Լրահոս
Հերոսի ծննդյան օրն է
Օրվա լրահոսը

Դիվանագիտական խոսույթում եւս պարտված ենք

Հոկտեմբեր 10,2025 12:00

Երեւանից շեշտում են` «Զանգեզուրի միջանցք» խոսույթը որեւէ կերպ չի կարող վերաբերել ՀՀ տարածքին, բայց Բաքուն ու Անկարան համառորեն շարունակում են գործածել այն

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Կոպենհագենում հոկտեմբերի 2-ին կայացած հանդիպմանը քննարկվել է «Զանգեզուրի միջանցք» արտահայտության կիրառման խնդիրը: Հայաստանը վերահաստատում է, որ Ադրբեջանի նախագահի տվյալ խոսույթը որեւէ կերպ չի կարող վերաբերել ՀՀ տարածքին, օրերս հայտարարել է ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի գրավոր հարցմանը:

Նա պարզաբանել է. «Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի՝ Կոպենհագենում կայացած հանդիպման արդյունքներով երկու կողմերն էլ տարածել են մամուլի հաղորդագրություն, որից ակնհայտ է, որ երկու կողմերը ընդունում են՝ Հայաստանի տարածքին առնչվում է TRIPP նախագիծը, հետեւաբար Հայաստանի Հանրապետության տարածքում որեւէ այլ նախագիծ չկա եւ չի կարող լինել։ Հարցը, այո, քննարկվել է Կոպենհագենի հանդիպման ընթացքում, եւ մենք վերահաստատում ենք, որ Ադրբեջանի նախագահի տվյալ խոսույթը որեւէ կերպ չի կարող վերաբերել Հայաստանի Հանրապետության տարածքին։ Հայաստանի Հանրապետությունում իրականացվում են միայն TRIPP եւ «Խաղաղության խաչմերուկ» նախագծերը, ինչը հստակ ամրագրված է մի շարք միջազգային փաստաթղթերում»։

Նկատենք, որ Հայաստանի վարչապետի խոսնակի հայտարարությունը Ադրբեջանից հնչած մի շարք հայտարարություններին ի պատասխան էր: Ճիշտ նույն օրը, հոկտեմբերի 7-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Գաբալայում մեկնարկած Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների ղեկավարների հավաքում շեշտել էր. «Զանգեզուրի միջանցքի բացումը վաշինգտոնյան գագաթաժողովի կարեւորագույն արդյունքներից մեկն էր։ Զանգեզուրի միջանցքը կարեւոր նշանակություն ունի որպես նոր տրանսպորտային ուղի՝ թե՛ «Միջին միջանցքի», եւ թե՛ «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում»։

Մոտ 10 րոպեանոց ելույթում Ալիեւը մի քանի անգամ կրկնել է, որ Ադրբեջանը պատմական հաղթանակներով ետ է բերել իր «նախնիների հողերը», ընդգծել է՝ «հայկական օկուպացիան» երբեք չեն մոռանա, պնդել է՝ «վրեժ են լուծել դրա համար ռազմի դաշտում» եւ որ իրենց «հետեւողական քայլերով հիմք դրել արդարության ու խաղաղության համար»: «Երկու ամիս առաջ Սպիտակ տանը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը Հարավային Կովկասը կվերածի խաղաղության տարածքի։ Վաշինգտոնի գագաթաժողովում ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ դրան առնչվող կառույցների փակման վերաբերյալ համատեղ հայտարարությանը համապատասխան՝ անցյալի հակամարտության այս մնացորդները նույնպես վերացվեցին ԵԱՀԿ սեպտեմբերի 1-ի որոշմամբ», ասել է Ալիեւը։

«Ներկայիս աշխարհում ռազմական հզորությունն է ցանկացած երկրի անկախության եւ տարածքային ամբողջականության հիմնական գործոնը», – ընդգծել է Ալիեւն ու առաջարկել մյուս տարի թյուրքական երկրների միջեւ համատեղ զինավարժություններ անցկացնել՝ թուրք-ադրբեջանական վարժանքների օրինակով. «Ժամանակակից աշխարհաքաղաքական եւ անվտանգության մարտահրավերների ֆոնին կարեւոր է, որ թյուրքալեզու պետությունները գործեն որպես միասնական ուժի կենտրոն»։

