Բաքվում հոկտեմբերի 9-ին անցկացվել է «Անհետ կորած անձանց հարցի լուծման համար ջանքերի համատեղում և համագործակցության ընդլայնում» խորագրով միջազգային համաժողով։ Այնուհետև կազմակերպվել է կոնֆերանսի մասնակիցների շրջայցը Արցախի տարբեր շրջաններ, այդ թվում՝ բռնազավթած Շուշի։
Մասնակիցները շրջել են քաղաքում, եղել են նաև Բաքվի կողմից 44-օրյա պատերազմի ընթացքում հրթիռակոծված Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում։
Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից հրապարակված հայկական եկեղեցու լուսանկարներից պարզ է դառնում, որ Բաքուն կարծես թե ավարտել է այստեղ իրականացվող վերանորոգման կամայական աշխատանքները, քանի որ շինաշխատանքների հետքեր չեն երևում: Ըստ հրապարակված լուսանկարների՝ եկեղեցու գմբեթի խաչը բացակայում է։
Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 8-ին, եկեղեցին երկու անգամ թիրախային հրթիռակոծության էր ենթարկվել ադրբեջանական զինված ուժերի կողմից։
Կարդացեք նաև
Միջազգային Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը զեկույց էր հրապարակել Սուրբ Ամենափրկիչի հրթիռակոծության մասին՝ այն որակելով որպես «հնարավոր պատերազմական հանցագործություն»։
«Եկեղեցուն հասցված երկու հարվածները (2-րդի ժամանակ տեղում եղել են լրագրողներ ու քաղաքացիական անձինք) թվում են կանխամտածված։ Այդ հարվածները պետք է անաչառ հետաքննվեն, իսկ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,-ասել է «HRW»-ի Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տնօրեն Հյու Ուիլիամսոնը։
Պատերազմից հետո Բաքուն հայտարարել էր, թե սկսել է եկեղեցու «ռեստավրացիան», որն իրականացվում էր կամայական ու տարօրինակ կերպով՝ առանց հայկական կողմի և միջազգային որևէ կառույցի համաձայնության ու ներգրավվածության։
Բաքվի կողմից կազմակերպված միջազգային համաժողովը, ինչպես նաև՝ դրա շրջանակում իրականացված շրջայցն Արցախի բռնազավթված տարածքներ, մասնավորապես՝ Շուշի քաղաք, վկայում են Ադրբեջանի կողմից մշակված քաղաքական ռազմավարության մասին՝ ուղղված Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության վերաձևմանն ու ժխտմանը։ Պատմության և մշակույթի քաղաքական շահարկմամբ Ադրբեջանի պաշտոնական հայտարարությունները՝ եկեղեցին «աղվանական» ներկայացնելու և «հայկական կեղծ հետքերը» վերացնելու մասին, ոչ միայն խախտում են միջազգային իրավունքի նորմերը, այլև նպատակ ունեն ջնջել հայկական ինքնության հետքերն Արցախում։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում