Տարվա կարևորագույն տեխնոլոգիական իրադարձությունը՝ «ԴիջիԹեք 2025»-ը, հաջողությամբ ավարտվեց՝ ամրագրելով իր բացառիկ տեղը որպես Հայաստանի և տարածաշրջանի ամենասպասված տեխնոլոգիական իրադարձությունը։ Այս տարի «ԴիջիԹեք»-ը առաջին անգամ անցկացվեց անդադար երեք օր՝ «Գիշեր-ցերեկ ԴիջիԹեք» ձևաչափով։ Երեք օր շարունակ տեխնոլոգիան միաձուլվեց ստեղծարարությանը․ ցերեկային ժամերին ցուցահանդեսային և կոնֆերանսային հատվածները հյուրընկալում էին բիզնես համայնքի ներկայացուցիչներին, ներդրողներին և ստարտափներին, իսկ երեկոյան և գիշերային ժամերին ԴիջիԹեքը վերածվում էր նորարար մշակութային տոնի։
ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը շնորհակալություն հայտնեց բոլոր կազմակերպիչներին, գործընկերներին, հովանավորներին և հազարավոր այցելուներին՝ «ԴիջիԹեք 2025»-ը հաջողությամբ կյանքի կոչելու համար։
Այս տարվա «ԴիջիԹեք»-ի հիմնական շեշտադրումները՝ և՛ ցուցահանդեսային, և՛ աշխատաժողովային հատվածներում, կենտրոնացած էին արհեստական բանականության, վենչուրային կապիտալի և տեխնոլոգիական ընկերությունների առաջանցիկ աճի մարտահրավերների և հնարավորությունների շուրջ։
Կարդացեք նաև
Բազմաթիվ միջազգային և տեղական ընկերություններ, ներդրումային ֆոնդեր և ոլորտի առաջատար մասնագետներ մասնակցեցին քննարկումներին՝ կիսվելով փորձով և նոր գաղափարներով։
«ԴիջիԹեք 2025»-ի ինստիտուցիոնալ աջակիցներն էին Երևանի քաղաքապետարանը և ՀՀ կառավարությունը՝ ի դեմս Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության։
Այս տարի նշվեց նաև «ԴիջիԹեք»-ի 20-րդ հոբելյանը, որը դարձավ պատեհ առիթ հիշելու առաջին «ԴիջիԹեք»-ի հիմնադրին՝ լուսահոգի Կարեն Վարդանյանին, որի տեսլականը շարունակում է ոգեշնչել տեխնոլոգիական համայնքը նոր նվաճումների։