Սա, փաստորեն, Փաշինյանի վերջին բացատրությունից հետո, թե` «Հորադիզ-Զանգելան երկար է, ասում են «Զանգեզուրի միջանցք»… թող ասեն «Զանգեզուրի միջանցք», մենք խնդիր չունենք», Ալիեւի առաջին պատասխանն էր:

Ադրբեջանի նախագահից բացի, այդ երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը էլ նույն հավաքում Հայաստանի նկատմամբ պահանջների շարքն է ներկայացրել, ասելով, որ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանը վերացնի «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները, որոնք ամրագրված են Սահմանադրության մակարդակով»։

Բայրամովը իր ելույթում նույնպես պատմական էր որակել Վաշինգտոնում գագաթաժողովի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ TRIPP-ի համար կրկին կիրառելով «Զանգեզուրի միջանցք» տերմինը. «TRIPP երթուղին, որը կապահովի Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ Զանգեզուրի միջանցքով անարգել հաղորդակցությունը, նույնպես կարեւոր քայլ է մեր տարածաշրջանում կապերի դիվերսիֆիկացման տեսանկյունից»:

Իսկ գագաթաժողովին մասնակցող Թուրքիայի նախագահը ընդգծել է՝ առաջիկայում թուրքական աշխարհն առավել մեծ դեր է ունենալու տարածաշրջանի կայունության ու անվտանգության ապահովման գործում։ «Այսօր կարեւոր է, որ մենք ամրապնդենք ու համատեղ զարգացնենք մեր պաշտպանական կարողությունները», – հայտարարել է Ռեջեփ Էրդողանը: «Թուրքիան ոչ թե պարզապես հետեւում է Հարավային Կովկասի զարգացումներին, այլեւ ցանկանում է իր ներդրումն ունենալ տարածաշրջանում խաղաղությունը երաշխավորելու հարցում։ Մենք սպասում ենք օգոստոսի 8-ին ստորագրված հայտարարությունից բխող նախաձեռնություններին», – ասել է նա։

«Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնագիրը պատմական նշանակություն ունի», շեշտել է նաեւ Թյուրքական պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Կուբանիչբեկ Օմուրալիեւը, մանրամասնելով՝ այն էականորեն կամրապնդի թյուրքական աշխարհն ու կստեղծի հաղորդակցության նոր ուղիներ։ «Այս քայլը զգալիորեն կուժեղացնի թյուրքական աշխարհը եւ տարանցման նոր հնարավորություններ կստեղծի», – նշել է նա։ «Մեր երկրների տնտեսությունների արժեքը կազմում է 2,1 տրիլիոն դոլար, իսկ մեր առեւտրաշրջանառության ծավալը՝ 1,1 տրիլիոն դոլար։ Այնուամենայնիվ, մենք օգտագործում ենք մեր ներուժի միայն 7%-ը»,- ասել է նա։

Հայաստանի վարչապետի խոսնակի արձագանքից ժամեր անց Գաբալայում ընդունվել է Թյուրքական երկրների կազմակերպության այս գագաթաժողովի հռչակագիրը, որտեղ, ըստ Ադրբեջանի արտգործնախարարի, «ընդգծվում է ոչ միայն Միջին, այլեւ` Զանգեզուրի միջանցքի կարեւորությունը»։

Այսպես, թեեւ պաշտոնական Երեւանը բազմից հայտարարել է, որ տարածքային պահանջներ չունի հարեւան երկրից` Ադրբեջանը պահանջում է Սահմանադրությունից հանել Անկախության հռչակագիրը, որտեղ հիշատակում կա Լեռնային Ղարաբաղի մասին: ՀՀ իշխանությունները հայտարարել են նոր Սահմանադրություն ընդունելու մասին, սակայն շեշտում են, թե դա չեն անում Բաքվի պահանջը կատարելու համար:

Իսկ պաշտոնական Բաքվի ո՞ր պահանջը չի իրականացվել մինչ այժմ… Պաշտոնական Երեւանի կողմից` ««Զանգեզուրի միջանցք» խոսույթը որեւէ կերպ չի կարող վերաբերել ՀՀ տարածքին», կամ` «Հորադիզ-Զանգելան երկար է, ասում են «Զանգեզուրի միջանցք»… թող ասեն «Զանգեզուրի միջանցք», մենք խնդիր չունենք», պարզաբանում-բացատրություններով թեման փակվե՞ց։ Ակնհայտորեն` ոչ:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.10.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031