Կահիրեում հոկտեմբերի 9-10-ը անցկացվեց Պարա ծանրամարտի երիտասարդների և պատանիների Աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացավ 8 մարզիկով՝ 5-ը՝ 18-20 տարեկանների, և 3-ը՝ 15-17 տարեկանների տարիքային խմբերում։
Հայաստանի պատվիրակության կազմում էին Հակոբ Աբրահամյանը, Գևորգ Հովհաննիսյանը և Արամ Զուրաբյանը։
ՌԱՖԱՅԵԼ ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ՝ ԱՇԽԱՐՀԻ ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ՌԵԿՈՐԴԱԿԻՐ
Առաջինը մրցահարթակ դուրս եկավ գյումրեցի Ռաֆայել Համազասպյանը (15-17 տ.), ով անթերի կատարեց իր բոլոր երեք մոտեցումները՝ սահմանելով Եվրոպայի երեք և Աշխարհի երկու ռեկորդ։ Նա գրավեց առաջին տեղը թե՛ բարձրացրած 115կգ առավելագույն քաշով (ԼԲՔ), թե՛ բարձրացրած 110կգ, 114կգ, 115կգ քաշերի հանրագումարով (ԲՔՀ)։
Կարդացեք նաև
Ռաֆայել Համազասպյանը դարձավ ընդամենը երկրորդ հայ մարզիկը, ով Պարա ծանրամարտում սահմանում է Աշխարհի ռեկորդ։
Նա կներկայացվի Սպորտի վարպետի (ՍՎ) կոչման և 2026 թվականի սպորտային թոշակի թեկնածուների ցուցակում ընդգրկման համար։
ԱՆՅՈՒՏԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ՝ ԿՐԿՆԱԿԻ ՈՍԿԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ
Արագածոտնի մարզից Անյուտա Պետրոսյանը, հանդես գալով մինչև 45 կգ քաշային կարգում, իր միջազգային դեբյուտում փայլեց լավ ելույթով (55կգ ԼԲՔ և ԲՔՀ95կգ)՝ նվաճելով երկու ոսկե մեդալ։
Նա կներկայացվի Միջազգային կարգի սպորտի վարպետի (ՄԿՍՎ) կոչման և 2026թ սպորտային թոշակի ստացման համար։
ԽՈՐԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ ԵՎ ԱՐԹՈՒՐ ԲԱԲԱՅԱՆ՝ ԵՎՐՈՊԱՅԻ ՌԵԿՈՐԴԱԿԻՐՆԵՐ
Մինչև 59 կգ քաշային կարգում հանդես եկան Խորեն Ծատուրյանը (Գյումրի) և Արթուր Բաբայանը (Վանաձոր)։ Նրանց մենամարտը դարձավ առաջնության ամենաուժեղ միավորումը։ Վերջնական մոտեցումներում Արթուր Բաբայանը բարձրացրեց 141 կգ և սահմանեց Եվրոպայի նոր ռեկորդ,
իսկ անմիջապես հետո Խորեն Ծատուրյանը բարձրացրեց 142 կգ և սահմանեց նոր ռեկորդ՝ գերազանցելով Արթուրի արդյունքը։
Արդյունքում՝
Խորեն Ծատուրյան՝ 2 ոսկե մեդալ,
Արթուր Բաբայան՝ 2 արծաթե մեդալ։
Երկուսն էլ ընդգրկվելու են 2026 թվականի սպորտային թոշակի թեկնածուների ցուցակում։ Արթուրը նաև կներկայացվի ՄԿՍՎ մարզական կոչման
ԱՐՏՅՈՄ ՄՈՒԽՍՅԱՆ ԵՎ ԴԱՎԻԹ ՀՈՒՆԱՆՅԱՆ
Մինչև 65 կգ քաշային կարգում հանդես եկան գավառցի Արտյոմ Մուխսյանը (15-17 տ.) և երևանցի Դավիթ Հունանյանը (18-20 տ.)։
Արտյոմ Մուխսյանը նվաճեց երկու արծաթե մեդալ՝ 69վկգ բարձրացրած առավելագույն քաշով և 128 կգ բարձրացրած քաշերի հանրագումարով։
Դավիթ Հունանյանը նվաճեց արծաթե մեդալ 301 կգ բարձրացրած քաշերի հանրագումար հաշվարկով։
Երկուսն էլ կներկայացվեն համապատասխանաբար ՄԿՍՎ և ՍՎ մարզական կոչման և 2026 թ․ սպորտային թոշակի թեկնածուների ցուցակում ընդգրկման համար։
ԿԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ՝ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ՆՈՐ ՌԵԿՈՐԴԱԿԻՐ
Թիմի ամենաերիտասարդ անդամը՝ վանաձորցի Կարինե Մանուկյանը, առաջին իսկ մոտեցմամբ սահմանեց նորմատիվ ռեկորդի համար և նվաճեց ոսկե մեդալ։
Վերջնական 60կգ և 110 կգ արդյունքներով նա գերազանցեց Եվրոպայի և Աշխարհի ռեկորդների նորմատիվը՝ նվաճելով երկու ոսկե մեդալ։
Կարինեն կներկայացվի ՍՎ մարզական կոչման և 2026 թ․ սպորտային թոշակի թեկնածուների ցանկում ընդգրկման համար։
ՏԻԳՐԱՆ ԽԼՂԱԹՅԱՆ՝ ԲՐՈՆԶԻ ՆՎԱՃՄԱՆ ՄԵՆԱՄԱՐՏ
Արարատի մարզի ներկայացուցիչ Տիգրան Խլղաթյանը հանդես եկավ մինչև 88 կգ քաշային կարգում, 18-20 տարիքային խմբում՝ պայքարելով Իրանի և Ուզբեկստանի առաջատար մարզիկների հետ։ Գրագետ տակտիկական մոտեցման և անձնական գերլարման շնորհիվ նա 157կգ (ԲՔՀ) արդյունքով նվաճեց բրոնզե մեդալ՝ ամփոփելով Հայաստանի թիմի փայլուն մասնակցությունը։
Նա ևս կներկայացվի ՍՎ մարզական կոչման և 2026 թ․ սպորտային թոշակի թեկնածուների ցանկում ընդգրկման համար։
ԱՄՓՈՓՈՒՄ
Հայաստանի երիտասարդական և պատանեկան հավաքականը Կահիրեի Աշխարհի առաջնությունում նվաճեց 8 ոսկե, 5 արծաթե և 1 բրոնզե մեդալ,
սահմանեց Աշխարհի 4 և Եվրոպայի 7 նոր ռեկորդ։
Մեդալների ընդհանուր հաշվարկով Հայաստանի թիմը գրավեց 3-րդ տեղը՝ զիջելով միայն Ուզբեկստանի և հյուրընկալող Եգիպտոսի հավաքականներին։
Այս փայլուն արդյունքը Հայաստանի Պարա ծանրամարտի հավաքականի ամբողջ անձնակազմի կուռ, նվիրված և գրագետ աշխատանքի արդյունքն է,
ինչը ևս մեկ անգամ ապացուցեց մեր մարզիչների և մարզիկների բարձր մակարդակը ու հայկական պարալիմպիկ սպորտի կայուն զարգացումը։
Հայաստանի Պարալիմպիկ կոմիտե