Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ «Արցախն իմ սրտում» նորաստեղծ բարեգործական հիմնադրամի նպատակներին։
«Օրվա ընթացքում մեզ են դիմում բազմաթիվ արցախցիներ, ովքեր մնալու տեղ չունեն։ Հուլիսի 1-ից աջակցության ծրագիրը՝ «40+10»-ը դարձել է 30 հազար դրամ եւ այն գործելու է մինչեւ տարվա վերջ։ Մենք չգիտենք՝ այնուհետեւ ինչպիսի ծրագրեր են լինելու, եթե, իհարկե, դրանք լինելու են։ Կանգնած ենք լրջագույն մարտահրավերների առաջ, սա մտահոգիչ է։ Վերջին օրերին ականատես ենք լինում, որ մարդկանցից խաբեությամբ հափշտակել են նրանց գումարները եւ բնակարաններ չեն տրամադրել։ Ունենք նմանատիպ փաստեր, ահազանգում ենք, բայց կառավարության կողմից բավարար ուշադրության չեն արժանանում։ Այսպիսի խնդիրների շուրջ մենք ստիպված ենք եղել առաջ քաշել մի ծրագիր։ Բազմաթիվ մարդկանց պայքարը ոչ թե վաղվա համար է, այլ հենց այսօրվա։ Եվ հենց այդ պատճառով մենք որոշեցինք կյանքի կոչել մի նախաձեռնություն, որը ծնվել է ոչ թե գաղափարից, այլ կարիքից։ Ստեղծել ենք «Արցախն իմ սրտում» բարեգործական հիմնադրամը, որի հիմնական նպատակն արցախցի տեղահանված զոհվածների ընտանիքների աջակցություն տրամադրելն է, ինչպես նաեւ առաջին եւ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց, պայթյունի զոհ դարձած ընտանիքներին եւս ներառելու ենք։ Օրհասական խնդիրներ ունենք, բայց կառավարության կողմից այդ մարդկանց բավարար աջակցություն չկա»,- ասաց նա։
Նժդեհ Իսկանդարյանի խոսքով՝ ՀՀ կառավարությունն իրենց խոստացել էր վառելիքի պահեստի պայթյունից զոհված ընտանիքների կարգավիճակի հարցը լուծել, բայց մինչ օրս այդ խոստումները մնացել են քննարկման մակարդակում։ «Վերաքննիչ դատարանի որոշմամբ պարզ է դարձել, որ այդ ամենը տեղի է ունեցել, հետեւաբար, կառավարությունը պետք է կարգավիճակի հարցն ունենա օրակարգում։ Մեկ անգամ եւս նշում եմ, որ իրենցից մեծ սպասելիքներ չունենք, բայց փորձում ենք ելքեր գտնել։ Եվ այսօրվա հանդիպման նպատակը հետեւյալն է՝ կոչ անել մեր հանրությանը, ում համար Արցախի հարցը փակված չէ եւ արցախցիների ցավն իրենց ցավն է, սատար կանգնել արցախցիներին։
Առաջին հերթին դիմում եմ արցախցի այն գործարարներին, ովքեր երկար տարիներ հաջողված բիզնես ծրագրեր են ունեցել Արցախում, իհարկե, որոշ արտոնություններով։ Ժամանակն է, որ իրենք առաջինը գան եւ իրենց հայրենակիցների կողքին կանգնեն, եթե չեն ուզում փողոցներում տեսնել զոհվածների ընտանիքներին։ Սա ոչ միայն սոցիալական խնդիր է, այլեւ բարոյական։ Ժամանակն է համախմբվելու եւ միասին լուծելու մեր օրվա խնդիրները։
Կարդացեք նաև
Նաեւ կոչով եւ խնդրանքով դիում եմ ՀՀ նախկին նախագահներին՝ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին։ Երկար տարիներ նրանք ղեկավարել են ՀՀ-ն եւ վստահ եմ, որ իրենք ունենք այն կապերը, ինչը կարող է նպաստել, որպեսզի արցախցիների խնդիրները թեթեւացնենք, մեղմացնենք։ Բոլորս էլ գիտակցում ենք, որ օրվա իշխանությունների մեկ օր մնալը հավելյալ խնդիրներ է ստեղծելու մեզ բոլորիս համար։
Եվ նաեւ դիմում ենք մեր հայ բարերարներին՝ Գագիկ Ծառուկյանին, Սամվել Կարապետյանի ընտանիքին, դիմում ենք Սփյուռքում ապրող մեր հայ սրտացավ հայրենակիցներին՝ սատար կանգնելու եւ միասին լուծելու առկա խնդիրները»,- հավելեց նա։
Նժդեհ Իսկանդարյանն ասաց, որ վերջին օրերին հանդիպումներ է ունեցել պայթյունի հետեւանքով զոհվածների ընտանիքների հետ, որոնց ընտանիքները բաղկացած են 2 կամ 3 անձից։ Այս ընտանիքները որեւէ աջակցության ծրագրից չեն օգտվում, եւ, Նժդեհ Իսկանդարյանի խոսքով, այդ մարդիկ հայտնվելու են փողոցում։ Այս ընտանիքների համար որեւէ աջակցության ծրագիր չի գործում, իսկ բնակապահովման ծրագրի շրջանակներում փոքր կազմով ընտանիքները չեն կարողանում բնակարան ձեռք բերել։ Ընդհանրապես բնակապահովման ծրագրով սահմանված գումարները, նրա խոսքով, չեն համապատասխանում բնակարանների շուկայական արժեքին։
Մանրամասները՝ տեսանյութում
Հարցին, թե ինչո՞ւ են դիմում նախկին նախագահներից Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, բայց առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին չեն դիմում, Նժդեհ Իսկանդարյանը պատասխանեց․ «Չմոռանանք, որ մենք ունեցել ենք եւս մեկ նախագահ՝ Արմեն Սարգսյանի մասին է խոսքը։ Հաշվի առնելով Լեւոն Տեր-Պետրոսյանի առողջական վիճակը, դրանով պայմանավորված ես իր անունը չտվեցի։ Իսկ ինչ վերաբերում է՝ ումից ինչ սպասելիքներ ունենք, ես իմ խոսքում նշեցի, որ առաջինը պետք է օժանդակեն այն արցախցիները, ովքեր տարիներ շարունակ արտոնություններ ու հաջողված բիզնեսներ են ունեցել։ Սա գաղտնիք չէ։ Եվ այս մամլո ասուլիսի նպատակն առաջացել է մեր հայրենակիցների հետ հանդիպումներից հետո, որովհետեւ արցախցիները շատ լավ հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանից ու այսօրվա կառավարությունից մեծ սպասելիքներ չկան եւ հույսը դնում են իրենց հայրենակիցների վրա»։
Հարցին, թե ինչո՞վ են զբաղված Արցախի պատգամավորները կամ մյուս պաշտոնյաները, Նժդեհ Իսկանդարյանը պատասխանեց, որ չնչին հնարավորություններն առաջ են քաշում, որպեսզի արցախցիների խնդիրները լուծեն եւ վերադարձի հարցը բարձրացնեն միջազգային ատյաններում։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարը Նժդեհ Իսկանդարյանի ֆեյսբուքյան էջից