Հայաստանի ազգային հավաքականն ավարտեց մրցելույթները Դուբայում ընթացող բռնցքամարտի տղամարդկանց աշխարհի առաջնությունում։ Կիսաեզրափակիչ մտած մեր հինգ բռնցքամարտիկները չհաղթահարեցին նախավերջին արգելքը եւ բոլորն էլ տուն կվերադառնան բրոնզե մեդալով։
Արթուր Բազեյանից եւ Հովհաննես Բաչկովից հետո, 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանի մենամարտը բելառուս Ալեքսեյ Ալֆյորովի հետ չստացվեց, չնայած բավականին դիտարժան պայքար էր ակնկալվում։ Առաջին ռաունդում մեր մարզիկը հարվածների փոխանակման ժամանակ մի ակնթարթ կորցրեց զգոնությունը եւ ուժգին հարված ստանալով՝ ի վիճակի չեղավ շարունակել մարտը։
Կարդացեք նաև
Միավորներով պարտություն կրեցին 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, որը հավասար պայքարում զիջեց օլիմպիական խաղերի չեմպիոն, Ուզբեկստանի ներկայացուցիչ Հասանբոյ Դուսմատովին, եւ գերծանր քաշային Դավիթ Չալոյանը, որը զիջեց ուզբեկ Արման Մախանովին։
Այսպիսով, Հայաստանի հավաքականը առաջին անգամ աշխարհի միեւնույն առաջնությունում նվաճեց հինգ բրոնզե մեդալ։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ




















































