիվը թեժացավ: Նիստը ընդմիջվեց:
Հիշեցնենք, որ այսօր նիստի ժամանակ, երբ Բագրատ սրբազանը չէր հասկացել մեղադրող դատախազի խոսքի բովանդակությունը ու խնդրել էր նրան կրկնել ասածը, մեղադրողն ասել էր, որ ինքը չի ցանկանում ստանձնել Վազգեն Գալստանյանի պաշտպանի գործառույթը ու հույս էր հայտնել, թե պաշտպանը երեւի կբացատրի, Բագրատ սրբազանն էլ կհասկանա:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